Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Արցախից ժամանող քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:
Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար: