ՖՈՏՈ. Լուսագյուղի կանանց կարած քնապարկերը՝ զինվորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Լուսագյուղի կանայք այս օրերին մի կողմ են թողել իրենց գյուղատնտեսական աշխատանքները եւ զբաղված են սահմանին կանգնած զինվորի համար քնարապարկ կարելով:

Լուսագյուղի բնակչուհի Նելլի Ղուլյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ քնապարկ կարելու եւ դրանք սահման ուղարկելու նախաձեռնությունն իր փեսացուինն է՝ Ռուսլան Ղուլյանինը: Ռուսլանը պատերազմի մասին լսելուց հետո վերադարձել է Ռուսաստանից՝ սահման գնալու մտադրությամբ, առայժմ սահմանին նրա ներկայությունը խիստ անհրաժեշտ չէ, եւ Ռուսլանն էլ որոշել է այսկերպ օգտակար լինել սահմանին կանգնած զինվորին:

«Սկզբնական թիմում աշխատել ենք ես, նշանածս (խոսքը փեսացուի՝ Ռուսլան Ղուլյանի մասին է-Ս.Հ.) եւ իր քույրը՝ Ռուզաննան. միասին սկսեցինք նյութեր գտնել, կարի մեքենաներ հավաքագրել, ծնողներս օգնեցին, Լուսագյուղի գյուղապետ Սարիբեկ Կարապետյանը եւս օգնեց մեզ. տարածք տրամադրեց» ,- պատմեց Նելլին:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ քնապարկ կարելու համար մասնագետներ են ներգրավվել Երեւանից, Էջմիածնից. «Գնացել ենք Երեւան եւ տեսել ենք, թե ինչպես են կարում, ինչ է անհրաժեշտ»: Ապա նկատեց, որ քնապարկերը կարում են գյուղի կանայք՝ կամավորության սկզբունքով: Իսկ քնապարկի համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման  նախնական ֆինանսավորում իրականացվել է Հայաստանում բնակվող մի խումբ հայերի կողմից, որից հետո այս գաղափարը դուր է եկել Կազանի հայերին, իրենք միացել են և սկսել են ֆինանսավորել՝ Նարվիկ Առաքելյանի գլխավորությամբ:

Զրույցի ընթացքում Նելլին շտապեց տեղեկացնել, որ քնապարկերի առաջին խմբաքանակը վաղը ճանապարհ կընկնի: Մեզ հայտնի դարձավ, որ երկու օրվա ընթացքում Լուսագյուղում հասցրել են կարել շուրջ 70 քնապարկ: «Այս պահին շարունակում ենք կարի մեքենաների հավաքագրումը, աստիճանաբար ընդլայնվում ենք: Հիմնական նպատակը ոչ միայն եղել է, որ մենք կարողանանք ինչ-որ բան անել զինվորների համար մեր գյուղի շրջանակում, այլ օրինակ դառնանք հարեւան գյուղերի, քաղաքների համար: Թող իրենք էլ ոգեւորվեն ու վարակվեն, իրենք էլ կարող են համախմբվել եւ օգտագործել իրենց ներքին ռեսուրսները եւ դրանով օգնել սահմանին կանգնածներին»,- նկատեց Նելլին:

Ղուլյանների նոր ստեղծվող ընտանիքը հույս ունի, որ կարողացել է փոքր-ինչ թեթեւացնել պետության հոգսը. քնապարկի համար նախատեսված գումարը Հայաստանի կառավարությունը կարող է օգտագործել զենք, զինամթերք գնելու նպատակով:
«Քնապարկը զինվորի համար անհրաժեշտություն է, այժմ դա կարող է ապահովել թիկունքը: Մեր նախաձեռնության նպատակներից մեկն էլ այն է, որ այս ամենը շարունակվի նաեւ պատերազմից հետո, մենք նույնը կարողանանք անել սահմանին կանգնած մեր էրեխեքի համար, որովհետեւ քնապարկը միշտ էլ անհրաժեշտ է եղել: Բավականին հաճույքով, ոգեւորված են գյուղի կանայք… նպատակը բոլորին է ոգեւորել: Առանց հանգստանալու աշխատում են»,- փոխանցեց Նելլին՝ ընդգծելով, որ պատրաստ են նաեւ մյուս գյուղերում թիմ հավաքել եւ այս ամենը անել:

Քնապարկ կարող կանացից մեկը՝ Լիլիյա Սեփխանյանը, ArmLur.am-ին պատմեց, որ ինքը ունի սահմանին նախկինում կռված զինվոր որդիներ եւ այս նախաձեռնությանը միացել է՝ մաս կազմելու համար հայրենիքի պաշտպանին օգտակար լինելու գործին:

«Ինքս երեք տղա եմ բանակ ճանապարհել, սահմանամերձ գյուղում եմ ծնվել, ապրել, կրակոցների ձայնին սովոր եմ, գիտեմ զինվորի մայրերի ապրումները: Զինվորների թիկունքին կանգնած ենք, ինչով պետք է, կարող ենք օգնել, զինվորի թիկունքն ուժեղ է: Այստեղ բոլոր կանայք էլ ոգեւորված են կարում, ուրախ են, որ ինչ-որ բանով պետքական են պետությանը»,- ArmLur.am-ին պատմեց Լիլիյա Սեփխանյանը՝ նկատելով, որ ինքը կանանց միանում է երեկոյան, երբ աշխատանքից վերադառնում է:
Ապա նշեց, որ գյուղի կանանց միացել են նաեւ երիտասարդ աղջիկները: Բացի այս, մեր զրուցակցից տեղեկացանք, որ քնապարկեր կարողների մեջ մայրեր կան, որոնց տղաները այս պահին ռազմաճակատում են:

Ի տարբերություն թշնամու մայրերի, որոնք ամեն կերպ իրենց որդիներին հեռու են պահում մարտերից, հայ մայրերը ոչ միայն պատրաստակամ ճանապարհում են իրենց որդիներին սահման, այլեւ մայրական հոգատարությամբ մտածում են նրանց կենցաղային հոգսերի եւ կարիքների մասին:

#Հաղթելուենք

Սյունէ Համբարձումյան




Լրահոս