ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է Արցախում տեղի ունեցող մարտերի, միջազգային հանրության լռության, ինչպես նաեւ պատերազմի դաշտից բանակցության սեղան վերադառնալու շուրջ: Պատգամավորը վստահ է, որ պաշտանական բանակը այս պահին կատարում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները, ու հաղթանակն առաջիկայում մերն է լինելու:

 

-Պարո՛ն Մանուկյան, պատրաստվո՞ւմ եք առաջնագիծ մեկնել: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորեց բոլորին գնալ եւ պայքարել հանուն հայրենիքի անկախության:

-Այս հարցն ավելորդ է, քանի որ չկա մեկը, ով պատրաստ չէ: Ես երեկ եմ իմ կամավոր ընկերների մոտից եկել, բոլորը շատ ոգեւորված են ու պատրաստ են պայքարել մինչեւ վերջ:

-Ի՞նչ իրավիճակ էր սահմանին: Ի՞նչ տեսաք, լսեցիք: 

-Ինձ ասացին ռմբակոծությունների մասին, բայց տղաները հիմնականում զբաղված էին օգնելու առաջին գծի տղաներին եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել մեր հայրենիքը, մեր սուրբ հողը:

-Մենք նաեւ կռվում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի վարձկանների դեմ. դա փաստ է, իրողությունը կա, բայց, կարծես թե, միջազգային հանրությունը հստակ չի խոսում, որ մենք իսկապես կռվում ենք ահաբեկիչների դեմ: Ինչո՞ւ: 

-Ես լավ չեմ հասկանում հանրությանը: Պետք է իրենք հստակ ասեին: Ամբողջ պատմության ընթացքում մենք կռվել ենք ահաբեկիչների, վարձկանների դեմ: Միշտ թուրքերն ունեն իրենց բաշիբոզուկների տակտիկան, նրանց առաջ գցեն: Դա է իրենց տակտիկան:

-Ո՞վ է իրենց լռեցնելու: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորեց կրակը դադարեցնել, քանի ուշ չէ: Ո՞վ պետք է լռեցնի Թուրքիային եւ Ադրբեջանին:

-Մեր սպաները, մեր գեներալները, զինվորները ցույց կտան՝ ինչպես պետք է դա արվի. ես ոչ մի կասկած չունեմ: Ինչպես Սարդարապատում ենք ցույց տվել, այնպես էլ այսօր ցույց կտանք, թե ոնց են սատկացում բաշիբոզուկներին, դրանց տերերին, դրանց տերերի տերերին: Ամբողջ Ադրբեջանը դարձել է մի բաշիբոզուկ թուրքերի համար: Էրդողանը պատրաստ է մինչեւ Ադրբեջանի վերջին  զինվորը  մեր դեմ կռվելուն:

-Դժգոհություն կա, որ մենք համապատասխան չենք պատասխանում Ադրբեջանին. քանի օր շարունակ իրենք թիրախավորել են Շուշին ու Ստեփանակերտը, խաղաղ բնակիչներին: Ի՞նչ կասեք:

-Ես այդ դժգոհողներին, խնդրում եմ, վստահել  ռազմական գիտելիքներ, կրթություն ստացած մարդկանց եւ չասել, թե որտեղ ինչ է պետք գցել, որտեղ ինչպես կռվել: Ինչով կասեն, դրանով էլ կկռվենք: Ուզում եմ բոլորս հասկանանք, որ  պատերազմ է, եւ դրա ղեկավարները զինվորականներն են, իրենք են ասում, թե մենք ինչ անենք, եւ մենք, առանց մեր ենթադրությունների, թե ոնց լավ կամ վատ կլիներ, մենք պետք է լսենք զինվորականներին:

-Խոսքը խաղաղ բնակչության մասին էր, քանի որ իրենք թիրախավորել են խաղաղ բնակիչներին: Մենք ունենք զոհեր եւ վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում:  Ի՞նչ կասեք:

-Հանգստությունն ու պատասխանատվությունը մեր գեներալների, զինվորականների եւ որոշում կայացնողների վրա է: Ես վստահեցնում եմ Ձեզ, որ իրենք իրենք գործը կատարյալ, փայլուն  ձեւով անում են:

-Մշտապես նշվում է, որ ՀԱՊԿ չենք դիմում, ռուսների օգնությանը  չենք դիմում: Արդյոք պե՞տք է այս պահին դիմել նրանց օգնությանը:

-Կրկնում եմ՝ մենք պետք է վստահենք մեր ղեկավարությանն ու հրամանատարներին. ուրիշ անելիք չունենք: Մենք պետք է լսենք, թե իրենք ինչ են անում: Մենք պետք է զինվորի նման կատարենք իրենց ասածը: Ես էդպես եմ տրամադրված եւ կարծում եմ, որ պատերազմական իրավիճակներում այդպես պետք է անել: Այս ապհին հաղթանակ է պետ, եւ այդ հաղթանակը կերտվում է, եւ դա արվում է զինվորականների կողմից, եւ ես վստահ եմ, որ այդ հաղթանակն արդեն կա: Ցանկացած գործ՝ փոքրից մինչեւ մեծ, գլխում է կայանում, հետո նոր իրականության մեջ: Բոլորը իրենց փորձից կարող են ասել: Մենք մեր հաղթանակն արդեն ունենք, մնում է համապատասխանենք իրականությանը  մեր հոգուն, ոգուն եւ մտքին:

-Ո՞ր ձեւաչափով մենք պետք է որոշենք նստել բանակցությունների սեղանի շուրջ:

-Ճիշտն ասած, ես  միջազգային հարաբերություններում չեմ խորանում, հատկապես՝ այդ իրավիճակում: Վստահ եմ, որ կապիտուլացիան ստորագրելուց մենք մեր պայմանները, խաղաղությունը կթելադրենք: Դա շատ կարեւոր է, որ  մենք խաղաղությունը թելադրենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՄԻԵԴ-Ը ՍՏԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով ընդդեմ Թուրքիայի միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի պահանջը: «Դատարանը Հայաստանից ստացել է ընդդեմ Թուրքիայի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջը»,-հայտնել է դատարանը: Գործակալության զրուցակիցը չի պարզաբանել, թե կոնկրետ երբ կդիտարկվի պահանջը: Համաձայն դատարանի պրակտիկայի՝ պահանջը կարող է դիտարկվել մի քանի օրվա ընթացքում: 

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը եւ շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր եւ Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»,-ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Սա 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման համար ՀՀ երկրորդ պահանջն է: Ավելի վաղ Երեւանը նման պահանջ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի:

Նման խախտումները կանխելու նպատակով եւ 39-րդ կանոնին համապատասխան ՄԻԵԴ-ը Ադրբեջանին եւ Հայաստանին խնդրել է խուսափել որեւէ միջոց, այդ թվում ռազմական գործողություններ կիրառելուց, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներին, այդ թվում՝ նրանց կյանքին ու առողջությանը սպառնալիքների ստեղծմանը:

 

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ: Ավելի վաղ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի եւ խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Նշվել էր, որ ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետեւանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի եւ սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաեւ ՀՀ զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման եւ Արցախի դեմ օգտագործման փաստեր:

 

 

ՉԻ ԶՐՈՒՑԵԼ

Երեկ լրագրողները ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 27-ից մինչեւ այժմ չի զրուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, այնինչ արդեն երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պեսկովն ասել է, թե այդ հեռախոսազրույցները կատարվում են՝ անհրաժեշտությունից ելնելով եւ երկրների ղեկավարների հարմար լինելուց: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է Թուրքիայի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ:

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

Ռուսական Լս-96-300 ինքնաթիռը, որը ներառված է «Ռուսաստան» հատուկ թռիչքային ստորաբաժանման մեջ, ժամանել է Երեւան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հայտնի չէ, թե ով եւ ինչ նպատակով է հոկտեմբերի 5-ին այդ չվերթով ժամանել Երեւան: «Ռուսաստան» հատուկ ստորաբաժանումն ապահովում է երկրի պաշտոնատար անձանց, Ռուսաստանի հատուկ ծառայությունների եւ Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների տեղափոխումը եւ ենթարկվում է նախագահի աշխատակազմին:

 

 




Լրահոս