ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Սենատոր Բոբ Մենենդեզին (Դեմոկրատ, Նյու Ջերսի), որը հեղինակել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակը, որով կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին եւ Թուրքիային տրամադրվող օգնությունը:

 

«Մենք ողջունում ենք Սենատոր Մենենդեզին եւ նրա գործընկերներին՝ բարձր մակարդակներում Միացյալ Նահանգների ավելի մեծ ներգրավվածության, Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող անվտանգության ամեն տեսակի աջակցության կասեցման եւ Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքի ու մատակարարումների դադարեցման կոչ անելու համար»,-ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրոպական Միությունը, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, Գերմանիայի կանցլեր Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ այլք հորդորել են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում են իրենց արշավը՝ ընդդեմ հայ ժողովրդի»,-շարունակեց Արդունին: «Առնվազն պետք է ամբողջությամբ իրագործվի Ազատության աջակցության ակտի 907 բանաձեւը: Մենք վարչակազմին վճռական գործողություններ ձեռնարկելու կոչ ենք անում: Կյանքեր են վտանգված»:

«Քանի որ հնարավոր է, որ այս հակամարտությունը կլանի տարածաշրջանը եւ ներգրավի այլ արտաքին դերակատարների, անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն օգտագործի իր դիվանագիտական լծակները անհապաղ կրակի դադարեցում ապահովելու համար»,-ասվում է նամակում:

Սենատոր եւ փոքրամասնությունների առաջնորդ Չարլզ Շումերի (դեմոկրատ, Նյու-Յորք), ինչպես նաեւ սենատորներ Քորի Բուքերի (դեմոկրատ, Նյու Ջերսի), Բոբ Քեյսի կրտսերի (դեմոկրատ, Փենսիլվանիա), Դիկ Դուրբինի (դեմոկրատ, Իլինոյս), Էդ Մարքիի (դեմոկրատ, Մասաչուսեթս), Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան), Ջեք Ռիդի (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Դեբի Սթաբենուի (դեմոկրատ, Միչիգան), Էլիզաբեթ Ուորենի (դեմոկրատ, Մասաչուսեթս), Շելդոն Ուայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) եւ Քրիս վան Հոլենի (դեմոկրատ, Մերիլենդ) կողմից ստորագրված նամակում մասամբ հայտարարված էր նաեւ, որ Թուրքիայի կողմից «Ադրբեջանի գործողություններին անվերապահ աջակցությունը զգալի էսկալացիա է եւ իր սահմաններից դուրս Թուրքիայի ագրեսիվ պահվածքի եւս մեկ վրդովեցնող օրինակ»:

Նամակը պետքարտուղարին հորդորում էր.

1) «Վերակենդանացնել Մինսկի խումբը» եւ առաջարկել անցկացնել 2001թ.-ի Key West խաղաղության բանակցությունների պես հանդիպում,

2) անհապաղ «դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ամեն տեսակի աջակցություն»՝ վկայակոչելով նրա ագրեսիան եւ մարդու իրավունքների արձանագրությունը,

3) «համոզել Թուրքիային անհապաղ դուրս գալ հակամարտությունից» կամ «անհապաղ դադարեցնել ռազմական տեխնիկայի վաճառքն ու մատակարարումը Անկարային»,

4) կիրառելով Պետքարտուղարի գրասենյակի հզորությունը՝ «նպաստել այս սարսափելի բռնության խաղաղ կարգավորմանը եւ հնարավորինս շուտ կողմերին վերադարձնել սեղանի շուրջ»:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

 

 

ՄԻՆԳԵՉԱՈՒՐԻ ՋԷԿ-ԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողություններից հետո՝ մինչեւ այժմ, շատ է նշվում այն մասին, որ հայկական կողմը պետք է հակառակորդին լռեցնի՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելով: Ջրամբարն այն օբյեկտներից է, որը բավականին արծարծվում է հակամարտության համատեքստում, մասնավորապես՝ լարվածության շրջանում:

Ի՞նչ հետեւանքներ կունենա ջրամբարի աղետը: Այն տեղակայված է Կուր գետի վրա՝ Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում՝ շփման գծին բավականին մոտ: Ըստ Ադրբեջանի մասնագետների՝ աղետի դեպքում Մինգեչաուրից սկսած Կուր գետի ամբողջ ավազանը կմնա ջրի տակ: Այս ուղղությամբ տեղակայված են ադրբեջանական մի շարք խոշոր բնակավայրեր: Ջրի տակ կարող է հայտնվել նաեւ ներկայիս շփման գծի ադրբեջանական հատվածը, որտեղ տեղակայված է մեծ քանակությամբ զինուժ եւ տեխնիկա: Աղետի հետեւանքով ադրբեջանական ուժերը կկտրվեն թիկունքից, եւ շփման գիծը կտեղափոխվի Կուր գետից վեր հատված: Ջրամբարը կառուցվել է մոտ 70 տարի առաջ եւ մի քանի անգամ հայտնվել վթարային վիճակում:

Մինգեչաուրի ջէկը բաղկացած է 8 էներգաբլոկից, ընդհանուր հզորությունը 2600 ՄՎտ է: Այն արտադրում է ամբողջ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի  մոտ 45 տոկոսը: Չնայած փորձագետներն ասում են, որ Ադրբեջանը այլընտրանքային եւ վերականագնվող էներգիայի աղբյուրների պոտենցիալ ունի, ինչպիսիք են հողմային եւ արեւային էլեկտրակայանները, 2016-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում արտադրված էլեկտրաէներգիայի միայն 10 տոկոսն է ստացվել նշված աղբյուրներից:

Այլ կերպ ասած,  Միգեչաուրի ջրամբարի պատվարին հարվածելով՝ հայկական զինուժը ոչ միայն կարող է մթության մեջ թողնել Ադրբեջանն ու կաթվածահար անել հակառակորդի բանակը, այլեւ ջրամբարի 16,1 խկմ ջրերի տակ թողնել կուրարաքսյան դաշտավայրը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:

 

 

ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՎԱՔՎԵԼ Է

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում երեկ հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա, հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ֆրեզնոյի քաղաքապետարանի շենքի մոտ, այնուհետեւ շարժվել դեպի «Ռիվեր փարք»՝ մեծարելու պատերազմի դաշտում ընկած հայ զինվորներին։

«Այստեղ ենք զոհված զինվորներին, նրանց ընտանիքներին ու առաջնագծում կանգնած զինվորներին աջակցություն ցույց տալու համար։ Մենք այստեղ ենք, մենք ձեր հենասյունն ենք»,-ասել են մասնակիցները:

 

 

ԽԱՂՈՂԸ ՄԹԵՐԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ

Տավուշի մարզի որոշ բնակիչներ համացանցում  գրել են, թե Բերդի տարածաշրջանում խաղողը հավաքելու խնդիր կա, տղամարդիկ սահմանին են, խաղող հավաքող չկա, աջակիցներ են հարկավոր, խաղողի այգիների տերերը պատաստ են խաղողաքաղին աջակցողներին վճարել։ Այդ գրառումը կատարողներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին  հայտնեց, որ իր  խաղողի այգետերը հայտնել է, որ իրեն օգնելու համար 10 մարդու կարիք կա, ինքը եւ իր ընկերները նրան կօգնեն կամավոր, առանց վարձատրության։ Այս խնդրի վերաբերյալ Բերդի տարածաշրջանի բնակիչները  հայտնեցին, որ խնդիրը  ոչ այնքան խաղողի բերքը հավաքելու համար աշխատուժի պակասի, այլ  հավաքված  բերքի մթերման հետ է կապված։ Խաղողի բերքն այս տարի առատ է եղել, մթերող կազմակերպությունները, մասնավորապես՝ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, ընդունում են միայն այգետերերի հետ կնքված պայմանագրերով նախատեսված քանակի խաղող։  Մթերող կազմակերպությունենրը տեխնիկական հնարավորություններ, մեծ տարողություններ չունեն պայմանագրերով նախատեսված քանակից ավելի խաղող մթերելու։ Բերդի տարածաշրջանի բնակիչները հայտնեցին, որ խաղողի բերքը հավաքելու հետ կապված խնդիրն ուռճացված է, գյուղացիները, սովորույթի համաձայն,  հարազատներով, ընկերներով, միմյանց օգնելով, բերքը հավաքում են։ Խնդրի վերաբերյալ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ հողօգտագործման բաժնի վարիչ  Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ  այս տարի մարզում ընդունվել է գրեթե 5 հազար տոնննա խաղող, խաղող են մթերում Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը եւ քիչ  քանակությամբ՝ Բերդի տարածաշրջանում  գորոծող «Էկոգարդեն»  ընկերությունը եւ Բերդավանի գինու գործարանը։ Խաղողը մթերվել է կիլոգրամը 155 դրամով։ Վ. Սուքոյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը  Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի հետ պայամանավորվածություն  է ձեռք բերել, որ  խաղողի այգիների տերերի հետ կնքված պայմանագրերով նախատեսված խաղողն ընդունելուց հետո  պայմանագրերից դուրս, հավելյալ քանակի խաղողը կընդունեն։ Սուքոյանը հայտնեց, որ խաղողաքաղի համար աշխատուժի պակասի դեպքում կան կամավորեր, որոնք պատրաստ են աջակցելու այդ գործին։  Հավելենք, որ խաղողն ունի իր հավաքելու ժամանակը, գյուղացին չի կարող սպասել, այգեկութը հետաձգել, որ հետո  մթերողները բերքը ընդունեն։ Այգետերերը սովորաբար մթերողներին խաղող հանձնում են իրենց  ընտանիքների կարիքների համար խաղող  տանը կուտակելուց  հետո, եւ  հիմա, երբ մթերողները հրաժարվում են պայմանագրից՝ հավելյալ բերքն ընդունելու, գյուղացիները չգիտեն՝ ինչպես տնօրինել այդ  լրացուցիչ քանակությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս