Երեկ իմ տղային ժպիտով ճանապարհել եմ Արցախ՝ հայրենիքի առաջ իր պարտքը կատարելու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, ում հետ զրուցել ենք Արցախում պատերազմական իրավիճակի մասին:
«Մինչեւ իրեն «պավեստկա» տալն էլ իրեն ճղում էր, որ մեկնի առաջնագիծ: Գնացել էր, որպեսզի կամավոր մեկնի, ասել էին՝ գնա, հանգիստ սպասի, քեզ կզանգահարենք, կտեղեկացնենք: Դե, հիմա արդեն գնաց, ինչ ասեմ, Աստված բոլոր զինվորների, բոլոր երեխաների հետ»,-նշում է երգահանը:
Ռուբեն Հախվերդյանի խոսքով՝ նա նույնպես մեծ ցանկություն է ունեցել մեկնելու Արցախ, կանգնելու հայ զինվոի կողքին, բայց գիտակցում է, որ թիկունքում ավելի օգտակար կարող է լինել, քան առաջնագծում: Ըստ նրա՝ օրերս է նոր երգ ձայնագրել՝ ի պատիվ հայ զինվորի, ի պատիվ առաջնագծում կռվող տղաների:
Ռուբեն Հախվերդյանի կարծիքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակման հետեւում կանգնած է համաշխարհային կառավարությունը:
«Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց կողմից սկսված պատերազմի մեջ ներքաշեն Ռուսաստանի Դաշնությանը, բայց Ռուսաստանը եւ Թուրքիան պատերազմում են մեր հողերի վրա, մեր արյան գնով: Այսինքն՝ այն բազառը, որ ռուսներն են տվել, փոխանակ այդ պայմանագրերից խոսենք… Նոր-նոր տեսնում եմ ինչ-որ բաներ, որ ուզում են խոսել: Այն, ինչ այսօր կատարվում է, համաշխարհային պոռնկություն է: Այս պատերազմը Թուրքիայի հետ է, Ադրբեջանն այստեղ ընդամենը խայծ է: Մենք փաստացի այսօր կռվում ենք թուրքերի հետ, որի թիկունքում կանգնած է ՆԱՏՕ-ն»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Ռուբեն Հախվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցի վերջում առաջնագծում մեր վաղվա ազատ օրվա համար մարտնչող տղաներին կոչ է անում նայել մահվան աչքերին եւ երբեք չերկնչել թշնամու առաջ:
«Ամենակարեւորն այս օրերին՝ չկորցնեն հումորի զգացողությունը, ինչը շատ դրական ազդեցություն է ունենում նրանց հոգեվիճակի վրա: Ես նկատում եմ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շատ դրական, հումորով նախագահ է եւ շատ ճիշտ մարտավարություն է վարում եւ, ամենակարեւորը, այս ամենին նայում է ժպիտով»,-հավելում է երգահանը:
Հավելենք, որ Արցախի եւ Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծում հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: ՊԲ-ն հետեւում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին եւ պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Այս պահին արցախաադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ
Պատերազմական այս օրերին հայրենիքի նկատմամբ իրենց պարտք են կատարում նաեւ մի շարք հայտնի մարդիկ, ովքեր, բացի մարդասիրական օգնությունից, զենք են վերցրել եւ մեկնել առաջնագիծ:
Երգիչ Արսեն Սաֆարյանն այս մասին հայտնել է ընդամենը մեկ նախադասությամբ. «Մենք գնացինք»: Իսկ մեկնաբանություններում Արսեն Սաֆարյանն օգտագործել է մի շարք հեշեթգեր՝ «ուժեղ Արցախ», «դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան»։
Իսկ, ահա, դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի եղբայրը ՝ Վահան Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է «Բանակում» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում է Մակարյանի կերպարը, որպես կամավոր առաջնագիծ է մեկնել պատերազմի առաջին իսկ օրվանից: Իսկ եղբոր պատրաստակամության եւ խիզախության մասին Վաչե Թովմասյանը մասնավորապես գրել է.
«Երբ ամբողջ օրը շունչդ պահած հետեւում ես բոլոր հնարավոր լուրերին, երբ քուն չկա, մղձավանջ է միայն, թվում է` գիշերվա կեսին դեմդ թռած էս կադրը` Ստեփանակերտի սրտում արված, սիրտդ պիտի կիսի վերջնական, տակնուվրա անի, բայց, արի ու տես, հակառակն է լինում: Ու հենց էդ չեն հասկանում էս փսլնքոտ բորենիները: Ախր, ամեն կորստից մենք ավելի ենք հզորանում, ամեն պայթյունից է՛լ ավելի է ամրանում հայի ոգին, ու նորից նոր օրվա համար էնքան ուժ է գալիս, որ մինչեւ վերջին օրն էլ կհերիքի… իրանց վերջին, իսկ մերը` երբեք, մենք դատապարտված ենք հաղթելու ու հաղթելու ենք: Սիրտս ախպորս մոտ է, խնդրել եմ կտոր-կտոր բաժանի բոլոր իմ տղեքին իր կողքի: Խոնարհված մեր հին ու նոր հերոսների առաջ, հոգիս փռած մեր սահմանին` ասում եմ` ուժեղ ենք, քան երբեւէ»,-գրել է նա:
Կամավոր սահման են մեկնել նաեւ երգիչներ Արաբո Իսպիրյանը, Ռազմիկ Ամյանը: Կամավոր առաջնագիծ մեկնելու ցանկություն էր հայտնել նաեւ դերասան, շոումեն Աղաս Մանուկյանը, ում թեեւ չի հաջողվել մեկնել սահման, բայց դերասանն այժմ հանդես է գալիս մարդասիրական տարբեր նախաձեռնություններով:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
20 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Հրավիրված 30 ֆուտբոլիստներից հավաքին միացել են 20-ը: Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հովհաննես Համբարձումյանը: Առայժմ հավաքականին չի միացել նաեւ Արշակ Կորյանը, ով ջերմություն ունի: Նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին: Նրա՝ հավաքականին միանալու հարցը պարզ կդառնա ավելի ուշ: Ալեքսանդր Կարապետյանը եւ Խորեն Բայրամյանը կմիանան հավաքին այսօր երեկոյան, Գեւորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը եւ Գեղամ Կադիմյանը՝ այսօր գիշեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան: Հոկտեմբերին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում:
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ի, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան – Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը:
ՊԱՐՏՎԵՑ «ՏՈՏԵՆՀԵՄԻՆ»
Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 1։6 հաշվով պարտվեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ 1986 թվականից հետո առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց Պրեմիեր լիգայի առաջին 2 տնային հանդիպումներում: Նախորդ տնային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:3 հաշվով պարտվել էր «Քրիսթալ Փելասին»: «Տոտենհեմը» 7 միավորով 5-րդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 3 խաղից հետո 3 միավորով 16-րդ տեղում է։
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ
Անգլիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ պարտություն կրեց 2։7 հաշվով։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի կրած խոշոր հաշվով պարտությունը:«Հավատու՞մ եմ նրան, ինչ տեղի ունեցավ: Այո՛, ես դա տեսա: «Աստոն Վիլան» շատ լավ հանդիպում անցկացրեց, նրանք ֆիզիկապես ավելի լավ մարզավիճակում էին: Մենք շատ մեծ սխալներ թույլ տվեցինք եւ պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,-ասել է Կլոպը:
Նախորդ անգամ լիվերպուլյան թիմը 7 գոլ բաց է թողել 1963թ. ապրիլին Լոնդոնի «Տոտենհեմից»։ Խաղը դարձյալ ավարտվել էր 2։7 հաշվով: