Լուսանկարն արվել է Ստեփանակերտում
Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից մինչեւ այժմ էական վնասներ են հասցվել նաեւ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին: Երեկ ադրբեջանական գործողություններից կրկին վնասներ է կրել քաղաքը:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ինչպես է իրականացվում օտարերկրյա բուհերից տեղափոխությունը:
Հայկուհի Մարտիրոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով:
Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետություն վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես են բնութագրվում անավարտ (կիսակառույց) շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանները:
Համլետ Պետրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Պետրոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում անավարտ (կիսակառույց) շինությունները գույքահարկով հարկման նպատակով ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության` 2003 թվականի մայիսի 29-ի N 645-Ն որոշմամբ, համաձայն որի՝
ա) շինությունները համարվում են մինչեւ 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը եւ միջհարկային ծածկը: Գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը` 0.5,
բ) շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) եւ տանիքը: Գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը` 0.7,
գ) շինությունները համարվում են 80 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման եւ հարակից աշխատանքները: Գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը` 1.0:
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ, համաձայն «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հողի հարկ վճարողներ են հողի սեփականատերերը եւ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները, իսկ վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից: Հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: