ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:
Էմանուել Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հրադադար կնքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ այսօր երեկոյան կամ վաղը։ Այս մասին AFP-ին հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Կենտրոնանում ենք այսօր երեկոյան կամ վաղը խաղաղության հասնելու ուղղությամբ, սակայն ամեն ինչ դեռ հուսալի չէ»,- գործակալությանն ասել են Ելիսեյան պալատից։
Նշվում է, որ Ֆրանսիայում նման եզրահանգման են եկել նախագահ Էմանուել Մակրոնի՝ հինգշաբթի երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուրբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո։
Իսկ Պաշտպանության բանակը հայտնում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները: Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում: Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:
Մանրամասները՝ տեսանյութում: