Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արցախին եւ Պաշտպանության բանակին աջակցելու նպատակով շոու բիզնեսի ներկայացուցիչները քաղաքացիների հետ հավաքում եւ համակարգում են Հայաստանի տարբեր անկյուններից եկող չոր սնունդը, դեղորայք, տաք հագուստ ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Ակցիան սկսել են Գարիկ Պապոյանն ու Ռաֆայել Երանոսյանը, որոնց անմիջապես միացել են Արամ MP3-ն, Գրիգոր Դանիելյանը, Գրիգ Գեւորգյանը, Սոնա Ռուբենյանը, Լուիզա Ներսիսյանը, Բոննին, Զիրոյանն ու էլի շատ հայտնիներ:
ArmLur.am-ը նախաձեռնության հեղինակներից դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ զրուցել է նախաձեռնության նպատակի, շարունակական բնույթ կրելու եւ այլ հարցերի մասին:
«Այսօր մեր ժողովուրդն ավելի քան երբեւէ համախմբված է: Հնարավորինս ամեն ինչ փորձում ենք հավաքել, գնել մեր տղաների համար, որպեսզի ուղակենք դիրքեր: Ամեն ձեւ փորձում ենք թիկունքից օգտակար լինել մեր կռվող տղաներին: Հասկանում ենք, գիտենք, որ կռիվ է, պատերազմ, եւ գիտենք, թե առաջնագծում նրանց առաջնային ինչ է պետք:
Մենք առաջին իսկ օրվանից աշխատում ենք Պաշտպանության եւ Առողջապահության նախարարությունների հետ, ինչ անհրաժեշտ է միասին փոխհամագործակցության շրջանակներում ձեռնամուխ ենք լինում հավաքելու: Այնուհետեւ հավաքվածն ուղարկվում է Պաշտպանության նախարարության պահեստներ եւ այնտեղից էլ դիրքեր: Փորձում ենք հնարավորինս ազգովի օգտակար լինել սահմանում կանգնած մեր տղաներին»,-նշում է Ռաֆայելը:
Ռաֆայել Երանոսյանի խոսքով նա պատերազմի առաջին իսկ օրվանից կամավորագրվել է, որպեսզի մեկնի առաջնագիծ:
«Որպես կամավոր՝ իմ անունը գրված է զինկոմիսարիատում, երբ անհրաժեշտություն լինի մեկնելու առաջնագիծ ոչ անուն-ազգանուն են հաշվի առնելու, ոչ էլ ուրիշ մի բան, քանի որ դա արդեն կյանքի, հողի եւ հայրենիքի պաշտպանության հարց է, իսկ այս պահին մեր անհրաժեշտությունը չկա, այնտեղ աշխատում է մեր պրոֆեսիոնալ բանակը, երբ պետք լինի քանակ, իսկ ես քանակ եմ, ուրեմն իմացեք, առաջինը ես եմ կանգնած»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Մեր զրուցակիցն առաջնագծում կանգնած մեր տղաներին մաղթում է անառիկություն եւ դուխ, քանի որ համայն հայությունը կանգնած է նրանց կողքին:
Լիդա Եղիազարյան