Մտադիր է կարգավորել. փոփոխություններ՝ ընդերքի մասին օրենսգրքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է կարգավորել օգտակար հանածոյի արդյունահանման համար անհրաժեշտ հողհատկացման հետ կապված խնդիրները:

Մեզ հայտնի դարձավ, որ առաջարկվում է ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների վերագնահատման պահանջը սահմանել 2021 թվականից հետո հաստատված պաշարների համար: Պարզվում է, որ հանքավայրերի մակերեսների հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որի պատճառով էլ ներկայումս առաջանում են հողհատկացման հետ կապված խնդիրներ: Ըստ նախարարության՝ դրանք խոչընդոտում են օգտակար հանածոների պաշարների վերագնահատման եւ հաստատված պաշարների ողջ ծավալով արդյունահանման իրականացման գործընթացներին:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունն առաջարկում է կառավարությանը փոփոխել Ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը եւ շարադրել հետեւյալ կերպ. Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար՝ անկախ հայցվող իրավունքի տեսակից, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուի դեպքում՝ ավարտվել են, մյուս դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչեւ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը:

Պարզվում է, որ շատ հաճախ լինում են դեպքեր, երբ երկրորդ (կամ երրորդ եւ ավելի) դիմած դիմումատուի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացությունը ստացվում է ավելի շուտ, քան առաջինը դիմումատուինը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը կտրամադրվի հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար՝ մինչեւ 3 տարի ժամկետով եւ առանց երկարաձգման հնարավորության:

Ս.Հ.




Լրահոս