Ինչ են ենթադրում Արցախյան հարցի կարգավորման հիմնարար սկզբունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության,  և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայտնելով  հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Միևնույն ժամանակ նշվեց, որ կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

Բացի այս երկու կետերից փաստաթղթում ամրագրված են բանակցություններ սկսելու ձևաչափերը:

«3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Իսկ ինչ է սա ենթադրում.

«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախարարները 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ: Հիմնարար սկզբունքները պարունակում են փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման  սկզբունքների վրա: Հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ենթադրում են` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի  վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն»:

Իսկ ահա բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը ենթադրում է, որ Թուրքիան չի կարող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մասնակցել բանակցություններին, ինչպես ցանկանում էր Ադրբեջանը, սակայն Արցախը ևս չդարձավբանակցային կողմ:

Ն.Հ.




Լրահոս