ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Մոսկվայում երեք երկրների արտաքին գործերի նախարարների որոշմանը, կարծիք հայտնեց, թե երեկվա որոշումներով շանս է առաջացել հասնել եթե ոչ խաղաղության, գոնե զինադադարի:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայտնելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Միևնույն ժամանակ նշվեց, որ կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
«Շանս կա հասնելու գոնե զինադադարի եւ ավելի լավ է այդպես, քան ոչ մի կերպ: Սադրիչները, եթե կրկին հայտնվեն, վերջնաարդյունքում սկսելու են կրակել ընկածների ու գերիների ուղղությամբ: Այդ մասին պետք է հստակ իմանալ եւ նրանք չպետք է լինեն՝ ոչ մի երկրի կողմից», – նշեց նա:
Հանձնաժողովի ղեկավարը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն այսպես ցույց է տվել իր քաղաքական կամքը, իսկ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ իրականացրել այն: «Հիմա գլխավոր պատասխանատվությունը կոնֆլիկտի կողմերի վրա: Ծանրը դեռ առջևում է՝ համաձայնեցնել կրակի դադարեցման հստակ պարամետրերը, կազմակերպել գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակումները եւ վերջապես նստել բանակցությունների սեղանին: Սակայն միանշանակ գովելի է, որ տաս ժամից ավել բանակցություններից հետո հնարավոր եղավ համաձայնության գալ և դադարեցնել արյունահեղությունը», – հավելեց նա:
Հավելենք, որ երեկ ընդունված փաստաթղթում ամրագրված են բանակցություններ սկսելու ձևաչափերը: «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։
Ն.Հ.