Երեկ հայկական եւ միջազգային լրատվամիջոցների գլխավոր նորությունը Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումն էր, որի արդյունքում 11 ժամ տևած բանակցություններից հետո երեք նախարարները հայտարարություն տարածեցին՝ հայտնելով, թե մարդասիրական նպատակներով կրակի դադարեցում կլինի` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Միևնույն ժամանակ նշվեց, որ կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
Այսպիսով, ինչպես են միջազգային լրատվամիջոցներն արձագանքել նախարարների հանդիպմանը.
Ռուսական լրատվամիջոցները հանդիպումը լուսաբանում էին ուղիղ եթերում՝ պարբերաբար հայտնելով այս կամ այն նախարարի դուրս ու ներս անելու մասին:
Ռիա Նովոստի-ն նկատում է, որ վերջին 20 տարիների ընթացքում այս հանդիպումն ամենաերկարատևն է եղել, նաեւ հավելում, որ քննարկումն անցկացվել են լրիվ փակ ֆորմատով եւ պատվիրակությունների անդամներից ոչ ոք չի շփվել լրագրողների հետ: Ռուսական լրատվամիջոցը պարբերաբար հաղորդել է, որ դեռ հանդիպումը շարունակվում է, ապա հանդես եկել որոշման վերաբերյալ մի քանի հրապարակումներով:
NTV-ն ևս մի քանի հրապարակում է ունեցել հանդիպման արդյունքների մասին՝ հրապարակելով հայտարարության տեքստը, ապա ներկայացնելով հանդիպման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակետը:
Tass գործակալության գլխավոր երկու լուրերը վերաբերում են հանդիպմանն ու ընդունված որոշմանը: Ավելին, այդ լուրերը կայքում հայտնվել են ամենաընթերցվածների թվում: Գործակալությունն իր հոդվածներից մեկում նկատում է, որ սպասել են տաս ժամից ավելի եւ էկրանին պարբերաբար ցուցադրվել են կադրեր բանակցությունների համար նախատեսված սրահից, սակայն ոչ ավելին:
Հանդիպման արդյունքներին անդրադարձել է նաև BBC-ն՝ հայտնելով, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են հրադադարի: Reuters-ն էլ իր հոդվածում նկատում է, որ հրադադարի որոշում կայացվեց միայն Մոսկվայի միջամտությունից հետո:
Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հրապարակել են միայն եզրափակիչ հայտարարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում