
Երեկ Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայտնելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Այս պահից սկսած հումանիտար հրադադարը ուժի մեջ մտավ:
Ըստ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության՝
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։