Ֆրանսիայում շաբաթ օրը նոր կորոնավիրուսով վարակվածության օրական ցուցանիշը հասել է այդ երկրի համար ռեկորդային մակարդակի՝ 26 896 մարդ: Այս մասին են վկայում Առողջապահության նախարարությանն առընթեր գործող Sante publique France գործակալության հրապարակած մշտադիտարկման տվյալները:
Նախօրեին ցուցանիշը դարձյալ ռեկորդային էր՝ գերազանցում էր 20,3 հազար վարակվածները: Եվ սա այն դեպքում, երբ նույնիսկ կարանտինի ընթացքում պիկի ժամանակ այն չի գերազանցել 8 հազարը: Այժմ Ֆրանսիայում վարակվածների թիվը ամբողջ ժամանակաշրջանի համար կազմում է 718 873 մարդ:
Համավարակի ժամանակ մահացել է 32 684 պացիենտ, ընդ որում, հիվանդանոցներում՝ 21 852-ը:
24 ժամվա ընթացքում գրանցվել է 54 մահաբեր ելք: Դրական թեստերի ցուցանիշը այժմ կազմում է 11%: Նախօրեին այդ ցուցանիշը մեկ տոկոսով քիչ էր, իսկ մեկ շաբաթ առաջ կազմում էր 7-8%:
Անցած 7 օրերին երկրում հոսպիտալացվել է 4 999 մարդ, նրանցից 928-ը գտնվել է վերակենդանացման բաժանմունքներում:
Ներկա պահին երկրում կա հիվանդության տարածման 1 446 օջախ, որոնցից 282-ը՝ ծերանոցներում: Մեկ օրում հայտնաբերվել է վիրուսի 99 օջախ: COVID-19-ի տարբեր մակարդակի վտանգավորության գոտիներ են ճանաչվել երկրի 101 դեպարտամենտներից 70-ը: