Հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Սուրբ Պատարագի ավարտին, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց խաղաղության մասնավոր աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը պետք է վերառաքվեր նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։
Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթեցին՝ հայցելով, որ Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զորականներին։ Ներկաներն իրենց հայցը բարձրացրեցին առ Աստված նաև վիրավորների ապաքինման, նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։
Մինչ աղոթքի արարողությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը բերեց ներկա ժողովրդին։