Հայաստանում հրեական համայնքը սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի առաջին օրերից նամակներով դիմել են Իսրայելի կառավարությանը և ամբողջ աշխարհին։ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը՝ նշելով, թե հայ ժողովրդի կողքին են և փորձում են օգնել։
«Մենք նամակ ենք ուղարկել Իսրայելի կառավարությանը՝ կապված իրենց կողմից Ադրբեջանին զենք վաճառելու և առհասարակ այդ երկրին պաշտպանելու հետ։ Վերջին նամակն ուղարկել ենք հոկտեմբերի 5-ին, սակայն դեռ որևէ պատասխան չենք ստացել։ Բացի այդ, մենք կազմակերպում ենք ֆինանսական աջակցություն Արցախին եւ տարբեր ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի», – նշեց նա։
Տիկին Վարժապետյանի խոսքով, իրենցից կախված ամեն ինչ արել են՝ Արցախին օգնելու եւ Իսրայելի իշխանություններին իրենց պահանջը հասցնելու համար։ Նշենք, որ այսօր ևս ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր տվյալներ, որոնք կրկին վկայում էին Թել Ավիվից Ադրբեջան ուղարկվող ռազմական օգնության մասին։
Իսկ ինչ վերաբերում է Իսրայելում հայկական համայնքին, ապա օրեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Նա պաշտոնական նամակ էր ուղարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ դադարեցնելու համար Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը: Նամակի օրինակը ուղարկել էին նաև Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցին, Քնեսեթի խոսնակին և արտաքին գործերի նախարարին:
Ն․Հ․