Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հենց առաջին օրվանից հանրությունը, կարծես թե, մոռացավ Հայաստանն ու աշխարհը փոթորկած կորոնավիրուսի մասին, մինչդեռ վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության եւ, առավել եւս, բժշկական ոլորտի համար: Ու ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք մեզ նետված այդ մարտահրավերի, աներեւույթ թշնամու եւ պատերազմի այդ առաջնագծի մասին: Հայտնի է, որ թշնամու անմարդկային գործողությունների հետեւանքով ունենք շատ վիրավորներ: Վերջին օրերին Հայաստանի եւ Արցախի բժիշկների թիվ մեկ պարտականությունն ու խնդիրը, կարծես թե, դարձավ հենց վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելը: Իսկ ՀՀ քաղաքացիները պետք է, լավ գիտակցելով իրավիճակը, ոչ թե մոռանան վարակի մասին, այլ ամեն ինչ անեն, որպեսզի բժշկական համակարգը չծանրաբեռնվի: Ինչո՞ւ ենք մոռացել կորոնավիրուսի դեմ պայքարելու տարրական կանոնների մասին եւ անգամ դիմակ չենք կրում: Այս օրերին փողոցներում, հասարակական վայրերում, անգամ հանրային տրանսպորտում եւ դպրոցներում մարդկանց մեծամասնությունը դիմակ չի կրում, այնինչ դա ամենատարրական ու միաժամանակ ամենաարդյունավետ միջոցն է կորոնավիրուսի արհավիրքի դեմ պայքարելու համար: Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով նոր վարակակիրների թվերը շարունակ աճում են. հոկտեմբերի 1-ին Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 491 դեպք, հոկտեմբերի 2-ին՝ 532 դեպք, հոկտեմբերի 3-ին՝ 543 դեպք, հոկտեմբերի 4-ին՝ 571 դեպք, իսկ այսօր էլ՝ 406 դեպք: Այս թվերը պետք է ազդակ լինեն հանրության համար, որպեսզի պահպանեն տարրական կանոնները եւ գոնե փակ վայրերում բացառապես դիմակով լինեն:
Երեկ «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ իրավապահները գործողություններ են իրականացրել նրա եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում: Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում հայտնի միջադեպի գործով: Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, թե Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երեւանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարեւանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Եվ, ահա, հուլիսին արված հայտարարության հետքերով 2 ամիս անց խուզարկություն է իրականացվել, եւ, բնականաբար, անպտուղ: «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ իր աղբյուրներից տեղեկացավ, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Դե, իհարկե, եթե նույնիսկ որեւէ արգելված իր կամ նախաքննությանը հետաքրքրող ինչ-որ բան լիներ Սուքիասյանների մոտ, 2 ամսից ավելի ժամանակ ունեին թաքցնելու, հեռացնելու, հետքերը մաքրելու համար: Ու հիմա հարց է առաջանում՝ ինչու են իրավապահները, լուրջ գործերը թողած, «թիթեռ նկարում»՝ ձեւացնելով, թե գործ են անում:
Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Մասնավորապես, նրանք կոչ արեցին ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ Նշենք, որ Հայաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը եւ շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին, իր եւ Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել՝ ընդդեմ Թուրքիայի, եւ, ահա, այն բավարարվեց: Իհարկե, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներն առհասարակ շատ կարեւոր են, այս անգամ էլ եւս, սակայն նկատենք, որ սա միայն հայտարարություն է եւ այս պահին գործնականում ոչինչ չի տալու, եւ ՄԻԵԴ որոշումը մնալու է հայտարարությունների մակարդակում: Թուրքիան կարող է դառնալ պատասխանող կողմ, եթե միայն նրա դեմ հայց ներկայացվի Եվրոպական դատարան, սակայն այս պահին նման որոշում առկա չէ: Այսինքն՝ կրկին հայտարարություն եւ ուրիշ ոչինչ:
Երեկ Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստ հրավիրեց եւ որոշում կայացրեց 100 միլոն դրամ փոխանցել Արցախին աջակցելության համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ երեկվա նիստից մեկ օր առաջ էլ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն էր օնլայն տարբերակով նիստ հրավիրել եւ քննարկել այդ հարցը: Եվ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Լեւոն Հովհաննիսյանն է տեղեկացրել, որ քաղաքապետարանը ցանկանում է 100 միլոն դրամ փոխանցել Արցախին աջակցելու համար: Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները միանշանակ կողմ են քվեարկել առաջարկին: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գումարը սկզբնական շրջանում այլ բանի համար էր նախատեսված եղել: Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետարանը պետք է հատուկ նիստ հրավիրեր, որը վերաբերելու էր Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, որտեղ պետք է նաեւ Երեւանի պատվավոր կոչումներ տրվեին տարբեր անձանց, որոնց անունները դեռեւս հայտնի չեն: Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ տոնակատարությունը չի կայանալու, եւ, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց այդ գումարը քաղաքային իշխանությունները որոշել են փոխանցել Արցախին: Դրան կողմ են եղել Երեւանի ավագանու բոլոր անդամները: