ՌՈՒՍԱՍՏԱՆ ԶԱՆԳԵԼԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է Արցախում ընթացող պատերազմի վերաբերյալ միջազգային հանրության այն տեսակետներից, որ ՀՀ-ն պետք է դիմի ՀԱՊԿ-ին անվտանգությունն ապահովելու համար: Մեր զրուցակցից փորձել ենք պարզել, թե ինչ տեղեկություն ունի ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի հեռախոսազրույցների վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւանում ԵԱՏՄ երկրների նիստ անցկացնելու մասին:

 

-Պարո՛ն Սանդիկով, արդեն 10 օր է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ Արցախը պատերազմում է: Միջազգային հանրության կողմից դեռեւս լռություն ենք նկատում: Որպես իշխանության ներկայացուցիչ՝ Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց աշխատանքը: Բավարար համարո՞ւմ եք:

-Այսօր պայքարում է ամբողջական թուրքական ահաբեկչական բյույթ կրող ընդվզումների դեմ, որը շատ մտահոգիչ է ոչ միայն արցախյան հարցի տարածաշրջանի համատեքստում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: Սա տարածաշրջանում կարող է լինել ընդամենը մեկնարկը այն թուրքական ագրեսորական  ընդվզումների, որոնք հղի կլինեն շատ վատ զարգացումներով դեպի հյուսիս եւ արեւելք: Միջազգային հանրության արձագանքը բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ դիվանագիտական ոլորտում, կարծեք թե, առաջին ծիլերը տալիս են, տեղաշարժեր կան, առաջին երկների ղեկավարների մակարդակով դատապարտում են Թուրքիայի գործողությունները: Բնականաբար, այո՛, շատ հարցերում այդ դիրքորոշումները կարող ենք համարել թույլ, ոչինչ չասող, բայց, ամեն դեպքում, մենք պետք է հասկանանք, որ ուղիղ հրաման կամ գործողությունների կոչ նույնպես սպասել հնարավոր չէ: Այստեղ ամենակարեւոր շեշտադրումը, որ պետք է արվի, դատապարտումն է. Թուրքիայի անմիջական ռազմական օգնությունն ու  սադրիչ գործողություններն անընդունելի են: Իսկ ինչ վերաբերում է Արցախի եւ Ադրբեջանի  միջեւ պայքարին այլ հավասար պայմաններում՝ առանց Թուրքիայի անմիջական միջամտության, բնականաբար, ռազմական կոնֆլիկտը չէր լինի:

-Ինչ սկսվել է պատերազմը, հանրությունն ասում է, որ մենք պետք է դիմենք  ՀԱՊԿ-ի օգնությանը: Ինչո՞ւ մենք չենք դիմել, թե՞ պետք չէ. գուցե ուշացե՞լ ենք, այլեւս մեզ չե՞ն լսելու: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն՝  այս հարցի հետ կապված:

-Ցավոք, բայց մեր ֆեյսբուքյան հանրությունը շատ հաճախ վարակաբանից դառնում է հրամանատար: Համոզվա՛ծ եղեք, մեր ռազմական, ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ պատկերացնում է իր անելիքները, իր առջեւ դրված խնդիրները, եւ պատեհ պահին, եթե դրա անհրաժեշտությունը կա, դիմումներին համապատասխան ընթացք կտրվի:  Կարծում եմ՝ այս դիսկուրսը սոցցանցերում վարել, թե ինչու կոնկրետ այս զենքը չի  կիրառվում, կոնկրետ  ինչու այս ինքնաթիռը չի թռնում, կամ այս կառույցին չեն դիմում, դա պատեհ չէ. ո՛չ հիմա տեղն է, ո՛չ էլ դրա մասին խոսելու ժամանակն է: Հիմա պահն է կոնսոլիդացվելու, եւ ամենքս մեր ուժերի, մեր հնարավորությունների չափով  սատար կանգնելու մեր սահմանին կանգնած զինվորներին:

-Երեկ նաեւ թեժ քննարկվեց, թե ովքեր են Ռուսաստանից եկել, թե ինչ պաշտոնյաներ են. գուցե մեզ օգնության համա՞ր են եկել, կամ ինչ-որ գաղտնի բանակցություննե՞ր են վարվում: Դուք այս հարցի հետ կապված տեղեկություն ունե՞ք:   

-Ըստ տեղեկությունների՝ դա հոկտեմբերի 9-ին նախատեսվող ԵԱՏՄ շրջանակներում միջկառավարական բարձրաստիճան նիստի նախապատրաստական աշխատանքներն են: Այնտեղ էլ կոնտեքստ կա, որը պետք է հաշվի առնել. եթե ԵԱՏՄ երկրների բարձաստիճան այրերը երկրի ղեկավարի մակարդակով  նման թեժ պահին գալիս են եւ Երեւանի կենտրոնում նիստ են անցկացնում, պատկերացնո՞ւմ եք դրա արձագանքը: Այդ բոլոր երկրների պաշտոնական ալիքների հանրային արձագանքը: Եվ սա եւս մեկ շատ մեծ հարթակ է, որտեղ պետք է հնչեցնել եւ դատապարտող ելույթներ ունենալ Թուրքիայի հասցեին:

-Ըստ Ձեզ՝ կլինե՞ն այդպիսի ելույթներ:

-Կապրենք, կտեսնենք, բայց կարծում եմ՝ մեր գործընկեր երկրները անմասն չպետք է մնան տիրող իրավիճակից եւ իրենց գնահատականը հնչեցնելուց:

-Նաեւ թեժ քննարկվեց այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ մի քանի հեռախոսազրույցներ են արդեն տեղի ունեցել: Նշվում է, որ արդեն 5 անգամ պարոն Փաշինյանը զանգահարում է Պուտինին: Սա ի՞նչ հարց է, արդյոք պե՞տք էր զանգել, կամ ի՞նչ պետք է ակնկալել այդ զանգերից: Ինչո՞ւ է այդպես թեժ քննարկվում ու քննադատվում այդ հանգամանքը:

-Զանգելու տրամաբանությունը, միանշանակ, հասկանալի է, որովհետեւ Ռուսաստանը, չմոռանանք, որ մեր ռազմական դաշնակիցն է, սահմանապահ զորքերի առկայությունը, բոլոր ֆակտորները հաշվի առնելով՝ շատ զարմանալի եւ տարօրինակ կլիներ, որ այդ զանգերը տեղի չունենային:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԵԱՏՄ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Երեկ սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանից կառավարական ինքնաթիռի վայրէջք կատարելը Հայաստանում:  ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը միայն հայտնեց, որ Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են, եւ դրա շրջանակներում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր:

 

ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը: Մենք տեղեկացրեցինք, որ ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցը նախատեսված է հենց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա Երեւանում, եւ հիմա մայրաքաղաքում ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները:

Սակայն նշենք, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ոչ միայն ՌԴ վարչապետն է գալու Հայաստան: Նախատեսված է, որ այդ օրը Հայաստան են ժամանելու ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը եւ Ղրղզստանի վարչապետ Կութաբեկ Բորոնովը: Սա միջկառավարական խորհրդի հերթական նիստն է, եւ այս երկրների՝ Հայաստան ժամանելն ըստ էության կապ չունի Արցախում սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմի հետ:

Իսկ ի՞նչ է սպասվում այդ օրը. նկատենք, որ խորհրդի վերջին նիստը հուլիսին անցկացվել էր հեռավար կարգով, սակայն դրանից հետո որոշում էր կայացվել արդեն Երեւանում նիստն անցկացնել առերես: Միեւնույն ժամանակ հավելենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն ասել էին, թե Երեւան գալու որոշումը կընդունեն՝ կորոնավիրուսով պայմանավորված, սակայն Երեւանում ընթացող նախապատրաստական աշխատանքները վկայում են, որ նիստը կկայանա, եւ վարչապետները կգան Հայաստան:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԵՏԱՁԳԵԼ Է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՊԿ-ը հետաձգում է հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված զորավարժությունները. այս մասին հայտնել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ Կազմակերպությունը անցած ամիս հայտարարել էր, թե նախատեսում է աշնանը Հայաստանում միանգամից երկու զորավարժություն անցկացնել՝ «Արագ արձագանքման հավաքական ուժերի» եւ հետախուզական ստորաբաժանումների: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վարժանքների ընթացքում կազմակերպության անդամ պետությունների արագ արձագանքման ուժերը նախատեսում էին մշակել եւ նախապատրաստել Կովկասյան տարածաշրջանում սահմանամերձ ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ գործողություններ։ «Այժմ կազմակերպության անդամ պետությունների հետ քննարկվում են այդ վարժանքների անցկացման ժամկետներն ու վայրը»,-ասել է Զայնետդինովը։

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Հիշեցնենք, որ Ուլիխանյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ. հոկտեմբերի 2-ին: Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, եւ ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը, վճռականորեն կասեցվելու է»:




Լրահոս