«Ոչ թուրքական ապրանքներին»․ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում: Ի դեպ, այս նպատակով նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը: «Ֆլոռմառ» ընկերությունը եւս հայտնվել է թուրքական ապրանքների դեմ բոյկոտի ցուցակում: Իսկ ինչպես հայտնի է՝ «Ֆլոռմառ»-ը թուրքական բրենդ է: «Ֆլոռմա» ընկերության տնօրեն Արթուր Հովսեփյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին փոխանցեց.
«Ես իրականում որպես հայ համաձայն եմ այդ ամեն ինչի հետ, բայց այլ հարցեր կան. մինչեւ պետական մակարդակով այդ հարցը արգելվի, բոլորն էլ կներկրեն: Ես ինքս նախաձեռնել եմ, որ երեք ամիսների մեջ այն բրենդը, որը թուրքական չէ, բայց ինչ որ մի մասը Թուրքիայում է արտադրվում, փոխարինվի ոչ թուրքական ապրանքով: Ես դրան կհասնեմ մոտ երեք ամիս հետո: Այսօրվա դրությամբ ես միանգամից չեմ կարող հանել, քանի որ ես 30 տոկոսով կտուժեմ: Մինչեւ պաշտոնապես չարգելվի, ես չեմ փակի այդ խանութները… աշխատողներ ունեմ», – նշեց նա:
Նրա խոսքով, այս իրավիճակով պայմանավորված, ներմուծումը կանգնած է: «Նախ՝ կորոնավիրուսի պատճառով չէինք կարողանում մեր վաճառքի ծավալներն ապահովել, հիմա էլ պատերազմը սկսվեց, շատ ավելի դժվարացավ: Թուրքական բրենդ միայն «Ֆլոռմառ»-ն է, բայց մենք ունենք իսպանական, կանադական, ամերիկյան ծագման ապրանքներ: Մենք արդեն սկսել ենք գործընթացը, ուղղակի քըրթ կտրել, չի լինի: Բայց պետք է հետեւողական լինենք, եթե մենք իրականում որոշում ենք, որ դա պետք է լինի, ապա պետք է բոլոր վնասները հաշվարկվեն, գնահատվեն, հետո հասկանանք դրա ալտերնատիվ տարբերակը որն է, որտեղից ներկրենք: Այդ ամեն ինչը հասկանանք, նոր կտրենք»,- պարզաբանեց «Ֆլոռմառ»-ի ներկայացուցիչը:
Սյունէ Համբարձումյան