«Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգ վաճառելը ոչ մի դեպքում Հայաստանի դեմ ուղղված քայլ չէ»,- դեռեւս 2018 թվականի դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն էր արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոն այդ ժամանակ հիշեցրել էր, որ նա հայկական կողմին եւս առաջարկել է համալիրը գնել, բայց նրանք հրաժարվել են:
Սակայն Բելառուսի նախագահի հայտարարությունից երկու տարի անց ականատես ենք լինում, որ Բելառուսի նախագահի հայտարարությունները իրականություն չդարձան, եւ սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների ժամանակ հենց Ստեփանակերտի ուղղությամբ է կիրառվել «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգը:
Նշենք, որ 2018թ.-ի ամռանը հայտնի էր դարձել, որ Բելառուսը Ադրբեջանին է վաճառել «Պոլոնեզ» համակարգ։ Սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ստացել է «Պոլոնեզ»-ի նոր խմբաքանակ։
Եվ, ահա, այս հայտարարություններից երկու տարի անց ինչո՞ւ Բելառուսի նախագահի հայտարարություններն իրականություն չդարձան: Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Օլեգ Գայդուկեւիչը ArmLur.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Բելառուսի նախագահը սպառազինությունը վաճառելիս չէր կարող ենթադրել, որ այն այդպիսի հետեւանքներ կարող էր ունենալ:
«Զենք վաճառվում է ամբողջ աշխարհով մեկ: Եթե անգամ մենք չվաճառեինք, նա կարող է այն ձեռք բերել այլ երկրներից, այդ թվում՝ ՌԴ-ից: Իսկ Բելառուսը սպառազինություն է վաճառում բոլորին ամբողջ աշխարհով մեկ, եւ նաեւ այն բոլոր երկրներն են այդպես վարվում, որոնք զենք են արտադրում: Իհարկե, այն ժամանակ, երբ այդ զենքը վաճառվում էր, մենք չէինք էլ կարող ենթադրել այն, ինչ կատարվում է հիմա: Այսքան տարի ամեն ինչ արվում, որ այդ հարցը լուծվեր խաղաղ ճանապարհով, եւ հիմա էլ բոլորս պետք է կենտրոնանանք միայն դրա վրա», – նշեց նա:
Սակայն Բելառուսի խորհրդարանի պատգամավորը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս օրերին տարածվող խոսակցություններն այն մասին, թե Բելառուսը շարունակում է այս ընթացքում սպառազինություն տրամադրել Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, նրա խոսքով՝ Արցախում տեղի ունեցող իրադարձություններից հետո պետք է հետեւություններ անել:
«Իհարկե, հետեւություններ կարվեն, սակայն հիմա վաղ է խոսել այն մասին, թե արդյոք հետագայում Բելառուսը կվաճառի Ադրբեջանին սպառազինություն, թե ոչ: Ես չեմ այդ որոշումները կայացնում, սակայն իմ տեսակետն այն է, որ պետք է բոլոր այս տեղի ունեցածից հետո հետեւություններ արվեն», – հավելեց նա:
Միեւնույն ժամանակ պատգամավորը վստահեցրեց, թե Բելառուսը մշտապես կարեւոր է Հայաստանին որպես գործընկեր, եւ իրենք շատ են անհանգստանում Արցախում ընթացող պատերազմի մասով եւ ամեն ինչ կանեն խաղաղ հանգուցալուծման համար: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, թե այնպես չէ, որ Բելառուսը պաշտպանում է միայն Ադրբեջանին:
«Հայ ազգը եղբայրական ազգ է, մենք միշտ զարգացրել ենք այն: Հայաստանի հետ տարբեր կառույցների անդամ ենք, եւ, իհարկե, Բելառուսի վրա պետք է հույս դնել: Այն, որ Բելառուսը հարաբերություններ է հաստատում այլ երկրների հետ, չի նշանակում, որ դա ինչ-որ մեկի դեմ է: Մենք երբեք ինչ-որ բաներ չենք անում մեկի համար, ընդդեմ մեկի եւ երբեք չենք դավաճանում ընկերներին: Դա նաեւ պատմությունն է ցույց տալիս, եւ հայ ազգը կարող է մշտապես հույս դնել մեզ վրա եւ ակնկալել մեր օգնությունը»,- եզրափակեց նա:
Ինչեւէ, Ադրբեջանի գործողությունները ցույց տվեցին, որ այդ երկրին վստահել չի կարելի, եւ իսկապես Բելառուսը եւ Ադրբեջանին զենք վաճառող մյուս երկրները պետք է անհրաժեշտ հետեւություններն անեն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ՕՂԱԿՆԵՐԸ
Արցախում պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում պետական կառավարման բոլոր օղակները. այս մասին հավաստիացնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` ընդգծելով, որ թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն եւ արհեստավարժ կերպով կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաեւ պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո»,-նշել է Հարությունյանը։
ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր էսկալացիայի գլխավոր նախաձեռնողն է: «Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր»,- ասել է Ասադը: Բացի այդ, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ապօրինի զինված կազմավորումների, զինյալների տեղափոխման մասին հաղորդումների կապակցությամբ: Ռուսական կողմից ստացած տեղեկատվության համաձայն` մասնավորապես Սիրիայից եւ Լիբիայից ապօրինի զինված խմբավորումներ են տեղափոխվում այնտեղ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար: Սիրիայի առաջնորդի խոսքով` Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչների է օգտագործել, Լիբիայում նույն մեթոդներն է կիրառել:
13 ՏՈՆՆԱ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայի տարբեր քաղաքներից 13 տոննա բեռ է ուղարկվել Հայաստան՝ դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այս մասին տեղեկացրել է ֆրանսիական Auvergne-Rhne-Alpes շրջանի ղեկավար Լորան Վոքիեն։ «Մենք խոստացել էինք երբեք չլքել Հայաստանին ու Արցախին: Վերահաստատում եմ՝ մենք ձեզ միայնակ չենք թողնի»,- գրել է նա։
ԵԱՀԿ-Ն՝ ՀԱՐՄԱՐ ՁԵՎԱՉԱՓ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում երկարատեւ զինված բախումների կապակցությամբ, որոնք զոհերի թվի ավելացման են հանգեցնում, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Լեհաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնում տուժածներին եւ նրանց ընտանիքներին: «Մենք կոչ ենք անում հետեւել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այդ թվում` զինված բախումներից տուժած խաղաղ բնակիչներին պաշտպանելու պարտավորությանը: Համոզված ենք, որ ռազմական գործողությունները հակամարտության լուծման չեն հանգեցնի: Դրանք նաեւ սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Այս համատեքստում մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, որոնց նպատակն է կողմերին համոզել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ խաղաղ բանակցություններ սկսել: ԵԱՀԿ-ն հարմար ձեւաչափ է տարածաշրջանային երկխոսության համար եւ գործիքներ ունի լարվածության դեէսկալացման համար»,- նշվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
ԺԱՄԵՐ ԱՆՑ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի սկսած լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց: ՀՀ ԱԳՆ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից լայնամասշտաբ գրոհ սկսելու պաշտպանության բանակի տեղեկությանը: Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ երեկ՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր եւ մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր եւ հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի հարավային ուղղությամբ: Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։ Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար: Հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: