Արթուր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2001թ. փետրվարի 1-ից մինչեւ 2019թ. հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Կապան քաղաքի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ տնօրենի պաշտոնը, կազմակերպության կանոնադրությամբ օժտված լինելով կազմակերպության ընթացիկ գործունեությունը կազմակերպելու եւ ղեկավարելու, կազմակերպության կողմից իրականացված գործառույթների հետ կապված հաշվետվությունները կազմելու եւ հաստատելու լիազորություններով, կատարել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով գումարի վատնում:
Այսպես, Արթուր Բաղդասարյանը, Կապան համայնքի ղեկավարի՝ 25.02.2001 թվականի թիվ 3 կարգադրությամբ նշանակված լինելով նշված ՀՈԱԿ տնօրեն, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի 1-ին կարգի մասնագետ Դավիթ Դավթյանի հետ՝ ձեւականորեն որպես ՀՈԱԿ աշխատակից հրամանագրելու եւ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու միջոցով ՀՀ աշխատանքային օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված՝ աշխատանքի վարձատրության հաշվարկման եւ վճարման գործընթացում առաջացող իրավական արգելքները հաղթահարելու առումով խոչընդոտները վերացնելու եղանակով իր հանցավոր մտադրությամբ ընդգրկված արարքներին օժանդակելու վերաբերյալ, 2013թ. սեպտեմբերի 2-ի թիվ 2Ա հրամանով եւ ամենամյա վերակնքված, 01/09/2014թ., 01/09/2015թ., 01/09/2016թ., 01/09/2017թ. աշխատանքային պայմանագրերով Դավիթ Դավթյանին ընդունել է աշխատանքի որպես ֆիզիկական պատրաստականության մարզիչ, ինչից հետո հաստատապես տեղյակ լինելով վերջինիս՝ աշխատանքի չհաճախելու եւ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու փաստերի մասին՝ Դավիթ Դավթյանի համար առանց աշխատանք կատարելու, եկամուտներ եւ ֆինանսական առավելություններ առաջացնելու շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաեւ իր անմիջական ենթակայությամբ աշխատող եւ իր կողմից ներկայացված՝ Դավիթ Դավթյանի աշխատանքի հաճախելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալների արդյունքում առաջացած բարեխիղճ մոլորության ազդեցությամբ անզգուշությամբ գործող նույն ՀՈԱԿ-ի գործավար Գոհար Գեւորգի Հովհաննիսյանի կողմից լրացված /միջնորդավորված կատարում/ փաստաթղթերը ստորագրությամբ հաստատելու եղանակով ամբողջականությունը ապահովելով՝ կազմել եւ շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրեր, հիմնական աշխատավարձի, այդ թվում՝ ամենամյա արձակուրդի համար, եւ աշխատավարձում ներառվող այլ վճարների՝ վերջնահաշվարկ եւ այլն, հաշվարկման վերաբերյալ հաշվապահական փաստաթղթեր, որոնցում ներառել է Դավիթ Դավթյանի կողմից աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով աշխատանքի ներկայանալու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող, իրականությանը չհամապատասխանող տվյալներ:
Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանը, օրենքով սահմանված կարգով իր լիազորությունները պատշաճ իրականացնելու պարագայում աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չհաստատելու եւ առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայացող ու իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարող Դավիթ Դավթյանին աշխատանքից ազատելու փոխարեն, պաշտոնեական դիրքը եւ իր իրավասությունից բխող հնարավորությունները օգտագործելով, վերը նշված կեղծ պաշտոնեական փաստաթղթերն ուղարկել է «Կապանի հաշվապահական ծառայությունների կենտրոն» ՀՈԱԿ, որտեղ էլ դրանց հիման վրա հաշվարկված աշխատավարձը ներկայացրվել է վճարման, ինչի արդյունքում մինչեւ 2018թ. հունիսի 19-ի թիվ 3 Ա հրամանով աշխատանքից ազատելը Դավիթ Դավթյանին վճարվել է ՀՀ համայնքային բյուջեից հատկացված 5.455.986 ՀՀ դրամ, ինչը ստացվել եւ տնօրինվել է վերջինիս կողմից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վերջին օրերին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնք հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին: Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում եւ լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում: Խնդրում ենք, զգո՛ն եղեք: Որեւէ մեկին թույլ չտաք նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը: Պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց պահանջե՛ք դրա մասին հավաստող վկայական ներկայացնել: Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգե՛ք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում դիմե՛ք Ձեզ հյուրընկալած տեղացիներին: Եվ հիշեք՝ պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար հարկավոր է զանգահարել 117, մի՛ վճարեք Ձեզ աջակցություն խոստացող որեւէ անհատի:
ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը. այս մասին նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որեւէ զինատեսակից կրակ չի վարվել: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն՝ անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»,-հայտնել է խոսնակը:
ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐ
«Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվել ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ»,- նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։ «Հետախուզության տվյալներով՝ հակամարտության գոտի են բերվում մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա»-ի, «Ֆիրքաթ Ալ Համզան»-ի, «Սուլթան Մուրադ»-ի, ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկաններ»,-նշված է տարածված հայտարարությունում: Նարիշկինն ընդգծել է, որ խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԱՐԺԵՆ
Արցախում սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հենց առաջին օրվանից, ականատես ենք լինում ամենատարբեր հայտարարությունների: Միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ հայտարարություններ են տարածում, դատապարտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ կրակն անհապաղ դադարեցնելու կոչեր անում:
Սակայն տեսնում ենք, որ այս հայտարարությունների ֆոնին իրավիճակը սահմանին ավելի է լրջանում, եւ փոխանակ Ադրբեջանն ականջալուր լինի գերտերությունների ղեկավարների հայտարարություններին, սկսել է հարվածներ հասցնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին ու Շուշիին, այն էլ՝ խոշոր հրթիռներով:
Ստացվում է՝ անգամ գերտերությունների ղեկավարների կամ տարբեր կազմակերպությունների հայտարարությունները ոչինչ չարժեն, եւ ոչ ոք չի կարողանում զսպել Ադրբեջանի ագրեսիան, այնինչ վերջինիս գործողություններն իրական վտանգի առջեւ են կանգնեցրել տարածաշրջանը:
Ի՞նչ պետք է սպասվի Ադրբեջանին այդ հայտարարություններին չլսելու համար. ի վերջո, նրանք անտեսում են գերտերություններին եւ կազմակերպություններին: Պարզվում է՝ Ադրբեջանի համար դա անգամ լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ: Բանն այն է, որ այդ պետությունների ղեկավարները պաշտոնական կոչերից այն կողմ ոչինչ անել չեն կարող, բացի կուլիսային դիվանագիտություն վարելուց: Օրինակ` որեւէ երկիր կարող է խոսել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների մասին, սակայն դա էլ, կարծես թե, չի ստացվում:
ԵՄ գագաթնաժողովում պատժամիջոցներ չեղան անգամ Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների համար: Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պատժամիջոցներ չեն սահմանել Թուրքիայի դեմ Միջերկրական ծովում նրա գործողությունների համար, ինչպես դա պահանջում էր Կիպրոսը։ Նրանք պայմանավորվել են «հնարավորություն տալ քաղաքական երկխոսության համար»։
Նույն օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
Միայն երեկ պարզ դարձավ, որ Կանադան պաշտոնապես արգելեց թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար բաղադրիչների մատակարարումը: