«Նախ ուզում եմ խոսել պանթուրքիզմի ծրագրի մասին, որ իրենց վաղուցվա երազանքն է: Արդեն քանի դար է՝ ուզում են իրականացնել այդ ծրագիրը, բայց հայ ժողովուրդն իրենց կոկորդին կանգնած է, եւ այս տարածաշրջանում թուրքերի միակ խանգարող հանգամանքն ենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ազգագրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող պատերազմական իրավիճակին:
«Ինձ համար տարածաշրջանում ադրբեջանցին ու թուրքը նույնն են, ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Ժամանակին Գարեգին Նժդեհն էր այդ կռիվը տալիս ամբողջ Զանգեզուրի շրջանում, որի մասին գիտենք պատմական անցյալից, եւ դա մինչ այսօր շարունակվում է, ինչը մեզ համար նորություն չէ:
Սրանք այնքան պետք է անեն, որ մի արիական բռունցք իրենց մռութին ուտեն, որը միշտ էլ կերել են, մինչեւ խախանդվեն, նստեն տեղները: Կարծում եմ՝ գարունը մոտ է, ամեն ինչ լավ է լինելու: Գիտեմ, որ մեր ժողովուրդը բազմիցս տոկացել է, 5000 տարի չեն կարողացել մեր արիական ոգին կոտրել: Թշնամուն չի հաջողվել եւ չի էլ հաջողվելու կոտրել մեզ, քանի որ մենք ամուր ենք, ինչպես մեր լեռները»,- նշում է Ներսիկ Իսպիրյանը:
Երգչի խոսքով՝ այս օրերին առավել ծանր է հատկապես աշխարհի եւ գերտերությունների լռությունը:
«Այստեղ ինձ համար միակ խանգարող հանգամանքը գերտերություններն են, որ աշխարհը մինչեւ հիմա լռում է, չի արձագանքում, բացի օդում խոսելուց, ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկում, ինչպես չի արել 1915 թվականին. երբ միլիոնուկես ժողովուրդ մորթվեց, դարձյալ աշխարհը լուռ էր:
Ճիշտ է՝ լավն էլ կա, չեզոք մնացողն էլ կա, բայց հիմնականում խոսում են, իսկ այդ խոսքը, որ գործնական դարձնեն եւ ուժեղ պատասխան տան Թուրքիային, ապա, կարծում եմ, այդ դեպքում ամեն ինչ կխաղաղվի: Իսկ այժմ ոչ մի գերտերության, իշխանության, ոչ մի երկրի կողմից իրատեսական գործողություն չենք տեսնում Թուրքիային սանձազերծելու համար: Իսկ երբ հանգամանորեն դիտարկում ենք, միայն Ֆրանսիան է միջամտում, մեր կողքին կանգնած է եւ միշտ էլ եղել է հայ ժողովրդի բարեկամը»,-նկատում է նա:
Ըստ Ներսիկ Իսպիրյանի՝ հակառակորդին մի նոր Սարդարապատ է սպասվում, որը հայ ժողովուրդն իր բազկի ուժով պետք է ցույց տա. «Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում իր ատամը ցույց տվեց: Սա էլ նոր Սարդարապատ պետք է լինի, եւ հայ ժողովուրդը պետք է իր բազկի ուժը ցույց տա»:
Մեզ հետ զրույցի վերջում Ներսիկ Իսպիրյանն ընդգծում է, որ հայ ժողովուրդը միանում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերին, մինչեւ վերջին մարտը պետք է պայքարենք, պետք է կռվենք, եւ հավելում է, որ նրա երգն առաջնագծում թշնամու հետ կռիվ տվող զենք է:
«Իմ հոգին իրենց հետ է, ես էլ թիկունքից ինչով կարողանում եմ, օգնում եմ՝ թե՛ նյութական, թե՛ ֆիզիկական»,-հավելում է նա:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԵՐ ՄԻԱԿ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է». ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ
«Հենց այս պահին սպասում ենք Արցախի առաջնագծում մեր սահմանը պահող ընկերուհուս տղային: Այս պահին զերծ կմնամ որեւէ գնահատականներ տալուց, միայն կարող եմ ավելացնել, որ ինչքան էլ այս պահին էմոցիոնալ հոգեվիճակ ունենք, միեւնույնն է, ես բոլորի պես գոտեպնդված եւ համոզված եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը՝ անդրադառնալով Արցախում պատերազմական իրավիճակին:
«Ինձ առնվազն զայրացնում է գերտերությունների, աշխարհի զրո ռեակցիաները, որ տեղի է ունենում Հայաստանից եւ Արցախից դուրս: Հենց այս պահի դրությամբ կարող եմ փաստել, որ այս պահին մեր միակ դաշնակիցը մեր զենքն է, մեր բանակի ամրությունն է, մեր ռազմագիտական պատրաստվածությունն է»,- նշում է դերասանուհին:
Լուիզա Ղամբարյանը մեր մարտիկներին մաղթում է անառիկություն եւ հավելում.
«Փառք ու պատիվ մեր հայոց բանակի փառապանծ զինվորներին, Արցախի քաջորդիներին, Հայաստանից եւ սփյուռքից մեկնած կամավոր տղաներին: Փառք յուրաքանչյուր նահատակվածի եւ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր շարունակում են պայքարել մեր վաղվա օրվա համար»:
Հիշեցնենք, որ անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Սահմանային իրավիճակի մասին առավոտյան նաեւ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է Շուշան Ստեփանյանը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՆՀԱՋՈՂ
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը անհաջող մեկնակրեց Norway Chess մրցաշարում: Առցանց մրցաշարի մեկնարկում Արոնյանն ուժերը չափեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցախաղի առաջին` դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի, իսկ դրան հաջորդած արմագեդոնում հաղթանակ է տոնել Մագնուս Կարլսենը: Մյուս պարտիաներում հաղթանակ են տոնել Կարուանան եւ Ֆիրուջան: Հաջորդիվ Արոնյանի մրցակիցը Տարի Արյանն է:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր ֆուտբոլիստին` Էդիսոն Կավանին: Ուրուգվայի ազգային թիմի հարձակվողը «կարմիր սատանաների» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր: Այլ մանրամասներ հայտնի չեն: Մինչ այս Կավանին հանդես էր գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, որտեղ տեղափոխվեց 2013 թվականին: Ֆրանսիայի բազմակի չեմպիոնի կազմում Կավանին մասնակցել է 301 խաղի, խփել է 200 գնդակ եւ դարձել է 43 գոլային փոխանցման հեղինակ:
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Առաջնությունը պետք է անցկացվեր դեկտեմբերի 9-13-ը Բաքվում, որին հայտ չէր ներկայացրել Հայաստանի ֆեդերացիան։ Մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահը գործկոմի առցանց նիստով առաջնության նոր վայր է դարձրել Թուրքիայի Մերսին քաղաքը։ Հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի ղեկավարած ընտրանին պարապուրդի չի մատնվելու։ Նախատեսվում է Մինսկում նոյեմբերին անցկացնել ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցել Բելառուսի գավաթի բաց խաղարկությանը։ Կհաջորդի մրցաշրջանի վերջին ակորդը. ՌԴ Պենզա քաղաքում դեկտեմբերին տեղի կունենա օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային ավանդական հուշամրցաշարը։
ԱՃԵԼ Է
ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ կազմել է 490.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.55 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 577.29 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 635.81 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.25 դրամ: Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 376.86 դրամ, ոսկին՝ 30.092.17 դրամ, պլատինը՝ 13.993.43 դրամ: