ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՐՋՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին նվիրված հարցի քննարկումը։ Հերթագրված պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Միության ղեկավարությունից պահանջել է պատասխանատվության կանչել Թուրքիային, որն ակտիվորեն հրահրում է հակամարտության բորբոքումը:

 

Օրենսդիրները կրկին կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանին: Խորհրդարանի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայի ներգրավվածությունը եւ նշել, որ Անկարան, մեղմ ասած, չի դրսեւորում Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկրի պահվածք: Միակ խորհրդարանը, որը հանդես է եկել միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ, եղել է Հունգարիայի ներկայացուցիչը:

Իսպանիայի ներկայացուցիչ Խորդի Սոլեն կոչ է արել առաջնահերթ հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, քանի որ դրա անտեսումն է հենց աշխարհի տարբեր երկրներում սկիզբ առած հակամարտությունների պատճառը:

Շվեդիայի ներկայացուցիչ Շարլի Վիմերսը հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցող ողբերգությունը Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Էրդողանի համատեղ բռնապետական նախաձեռնությունն է: Նա նաեւ մեջբերել է Անդրեյ Սախարովի խոսքերը, թե Արցախում ընթացող պատերազմն ամբողջ աշխարհի ժողովուրդների կյանքի եւ մահվան պայքարն է:

Գերմանիայի ներկայացուցիչ Մարտինա Միխելսը պնդել է, որ տարածաշրջանի էսկալացիայի պատճառը Թուրքիայի նկրտումներն են, իսկ Իլհամ Ալիեւը բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին հայ ժողովուրդն է:

Ֆաբիո Մասիմո Կաստալդոն՝ Իտալիայից, նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող գործողությունները բացարձակապես անընդունելի են, եւ Թուրքիայի ներգրավվածությունը պետք է լրջորեն դատապարտվի:

Անդրիու Կուբիլիուսը՝ Լիտվայից, կողմերին կոչ է արել դադարեցնել պատերազմը եւ ասել. «Դուք ոչնչացնում եք ձեր եւ ձեր երեխաների ապագան»: Նա նաեւ հորդորել է խաղաղության հաստատման գործում ներգրավել ԱՄՆ-ին:

Սլովակիայից Ռոբերտ Հայշելը նշել է. «Մինչ մենք քննադատում ենք կողմերին, Թուրքիան շարունակում է զինել ահաբեկիչներին եւ Ադրբեջանին: Այնտեղ մահանում են քաղաքացիներ, հայեր, լրագրողներ: Ռուսաստանն այժմ չեզոք դիրքորոշում է դրսեւորում, Թուրքիան նույնպես պետք է չեզոքություն պահպանի»:

Նատալի Լուսիո, Ֆրանսիա. «Թուրքիան դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք հիմա էլ ներգրավված են այս ամենի մեջ: Ժամանակն է իրենց անուններով կոչել պատմական իրադարձությունները»:

Ալեսանդրո Պանցա, Իտալիա. «Չմոռանանք, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն էր, եւ հենց հայերն էին, որ Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության, եւ հիմա էլ նրանց ինքնորոշման իրավունքն է վտանգված»:

Ռայնարդ Բյուտիկոֆեր, Գերմանիա. «ԱՄՆ-ը չի ակտիվանում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Թուրքիան լարվածությունը թուլացնելու փոխարեն ավելի է սրում այն: ԵՄ-ն ֆորմալ դերակատարում չունի, բայց ո՞վ, եթե ոչ մենք, պետք է նպաստի հակամարտության լուծմանը»:

Մարտին Զոնեբորն, Գերմանիա. «Չնայած կորոնավիրուսն ամբողջ աշխարհում շարունակում է արշավը, Ադրբեջանը միաժամանակ խաղաղ բնակչության դեմ օգտագործում է կասետային ռումբեր եւ նպաստում 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության իրագործման շարունակությանը: Արցախի ժողովուրդը փորձում է իրականացնել ինքնորոշման իրավունքը»:

Ժորդան Բարդելա, Ֆրանսիա. «Թուրքիան դեռեւս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն պետք է դա անի: Արցախը հիանալի վայր է»:

Ֆրանսուա Ալֆոնսի, Ֆրանսիա. «Հայերն արդեն մեկ անգամ տուժել են Թուրքիայի գործողություններից 100 տարի առաջ: Մենք պետք է ճնշում գործադրենք Թուրքիայի բռնապետի վրա՝ նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելով»:

Անդրեյ Ջանբարսկի, Բուլղարիա. «100 տարի առաջ հայ ժողովուրդը կրեց Հայոց ցեղասպանության կորուստները: Այսօր էլ, անպատիժ մնալով, Թուրքիայի բռնապետ սուլթանը փորձում է իրականացնել նույնը: Պետք է գործել, մենք պասիվ ենք: Մեր սրտերը հայերի հետ են, Արարատը պետք է վերադարձվի հայերին»:

Կլարա Պոնտիոս, Իսպանիա. «Մենք պետք է կանգնեցնենք Թուրքիային զենք վաճառելը: Իսպանիան Թուրքիային զենք վաճառողներից մեկն է: Պետք է իրագործվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվրոպան պետք է կանգնեցնի զենքի մատակարարումը Թուրքիային»:

Մարիա Սպիրակի, Հունաստան. «Կոնֆլիկտը հրահրել է Թուրքիան: Հայերն այնտեղ դարեր ի վեր խաղաղ ապրել են»:

Ջոզեֆ Բորել. «Ուղերձը հստակ է, այն կրկնվեց 65 անգամ: Մենք պետք է որոշում կայացնենք արագորեն: Եվրոպական խորհուրդը պետք է որոշում կայացնի, սակայն նրանք արդեն ասել են, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Մենք մտահոգ ենք, որ երեկ Թուրքիայի նախարարը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին, առավել մտահոգիչ էր Ադրբեջանի նախարարի հայտարարությունը, թե իրենք կանգ չեն առնի, քանի դեռ Հայաստանը չի հանձնվել: Ի՞նչ է նշանակում՝ գործել: Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Պետք է Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրել միջամտությունը դադարեցնելու համար»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ

Եվրախորհրդարանի  պատգամավորները եվրոպական կառույցից պահանջում են Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հստակ եւ հասցեական դատապարտում, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, եւ կանխվի եւս մեկ ցեղասպանությունը հայերի նկատմամբ: Այս մասին նրանք հայտնել են Եվրախորհրդարանում Արցախի խնդրին նվիրված հատուկ նիստի ժամանակ, որի ընթացքում շենքի առջեւ Բրյուսելի հայերն ու նրանց աջակցող օտարերկրացիները բազմահազարանոց ցույց են անցկացնում:

Հունաստանից ԵԽ պատգամավոր Լուկաս Ֆուրլասը նշել է, որ Ադրբեջանին աջակցում են Թուրքիան եւ ջիհադականները: «Մենք չպետք է հանդուրժենք այս ամենը: Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանվում են ագրեսիայից: Էրդողանը եւ Ալիեւը լարում են իրավիճակը: Մենք պետք է կանգնենք Հայաստանի ժողովրդի կողքին: Չպետք է մոռանալ՝ նրանք տառապել են սարսափելի ցեղասպանությունից. եկել է ժամանակը, եւ մենք պետք է կանգնենք հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով Թուրքիային»,-ընդգծել է նա: ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Սիլվի Գիյոմի խոսքով՝ բոլոր միջազգային կառույցների արձագանքը պետք է շատ հստակ լինի, եւ պետք է ռազմական գործողությունները հասցեական դատապարտվեն:

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

Ղրղըզստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Հայաստանում: «Հանրապետության ներսում առաջացած հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով մեր ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երեւանում»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 

 

ԽԱՐԽԼԵԼ Է

«Արտաքին ուժերը փորձում են խարխլել հասարակական-քաղաքական իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում, դրան կարելի էր հետեւել Բելառուսում»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ուշադրություն է հրավիրվում արտաքին ուժերի ցանկությանը խարխլելու մեր երկրների սոցիալ-քաղաքական իրավիճակը: Մենք դրան ականատես եղանք Բելառուսում, որտեղ մեզ համար ակնհայտ են մեր եղբայր բելառուսների առջեւ ծառացած ներքին խնդիրներն օգտագործելու փորձերը՝ դրսից միջամտելու, բելառուս ժողովրդին այնպիսի կարգեր պարտադրելու համար, որոնք ձեռնտու կլինեն արտաքին խաղացողներին»,- ասել է Պանկինը ռազմավարական զարգացման ուղեցույցների թեմայով ՀԱՊԿ կլոր սեղանի ժամանակ:

Նա շեշտել է, որ, ըստ էության, խոսքը հետխորհրդային տարածքի համար պայքարի մասին է, որտեղ «հենց մեր տանը համառորեն ցանկանում են մեզ, մեր մշակույթի, հասարակության մեջ ընկալմանը, մեր միասնության ընկալմանը խորթ որոշակի կանոններ ներդնել»:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ

«Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ ունի Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի առջեւ»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Անվտանգության ապահովման առումով պարտավորությունները. եթե ՀԱՊԿ անդամ երկիրը որեւէ ագրեսիայի, արտաքինից հարձակման է ենթարկվում, ապա այդ դեպքում պայմանագրի մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել տվյալ պետությանը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հարցին, թե որ դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի զինվորականների ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովը նշել է, որ դա «չի բխում ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններից»: «Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է, ՌԴ նախագահը հստակ պարզաբանել է եւ սահմանազատել այդ երկու հարցերը, ՀԱՊԿ-ի մասով պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա»,-պարզաբանել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ տեղեկությունները, որ Հայաստանի տարածքում մարտական գործողություններ են ընթանում, չեն հաստատվել:




Լրահոս