ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՓՈՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձեւավորել: Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորիս հիշողության մեջ թարմ են ջիհադիստական ավազակախմբի կողմից Իրաքում ու Սիրիայում պետականակերպ միավոր ստեղծելու ձգտումների հետեւանքների մասին հիշողությունները։

 

Աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում։ Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհետեւ արժանապատվորեն ընդունել են մեզ նետված մարտահրավերը։ Ու մենք պայքարելու ենք մինչեւ վերջնական հաղթանակ։ Սակայն սա միայն Արցախի եւ Հայաստանի խնդիրը չէ։ Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է»:

Նախ՝ փորձենք հասկանալ, թե ինչ բնորոշում է տրված ահաբեկչություն ասվածին:  ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի որոշման մեջ ասվում է.  «Ահաբեկչությունը  կոնկրետ խմբի կամ անձի կողմից դիտավորյալ անօրինական գործողությունն է, որը կամ որի հետեւանքով սպանվում են անհատներ, կամ վնաս է հասցվում պետական կամ սեփական ունեցվածքին (այդ թվում հասարակական) եւ այլն»:

Շատ հաճախ 21-րդ դարում ահաբեկչությունները փորձում են քաղաքական նպատակներով օգտագործել: Նոր Զելանդիայի դեպքում Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հաճախ փորձում էր շեշտել, որ դա ուղղված է առաջնահերթ Թուրքիայի, եւ հետո մոսուլմանների դեմ: Նա նաեւ օգտագործում էր այդ տեսանյութերը իր քարոզարշավի մեջ, ինչը խիստ դատապարտելի է, եւ դա չպետք է լուսաբանվի այդպես եւ օգտագործվի իրենց շահերի համար:  Ներկայումս աշխարհում գրանցված ահաբեկչական կազմակերպությունների զգալի մասն իր ծագումով Մերձավոր Արեւելքից է:

Ահաբեկչության դեմ համակարգված պայքար միջազգային հանրությունը սկսել է 1934թ-ից: 1937-ին ընդունվել է ահաբեկչության դեմ պայքարի առաջին կոնվենցիան: Հակաահաբեկչական պայքարը նոր փուլ թեւակոխեց՝ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած: Ընդունվեցին՝ 1963-ի Տոկյոի, 1970-ի Հաագայի, 1971-ի Մոնրեալի կոնվենցիաները: 1996-ից ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվեց ահաբեկչության հարցերով հատուկ կոմիտե: Ահաբեկչության դեմ պայքարում կարեւոր նշանակություն ունեն նաեւ ներպետական եւ միջազգային մասնագիտական կառույցներն ու նրանց միջեւ փոխգործակցությունը: ԱՄՆ-ում ահաբեկչության դեմ պայքարը իրականացնող մարմիններից են Ազգային անվտանգության խորհուրդը, Ներքին անվտանգության խորհուրդը, Ազգային հակաահաբեկչական կենտրոնը, Ազգային ահաբեկչական վերահսկման կենտրոնը եւ այլն: Եվրոպական պետություններում ահաբեկչական պայքարով զբաղվում են «Եվրոպոլը», Ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը, Ահաբեկչության դեմ պայքարի համակարգող խորհուրդը, Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը եւ այլն:

2015 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 34 մուսուլմանական երկրներ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով կոալիցիա են ստեղծել: Ռազմական գործողությունները համակարգելու համար միացյալ շտաբը տեղեկայվելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում: Կոալիցիայի մեջ մտել են 34 իսլամական երկրներ, այդ թվում` Արաբական Միացյան Էմիրությունները, Թուրքիան, Եգիպտոսը, Լիբանանը, Մալայզիան, Քուվեյթը, Քաթարը, Բահրեյնը եւ այլն:

2016 թվականին ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիա ստեղծելու կարեւորության մասին նշել էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Վերջինս նշել էր, թե այդ խնդիրը կարելի է լուծել` առաջին փուլում ստեղծելով անվտանգության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների ցանցային փոխգործակցություն` ՄԱԿ-ի կողմից խիստ համակարգման պայմաններում: Բացի այդ, Բորդյուժայի կարծիքով՝ պետք էր համախմբվել այն պետությունների շուրջը, որոնք իրենց ցուցադրել են որպես ահաբեկչության դեմ պայքարող ազնիվ ու անշահախնդիր մարտիկներ:

Իսկ այս տարվա մարտին Ֆրանսիան եւ նրա դաշնակիցները Մալիում ստեղծեցին  հակաահաբեկչական նոր խմբավորում: Նշվում է, որ, բացի Ֆրանսիայից, խմբավորման աշխատանքներին միացել են Գերմանիան, Բելգիան, Միացյալ Թագավորությունը, Դանիան, Էստոնիան, Մալին, Նիդեռլանդները, Նիգերը, Նորվեգիան, Պորտուգալիան, Շվեդիան եւ Չեխիան։ Խմբի ձւավորումը սկսվել է Մալիայի եւ Նիգերիայի իշխանությունների խնդրանքով: Նախատեսվում է, որ խումբն ամբողջությամբ կսկսի գործել 2021 թվականի մեկնարկին:

Եվ, ահա, երեկ էլ այդպիսի կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԱԱԾ-ԻՑ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ, եւ այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաեւ սահմանագծում տիրող իրավիճակի եւ հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ: Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից եւ առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար: Ուստի մեկ անգամ եւս կոչ ենք անում եւ խստորեն զգուշացնում, որ մեր զինծառայողները զերծ մնան միմյանց եւ իրենց հարազատների միջեւ հեռախոսային բաց կապ հաստատելուց, ինչպես նաեւ հիշյալ բնույթի տարատեսակ խոսակցություններից, որոնք ուղղակիորեն կարող են  սպառնալ մեր քաջարի զինծառայողների անվտանգությանը՝ անգամ վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար։

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՑՆԵԼ

Հայաստանն ամենօրյա ռեժիմով շարունակում է ՄԻԵԴ-ին տեղեկացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների հարցերով կոնվենցիայի խախտումների մասին: Այս մասին հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ: Թուրքիայի նկատմամբ նմանատիպ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել հոկտեմբերի 4-ին: Հաջորդ քայլը կարող է լինել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի քննարկմանը հարցը փոխանցելը: Կիրակոսյանը նաեւ հայտնեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ հիմնական բողոքը դեռեւս չի ներկայացվել: Նրա խոսքով՝ եթե ՄԻԵԴ-ը հետագայում ընդունի Թուրքիայի դեմ որոշումը, ապա այն կարող են օգտագործել նաեւ այլ երկրներ: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանն ու Արցախն իրենց անվտանգության ապահովման համար ՄԻԵԴ որոշման կարիքը չունեն: «Հայաստանն ու Արցախը լիարժեք իրավունք ունեն չեզոքացնելու արտաքին ագրեսիան: Դա էքզիստենցիալ սպառնալիք է»,-նշեց Կիրակոսյանը:

 

 

ԿՈՒՂԱՐԿՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են ահաբեկչական խմբավորումների անդամներ: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին: «Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ: Ըստ աղբյուրների հիմնական մասի՝ դրանք Ադրբեջան տեղափոխված հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաեւ ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ, ու, ըստ արձանագրված տվյալների, նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից: Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարների ու տեսանյութերի մասին:

Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում: Միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր հանցավոր երեւույթի վրա: Դա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձեւում՝ որպես հիմնարար պահանջ:

Հավաքագրված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձեւաչափերով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովվում է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ»,-ասված է հաղորդագրույունում:

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

Հակառակորդի սանձազերծած գործողությունների հետեւանքով Արցախում վիրավորում ստացած ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրահատվել է: Այս մասին հայտնել է Մեղրիի համայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: «Խոսել եմ Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տեւած վիրահատությունը (ուսից-֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում եւ ամուր։ Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում»,- գրել է Ծատրյանը եւ հավելել, որ Մեղրիում իրավիճակը հանգիստ է։




Լրահոս