ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին զինված հակամարտությունը պահանջում է միջազգային հանրության հստակ դիրքորոշում, որպեսզի այն էսկալացիայի չենթարկվի տարածաշրջանից դուրս: Այս մասին «Reforma» լրատվականին տված հարցազրույցում նշել է Մեքսիկայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, որը հոկտեմբերի 2-ին Մեքսիկայում ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը:

 

«Reforma» լրատվականին տված հարցազրույցում դիվանագետը մեղադրել է Թուրքիային, որը, օգտվելով ներկայումս կորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած համաշխահային ճգնաժամից, իր կայսրությունն ընդլայնելու նպատակով հակամարտության գոտում խրախուսում է առճակատումը։ Դեսպանը նշել է, որ հակամարտությունն արդեն երեսուն տարի է, ինչ գտնվում է լատենտ վիճակում։ Այն պահից ի վեր, երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանից անկախանալու մասին, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ռազմական տարբերակին նավթի եւ գազի իր հարուստ պաշարների միջոցով այդ ռազմավարական նշանակության տարածքին տիրանալու համար, որը լեգիտիմորեն «պատկանում է բնիկ ժողովրդին»՝ հայերին։

-Ո՞ւմ է պատկանում Լեռնային Ղարաբաղը։

-Լեռնային Ղարաբաղը պատկանում է այնտեղ ապրող բնիկ ժողովրդին, եւ հայ ժողովուրդն է այն ժողովուրդը, որն այնտեղ է բնակվում ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ, Լեռնային Ղարաբաղը իրաականացրեց ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքին եւ Խորհրդային Միության օրենքներին համապատասխան։ Այս ժողովուրդը պայքարում է իր գոյության համար։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ադրբեջանն այդ տարածքը չի զիջում հայերին։

-Որովհետեւ պայքարում ենք բարբարոսության, հետամնացության եւ հայերի նկատմամբ ատելության դեմ։ Ադրբեջանը, ըստ երեւույթին, ոգեւորված լինելով նավթի եւ գազի հսկայական պաշարներով, որը նրան յուրահատուկ կշիռ հաղորդեց միջազգային էներգետիկ քաղաքականության մեջ, մտածեց, որ հեշտորեն կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով։

-Ինչպե՞ս սկսվեց Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունը։

-Վերջին լարվածությունը սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանում՝ Արցախի Հանրապետություն) սահմանի երկայնքով իրականացված ռազմական ագրեսիայով՝ կիրառելով աշխարհի ժամանակակից զինանոցը՝ հրթիռներ, տանկեր, զրահապատ մեքենաներ եւ օդուժ։

Նաեւ նախկինում զգուշացրել էինք, որ Թուրքիան Սիրիայից փոխադրեց Ադրբեջան, ըստ մեր հաշվարկների, մոտ չորս հազար մահմեդական ջիհադիստ մարտիկների, եւ այսօր (հոկտեմբերի 1-ը, հինգշաբթի) Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները եւ Պենտագոնը հաստատեցին, որ Թուրքիան կատարել է այդ փոխադրումը։ Այսպիսով, Հայաստանը պայքարում է պետական ահաբեկչության դեմ, որն իրականացնում է Թուրքիան իր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին սատարելու համար։

-Հայտնի է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է։ Ինչպիսի՞ հաղորդակցություն է ունեցել Ձեր երկիրը Մոսկվայի հետ։

-Ոչ միայն Ռուսաստանի հետ. Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է եւ հակամարտության ողջ պատմության ընթացքում կայունացնող եւ միջնորդական դեր է խաղացել։ Կապի մեջ ենք ինչպես Մոսկվայի, այնպես էլ Միսնկի խմբի մյուս համանախագահների հետ:

Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն նաեւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, եւ ցանկանում եմ շեշտել այն հանգամանքը, որ հակամարտության որեւէ կողմում չէ եւ փորձում է ստիպել հատկապես Ադրբեջանին, որ վերադառնա բանակցությունների սեղան։

-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության դերն այս ամենում։

-Առաջին օրերին միջազգային հանրությունը սահմանափակվում էր բանակցությունների սեղան վերադառնալու վերաբերյալ անաչառ հայտարարություններ կատարելով եւ դատապարտելով ուժի կիրառումը։ Սակայն ելնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից՝ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը կստանձնի առավել հստակ դերակատարում։ Կարծում եմ նաեւ, որ արդեն բոլորը գիտեն՝ ով է ագրեսորը, եւ ով է փորձում տարածաշրջանում ատելություն եւ քաոս սերմանել։ Համոզված եմ՝ միջազգային հանրությունը հիմա կարեւորագույն դեր ունի՝ ստիպել Թուրքիային եւ Ադրբեջանին անցնել հրադադարի։ Ռազմական լուծում գոյություն չունի։

-Եղե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից տեղահանում, ինչպես հայտարարել է Ադրբեջանը։

-Ոչ, դա քարոզչություն է, որն իրականության հետ որեւէ աղերս չունի։ Մոտ երկու տարի առաջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում ներմուծեցինք ազգ-բանակ հայեցակարգը՝ հաշվի առնելով մեր սահմանափակ ռեսուրսները։ Դրա համաձայն՝ ներկայիս իրավիճակի նման ճգնաժամային դեպքերում ամբողջ ազգը դառնում է բանակ՝ երեխաներից սկսած մինչեւ կանայք. մենք մեր գոյությունն ենք պաշտպանում։

-Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ վերջ դրվի այս հակամարտությանը։

-Անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել Թուրքիային, դատապարտել այս պետության կողմից քարոզվող պետական ահաբեկչությունը եւ ստիպել Ադրբեջանին նստել երկխոսության սեղանի շուրջ։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ գտնվում ենք միջազգային հանրության որոշ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաշեմին։ Կարծում եմ, որ արդեն անցել է չեզոք կոչեր անելու ժամանակը։

-Որո՞նք են այս պատերազմի հետեւանքները միջազգային հանրության համար։

-Այս տարածաշրջանն ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Սա վերաբերում է Ռուսաստանին. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաջամարտիկն է Ռուսաստանը, եւ որի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Մյուս կողմում է Թուրքիան, որը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերության՝ ՆԱՏՕ-ի անդամ է։ Սակայն, ըստ երեւույթին, ՆԱՏՕ-ն շատ վրդովված է Թուրքիայի պահվածքից, հատկապես՝ վերջին տարիներին։ Սա վերաբերում է նաեւ Իրանին. այս գերկարեւոր պետությունը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես կայունացնող դեր է խաղացել։

 

 

 

ԱՄԵՆԱՏԱՔ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

2020 թվականի սեպտեմբերը մոլորակի վրա եւ Եվրոպայում ամենատաք սեպտեմբերն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:

Գիտնականների տվյալներով՝ անցած ամիսը 0,05 աստիճանով ավելի տաք Է եղել, քան 2019 թվականի սեպտեմբերը, երբ գրանցել են նախորդ ռեկորդը:

Ջերմաստիճանները Սիբիրի արկտիկական գոտում անհամեմատ ավելի են գերազանցել միջին ցուցանիշները, իսկ արկտիկական սառույցի մակարդակը երկրորդն Է դարձել արբանյակային չափումների ժամանակ մի շարք տարիների նվազագույն ցուցանիշներով:

Ավելի վաղ ռուսաստանցի օդերեւութաբանները 2020 թվականի սեպտեմբերն ամենատաքն Էին ճանաչել Ռուսաստանում դիտարկումների ողջ պատմության ընթացքում. հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

«ՅՈՒՆԻՍԵՖ»-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հոկտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնել: «Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների՝ չորս երեխա սպանվել է, իսկ եւս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի: Մարտերի հետեւանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարեւոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պաշտպանել խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային եւ մարդասիրական իրավունքին համապատասխան: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից»,-ասված է հայտարարությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում եւ հրթիռակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաեւ ՀՀ զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի եւ սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման եւ Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 672 ԴԵՊՔ

Հայաստանում հոկտեմբերի 6-ին նոր կորոնավիրուսով վարակվելու 672 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53755 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 312823, վերջին մեկ օրում` 2878 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7353 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 494-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 45110 անձ, վերջին մեկ օրում՝ 178 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 995 է:

 

 

ՄԱՌԱԽՈՒՂ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

Գորիսի, Մեղրիի եւ Ճամբարակի տարածաշրջանների ճանապարհներին երեկ թույլ անձրեւ է տեղացել: Գորիսի տարածաշրջանում մառախուղ է եղել, տեսանելիությունը՝ 20-25 մետր:




Լրահոս