«ՄԵՆՔ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՉՈՒՆԵՆՔ  ԹՇՆԱՄՈՒՆ ՏԱԼՈՒ, ՈՒՆԵՆՔ ՄԻԱՅՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ». ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ (ՄԱԿԻՉ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ, ազգագրական երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ) արցախաադրբեջանական շփման գծում  հակառակորդի ագրեսիան հետ մղելու ընթացքում ստացել է բազմաբեկորային վիրավորում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Մկրտիչ Մկրտչյանը:

 

Մեզ հետ զրույցում  երգիչը նշում է, որ ռազմաճակատ է մեկնել  Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից իր պարտքը հայրենիքի եւ ժողովրդի առաջ կատարելու:

«Պատերազմի հենց երկրորդ օրը  վիրավորվել եմ, ստացել եմ բեկորային եւ ոտքի կոտրվածք: Փառք Աստծո , մեր լավ բժիշկների շնորհիվ հիմա ինձ հետ ամեն ինչ կարգին է»,-ասում է նա:

Մկրտիչ Մկրտչյանի փոխանցմամբ՝  նրա առաջին օգնությունը, ինչպես նաեւ վիրահատությունը կատարվել է Խոջալուում, այնուհետեւ վիճակը կայունանալուց հետո տեղափոխել են Երեւան՝ Առաջին համալսարանական հիվանդանոց, որտեղ երգիչը կրկին ենթարկվել է վիրահատության. «Երկորդ վիրահատությունը տեղի է ունեցել Երեւանում, որտեղ տեղադրել են երկաթներ»:

«Մեզ մոտ ամեն ինչ գալիս է գենետիկորեն, եւ, այդ ամենին գումարած, մեր պատրաստակամությունն է: Մեր պատրաստակամությունը, տրամադրությունն ու կամքն  այնքան բարձր է, որ թիկունքից մեր տղաներին ինչ-որ մի բան հորդորելը… Եվ ուզում եմ նշել, որ պատերազմի գոտում մենք ոչ մի բացասական բան չունենք մեր մեջ, միասնական ենք, ինչպես մեր լեռները»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով միջազգային կառույցների եւ գերտերությունների արձագանքին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի վրա հարձակման վերաբերյալ՝ Մկրտիչ Մկրտչյանը շեշտում է, որ լինելով առաջնագծում, կռվելով թշնամու հետ դեմ հանդիման՝ ոչ մի բանի մասին  չի մտածել:

«Անկեղծ ասած, երբ դու թշնամու հետ մարտում ես, դու քո գործն ես անում: Դրսից ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն չունես եւ դու անում ես այն, ինչ որ պարտավոր ես հանուն հայրենիքի անել, եւ իրականում շատ լավ է, որ չունենք: Մենք պետք է մեր հողն ու ջուրը պաշտպանենք թեկուզ մահվան գնով, եւ դա ոչ թե միայն Արցախի խնդիրն է, այլ դա ամբողջ հայության խնդիրն է: Մենք ոչ մի թիզ հող չունենք  թշնամուն տալու, այլ հակառակը՝ ունենք վերցնելու, որովհետեւ դրանք մերն են: Մենք մեր կյանքի գնով ենք պաշտպանում մեր հողը, իսկ վարձկանը կատարում է զուտ աշխատանք, որը հետո պետք է վայելի: Թշնամին արդեն հասել է այն կետին, որ դուռը բացում ներս է մտնում, եւ դու պետք է ընտանիքդ պաշտպանես, թեկուզ կյանքիդ գնով»,-ասում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ թշնամին մեր հողերի վրա ոչ մի հաջողության հասնել չի կարող:

«Սա մեր ճակատագիրն է, որ փառքով եւ պատվով պետք է մինչեւ վերջ տանենք: Ես խորհուրդ եմ տալիս մեր մայրերին ունենալ բազմազավակ ընտանիքներ, որը մեր փրկության առաջին գրավականն է: Քանի կանք այս երկրագնդի վրա, քանի ապրում ենք, պետք է պայքարենք: Այլ տարբերակ չկա, պարզապես իրավունք չունենք հետ նահանջելու»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եզրափակում է Մկրտիչ Մկրտչյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի դեմքերը շարունակում են անդրադառնալ Արցախյան պատերազմին: Նրանց թվում են՝ ամերիկացի հայտնի ռեփեր The Game-ը, Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, դիզայներ Մայքլ Կոստելոն:

 

Ամերիկացի հայտնի ռեփեր The Game-ը, իր զորակցությունը  հայտնելով Հայաստանին, ասել է.

«Ուզում եմ, որ բոլորդ իմանաք՝ այս հոլովակը նկարահանում եմ՝ ի համերաշխություն հայ եղբայրների եւ քույրերի, բոլոր նրանց, ովքեր առաջնագծում պայքարում են ընդդեմ ահաբեկիչների: Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Հայաստանում: Պարզապես անհեթեթություն է այն, որ մարդիկ սպանում են մարդկանց, եւ ես միանշանակ կանգնում եմ ամբողջ հայ համայնքի, հայ ազգի կողքին: Կիսվե՛ք այս հոլովակով, հնչեցրե՛ք ձեր ձայնը, եկե՛ք աշխատենք միասին՝ վերջ դնելու համաշխարհային ահաբեկչությանը: Սա սարսափելի է»:

Իսկ, ահա, ամերիկահայ հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը, շարունակելով Հայաստանի մասին հրապարակումներ անել, իր կողմից  հրապարակված լուսանկարներից մեկում  գրել է Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերությունների մասին. «Հայաստանը հրավիրում է միջազգային լրագրողներին, որպեսզի ազատ ու առանց ճնշումների լուսաբանեն կատարվող դեպքերը: Ադրբեջանում արգելված է արտասահմանյան լրագրողների մուտքը եւ ռազմաճակատի լուսաբանումը»:

Այնուհետեւ Քլոեն կոչ է արել աղոթել Հայաստանի համար եւ օգնել` սոցցանցերի էջերում տեղադրելով Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին ճիշտ տեղեկություններ: Ապա Քլոեն կոչ է արել միանալ նաեւ Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն:

Դիզայներ Մայքլ Կոստելոն, անդրադառնալով Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին, իր հետեւորդներին խնդրել է  բարձրացնել տեղեկացվածությունը հարցի վերաբերյալ։

«Այս երեկո ես աղոթում եմ հայերի խաղաղության համար։ Եթե օգտվում եք սոցիալական մեդիայից, հավանաբար տեսել եք, որ Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են։ Ցավոք, առաջատար լրատվամիջոցների կողմից բավականաչափ լուսաբանում չի եղել։ Մենք հիմա պիտի բարձրաձայնենք։ Խնդրում եմ, արտահայտե՛ք ձեր աջակցությունը մեր հայ ընկերներին, գործընկերներին ու ընտանիքներին։ Մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են մահացել այս հարձակումների հետեւանքով։ Խնդրում եմ, բարձրացր՛եք տեղեկացվածությունը։ Մենք միմյանց կարիքն ունենք առավել, քան երբեւէ։ Իմ հայ ընկերներին, աշխատակիցներին, մեր հայ գործընկերներին ու հաճախորդներին. մենք սիրում ենք ձեզ եւ այս ընթացքում աղոթում ենք ձեզ համար։ Եթե այս հրապարակումը վիրավորում է ձեզ, խնդրում եմ, դադարե՛ք հետեւել էջին»,-ասել է նա։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ

Բասկետբոլի ազգային ասոցացիայի` NBA  եզրափակչի  հերթական խաղում հաղթանակ տոնեց «Լոս Անջելես Լեյքերս»-ը: Եզրափակիչ դիմակայության 4-րդ խաղում «Լեյքերս»-ն առավելության հասավ «Մայամիի» նկատմամբ` 102:96 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Լեյքերս»-ից Լեբրոն Ջեյմսն է: Նա հավաքեց 28 միավոր: «Մայամի»-ից առավելագույն միավորներ հավաքեց Ջիմի Բատլերը` 22 միավոր: Այս խաղից հետո ընդհանուր հաշվարկում «Լեյքերս»-ը 3:1 հաշվով առաջատար է, եւ հիմնական հաղթանակի համար Լոս Անջելեսի թիմին պետք է միայն մեկ հաղթանակ:

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն գերմանացի Մարիո Գյոտցեն կարիերան կշարունակի Նիդեռլանդներում: Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է ստորագրել ՊՍՎ-ի հետ: Գյոտցեն մինչ այս հանդես էր գալիս «Բորուսիա»-ում: Դորտմունդյան ակումբի կազմում հարձակվողը մասնակցել է 219 խաղի եւ հեղինակել է 45 գնդակ: 28-ամյա Գյոտցեն համարվում է Գերմանիայի 5-ակի չեմպիոն, 4 անգամ տիրացել է երկրի գավաթին: Գերմանիայի ազգային թիմի կազմում 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:

 

 

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նադալը մրցում էր Իտալիայից Յանիկ Սինների հետ: 2 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 7:6 (7:4), 6:4, 6:1 հաշվով: Մյուս քառորդ եզրափակիչում արգենտինացի Դիեգո Շվարցմանը դժվարին պայքարում գերազանցեց Ավստրիայից Դոմինիկ Տիմին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ռոլան Գարոսի մրցաշարն անցկացվում է 1891 թվականից, սակայն այն իր անվանումը ստացել է 1928 թվականից: Այս տարի ՌԳ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 38 միլիոն եվրո: 124-րդ անգամ անցկացվող մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 11-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարին ներկա կլինեն ընդհանուր առմամբ հազար երկրպագու:

 

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը բարեգործական նպատակով փոքրիկներին կներկայացնի «Գայլն ու յոթ ուլիկները» բեմադրությունը: Մանուկներն այն դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին: Ներկայացման բեմադիչն Իռա Հարությունյանն է: Հեքիաթի սյուժեն հետեւյալն է. մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Բեմում կլինեն թատրոնի երիտասարդ դերասանները: Երեխաներին մուտքի մոտ կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները:

 




Լրահոս