ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից հետո կրկին առաջին պլան մղվեցին հայ-իսրայելական հարաբերությունները:

 

Բանն այն է, որ Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2006-ից 2019 թվականներին Իսրայելը Ադրբեջանին վաճառել է շուրջ 825 միլիոն դոլարի զինամթերք, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, 2016-ին Բաքվում ընդունելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Իսրայելի հետ զենքի գնման գրեթե 5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել, որի մեծ մասն արդեն իսկ կատարվել է։ Բացի այդ, Թել Ավիվը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։ Իսրայելի ԱԳՆ-ն մեկ անգամ չէ, որ ասել է, որ Իսրայելը, անկախ ամեն ինչից, պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Հայաստանը 1992 թվականից դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, սակայն այդ երկրում Հայաստանը չուներ դեսպանություն, թեեւ ունեինք ոչ ռեզիդենտ դեսպան: Դեսպանություն բացվեց 2019 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակ կառավարության նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, թե դեսպանություն ստեղծելուն ԱԳՆ-ն պատրաստվում էր բավականին ժամանակ։ Մնացականյանը կառավարության նիստին չէր մանրամասներ, թե արդյոք այս հարցը քննարկվել է Հայաստանի հարեւան Իրանի իշխանությունների հետ: Իսկ 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանի համաձայն՝ հայկական դիվանագիտական առաքելության նստավայրը Երեւանից տեղափոխվեց Թել Ավիվ։

Սակայն Արմեն Սմբատյանին դեսպան նշանակելու որոշումը կայացվել էր դեռ 2018 թվականին՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի օրոք: Սմբատյանը եղել է Սերժ Սարգսյանի մտերիմներից, նրան նշանակեց այսպիսի պատասխանատու պաշտոնում, սակայն նա իր գործը չկատարեց, արդյունավետ չգործեց, եւ արդյունքը եղավ այն, որ Իսրայելը շարունակում է Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցել, զենք վաճառել:

Եվ հիմա Արցախում ընթացող պատերազմի եւ Իսրայելից եկող հայտարարությունների ֆոնին արդեն իսկ կայացված է որոշում Արմեն Սմբատյանին փոխարինելու հարցով, եւ նա արդեն որոշակի ժամանակ է, ինչ ներառված չէ հայ-իսրայելական օրակարգում ու երկուստեք տարվող դիվանագիտական աշխատանքներում։

Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:  «Երբ միջազգային ողջ հանրությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջան»,-ասաց նա։

Իսրայելի այս գործելաոճը, ՀՀ ԱԳՆ խոսնակի բնորոշմամբ, անընդունելի է Հայաստանի համար, ինչի հետեւանքով էլ Հայաստանը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։

Հավելենք, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունները սկսեցին զարգանալ 2017-2018 թվականներին: 2017 թվականի հուլիսին Երեւան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային վարչության նախարար Ցախի Անեգբին, նույն թվականի սեպտեմբերին Հայաստանում եռօրյա աշխատանքային այցով եղավ Քնեսեթի փոխխոսնակը բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների եւ «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ։

Պատասխան քայլ եղավ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել (2017 թվականի նոյեմբերի 6-7-ը) եւ Գագիկ Մինասյանի գլխավորած հայկական պատվիրակության այցը 2018 թվականի փետրվարին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԽՈՍԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել Է, որ պլանավորում Է ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, այժմ մշտական շփումներն ընթանում են հեռախոսով: «Մենք մշտական շփման մեջ ենք (Վլադիմիր Պուտինի հետ), գլխավորապես՝ հեռախոսով, ամեն անգամ, երբ ինչ-որ բան Է տեղի ունենում, կամ զրույցի անհրաժեշտություն կա: Իհարկե, մենք կշարունակենք շփվել եւ, անշուշտ, կհանդիպենք հետագայում, բայց դա կախված Է Սիրիայի քաղաքական իրադրությունից»,-պատմել Է Ասադը:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Հեռավար կարգով հոկտեմբերի կայացել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի լիագումար նիստը, որի ընթացքում որոշումներ են ընդունվել կառույցի 2021-2025 թթ. ռազմավարական եւ կապիտալի շրջանակի վերաբերյալ, եւ հաստատվել է բանկի հաշվետվությունը: Լիագումար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021 թթ. համար: Բանկին Հայաստանի անդամակցությունից ի վեր առաջին անգամ երկրի ներկայացուցիչն ընտրվում է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող: 2021 թվականին Երեւանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը:  Նշվել է, որ Ադրբեջանի գործողություններն արդեն իսկ երկարատեւ եւ խորը վնաս են հասցրել տարածաշրջանի տնտեսական կայունությանը եւ կարող են հանգեցնել հումանիտար ճգնաժամի: Հայաստանի ամբողջական ուղերձը առաջիկայում հասանելի կլինի ՎԶԵԲ պաշտոնական կայքում:

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտարարել է, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության օրինակ է: «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հիմնարար տարբերություններ կան։ Բայց նույնիսկ հաշվի առնելով դա՝ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ համատեղ: Օրինակ՝ ԼՂ հակամարտությունը, այստեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ փորձելով խաղաղություն հաստատել կովկասյան տարածաշրջանում», – ընդգծել է Ռոբերտ Օբրայենը:

 

 

ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ «Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը` արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը եւ նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության եւ անվտանգության տեսակետից: Կարեւորելով Ռուսաստանի դերակատարումը` թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, եւ թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատար, պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել»,-գրել է Ալեն Սիմոնյանը։

 

 

ՀԵՌԱՆԿԱՐ ՉԿԱ

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում այլեւս հեռանկար չի տեսնում առանց Արցախի մասնակցության»,- ասել է  Անդրանիկ Քոչարյանը:  «Ակնհայտ է, որ այսօր Արցախի դեմ է լայնածավալ պատերազմը: Առանց Արցախի մասնակցության որեւէ բանակցություն այլեւս հեռանկար չի կարող ունենալ»,-ասել է Քոչարյանը: Անդրադառնալով այս պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցությանը՝ Քոչարյանը նշեց, որ այս գործելաոճով Թուրքիան ոչնչացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ներգրավված մնալու հեռանկարը: «Թուրքիան իր պահվածքով ոչնչացնում է Մինսկի խմբում ներգրավված մնալու իր հեռանկարը, որովհետեւ Թուրքիան, ըստ էության, հակամարտության կողմ է հանդես գալիս իր սպառազինությամբ, բացահայտված է նաեւ թուրքական զինուժի մասնակցությունը պատերազմի կառավարման գործընթացի մեջ»,-նշել է Անդրանիկ Քոչարյանը:

 

 

ԼՈՒՐՋԽՆԴԻՐՆԵՐ

«Ադրբեջանը դեռ երկար տարիներ չի կարողանա ազատվել միջազգային ահաբեկչության հանցակիցի խարանից»,- ասել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Միեւնույն ժամանակ, նա պարզաբանեց, թե ինչու Ադրբեջանը որոշեց դիմել միջազգային տարբեր ահաբեկչական խմբավորումների օգնությանը: «Պատերազմի ընթացքում իր կորուստները նվազագույնի հասցնելու համար Ադրբեջանը սկսեց փողի դիմաց վարձկաններ եւ ահաբեկիչներ հավաքագրել: Օրինակ՝ եթե նրանք ունեն 500 սպանված, իսկ նրանցից 400-ը ահաբեկիչներ կլինեն, ապա մարդկանց կասեն, որ նրանք ընդամենը 100 մարդ են կորցրել: Համոզված եմ, որ թուրքական կողմն է նրանց առաջարկել այս գաղափարը: Արդյունքում՝ միջազգային ահաբեկչությունը հայտնվեց Ադրբեջանի գրպանում»,-ասել է Մարուքյանը:

Ընդ որում, խորհրդարանականը նշել է, որ Ալիեւների կլանն ապագայում լուրջ խնդիրներ է ունենալու միջազգային ասպարեզում, քանի որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նման վարքագիծը դժվար թե այնտեղ ընդունվի:

 




Լրահոս