ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԽՈՍՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»»: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված անձը իրավապահներին հայտնել է, թե ինքը չի հորդորել, այլ կարծիք է հայտնել:

 

Դեպքերի հաջորդականությունը

Մինչ վարչապետի այս հայտարարությունը՝ հոկտեմբերի 1-ին, ԱԱԾ-ն հայտնեց, որ նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում եւ տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին տվյալ անձը հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության:

Մեղադրյալ նեգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների եւ սարքավորումների եւ այլնի վերաբերյալ, ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` կատարել է լրտեսություն:

7 օր անց

ՀՀ վարչապետը հայտնեց. «Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով՝ ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ՝ ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ:

Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում, եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից: Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի»:

Վարչապետի այս հայտարարությունից հետո պաշտոնից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Վարկած առաջին

Այս հրապարակումից հետո Ստեփանակերտում լուրեր տարածվեցին,  որ առաջնագծի հատվածներից մեկում զինվորներին համոզողները, թե՝ նահանջեք, «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է», եղել են Վիտալի Բալասանյանի թիմակիցներից: Տեղեկության իսկությունը պարզելու նպատակով ArmLur.am-ն անձամբ զրուցեց Վիտալի Բալասանյանի հետ. «Ես ոչ մի բան չգիտեմ եւ դրա ժամանակն էլ չունեմ»:

Ի՞նչ է պատմել ձերբակալվածը

Իսկ ի՞նչ է պատմել իրավապահների կողմից ձերբակալված Ստեփանակերտի բնակիչը իրավապահներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչը, որի անունը այս փուլում չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար, խոստովանել է, որ ինքը նման խոսակցություն ունեցել է առաջնագծում զինվորների եւ սպայական կազմի հետ: Ըստ ձերբակալված անձի՝ ինքը չի հորդորել  զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի մասով: Ավելին՝ վերջինս հայտնել է, որ նման խոսակցությունից հետո որեւէ զինվոր դիրքը չի լքել ու հեռացել, այլ պարզապես խոսակցություն ու կարծիք է ինքը արտահայտել:

 ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՆՈՒՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների հետեւանքով, ցավոք, հայկական կողմն ունի 350 զոհ: Հերոսների ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո, իսկ դրա համար գործում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որը պետք է աջակցություն ցուցաբերեր 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված, անհայտ բացակայող ճանաչված  զինծառայողի ընտանիքներին եւ I կամ II խմբի հաշմանդամ դարձածներին: Նկատենք, որ զոհվելու եւ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում զինծառայողների ընտանիքներին նույն աջակցությունն է տրվում:

Այսպիսով`

l պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողների ընտանիքները ստանում են 82 մլն դրամ,

l պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների ընտանիքները՝ 70 մլն դրամ,

l տարածքային պաշտպանությանը ներգրաված անձ կամ տարածքային պաշտպանությանը կամավորագրված անձը՝ 70 մլն դրամ,

l պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայի եւ պարտադիր զինվորական ծառայության շարքային զինծառայողների ընտանիքները՝ 58 մլն դրամ:

Այս բոլոր դեպքում նախատեսված գումարի չափից 10 մլն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով 20 տարվա ընթացքում: Բացի այդ, զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100 հազար դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Բոլոր զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքները լինելու են պետության հոգածության ներքո:

 

 

ԱԱԾ-Ն՝ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների այս վճռորոշ օրերին առաջնագիծ են մեկնում նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կամավորական խմբեր:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ, շուրջօրյա ռեժիմով իրականացնում է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ արդյունավետ կերպով համադրելով հայրենիքի պաշտպանության ու մեր հայրենակիցների անվտանգության ապահովման բացառիկ կարեւոր գործառույթների ամբողջական իրականացումը:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում կամավորագրման աշխատանքները շարունակվում են, եւ, ըստ անհրաժեշտության, առաջնագիծ կմեկնեն նաեւ նոր խմբեր:

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով եւ բնականոն հունով շարունակվում է ընդհանուր զորահավաքի իրականացումը, որի շրջանակներում զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր եւ պատվով ու անձնվիրաբար կատարում իրենց առջեւ դրվող մարտական խնդիրներն ու պարտականությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաեւ նախազգուշացման նկատառումներով հարկ է համարում տեղեկացնել եւ պարզաբանել հետեւյալը. զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի օրենքի 5-րդ հոդվածի, համարվում է զինվորական ծառայության տեսակներից: Այսինքն՝ զորահավաքի միջոցով զորակոչված անձանց համար նախատեսված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաեւ քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաեւ հիմնական զինվորական ծառայողների համար:

Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազությունը զգուշացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ ինչպես զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, այնպես էլ նույն նպատակով ծառայության չներկայանալը համարվում է դասալքություն:

Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաեւ զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելու համար, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ։ Այս արարքները ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով։

Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը եւ համընդհանուր գիտակցության պայմաններում ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում, այնուամենայնիվ, նշելու, որ նմանատիպ հնարավոր դրսեւորումներին տրվելու են խիստ քրեաիրավական գնահատականներ:

 




Լրահոս