
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։
Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով վերջինիս ներդրած ջանքերը երկու երկրների համագործակցության սերտացման և ժողովուրդների միջև կապերի առավել ամրապանդման գործում։
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք է հանդիսացել քրիստոնեական հավատը և որդեգրված քրիստոնեական արժեքները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին։