
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հինգշաբթի օրը տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որի ժամանակ կընտրեն Վճռաբեկ դատարանի նախագահ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երկուշաբթի օրը Բարձրագույն խորհուրդը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հանդիպման, եւ քննարկելու էին ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանն ու Սերժիկ Ավետիսյանը ներկա չեն եղել հանդիպմանը, եւ դա դատական համակարգում խոսակցությունների տեղիք է տվել, որ, ստացվում է, իրենք չեն ցանկանում լինել Վճռաբեկ դատարանի նախագահ:
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ներկաներից հետաքրքրվել են՝ ինչպես են տեսնում կառույցի հետագա ճակատագիրը, ում են տեսնում որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, եւ արդյունքում էլ որոշվել է ընտրությունը կատարել հինգշաբթի օրը: Այս շտապողականությունը պատճառներ ունի. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու պետք է ներկայացնի մինչեւ հոկտեմբերի 20-ը: Գործընթացը պետք է մեկնարկեր դեռ նախորդ շաբաթ, սակայն հետաձգվել էր, եւ դատավորներն ասել էին, թե այս պատերազմական իրավիճակում սիրտ չունեն այդպիսի հարցեր քննարկելու:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: