
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հումանիտար հարցերի գծով տեղակալ բարոնուհի Վալերի Ամոսը դիմել է դոնոր-երկրներին` խնդրելով չմոռանալ, թե ինչ աղետալի վիճակում են գտնվում Հաիթիի բնակիչները, ովքեր տուժել են 2010 թվականի հունվարին տեղի ունեցած երկրաշարժից։Բարոնուհին, ով այժմ գտնվում է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում, հայտարարել է, որ բազմաթիվ հումանիտար կազմակերպություններ ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը Հաիթիում` ֆինանսավորման բացակայության պատճառով։Կղզու վրանային ճամբարներում մինչ այսօր բնակվում է ավելի քան 600 հազար մարդ։ Ամոսի խոսքերով, այժմ ամենակարեւորը խոլերայի նոր համաճարակից խուսափելն է։Հիշեցնենք, որ անցած տարի Հաիթիում խոլերայի համաճարակին զոհ է գնացել ավելի քան 6000 մարդ։