Այսօրվանից Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ ցանկանում են բանաձև ներկայացնել, որի քննարկումը հնարավորություն կստեղծի Ֆրանսիայի կողմից ճանաչել Արցախի անկախությունը: Երեկ նման քննարկումներ են եղել նաև Փարիզի Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած բազմամարդ հավաքի ժամանակ, որը հրավիրված էր հենց Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Ցույցին մասնակցել են նաև մի քանի պատգամավորներ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին ընդգծել է, որ ինքն առաջիններից մեկն է, որն այդպիսի բանաձև է նախաձեռնելու, որպեսզի երկրի Ազգային ժողովը քվեարկի Արցախի ճանաչման եւ հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքի համար: Բացի այդ, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ որոշել են պատվիրակություն կազմել եւ առաջիկա օրերին գալ Հայաստան՝ իրենց աջակցությունը հայերին հայտնելու համար: «Եկենք թույլ չտանք Ալիևին և Էրդողանին շարունակել 1915 թվականին սկսածը: Եկեք հայերին մենակ չթողնենք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ», – իր ելույթում նշել է նա: