Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին կայացել Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված բարդ իրադրությունը: Ռուսաստանյան կողմն ընդգծել Է, որ այլընտրանք չունի հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցումը, ինչը հիմք կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը: Նախարարությունը նշում է, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը մեկ անգամ ևս ընդգծել է՝ վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան: Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը հիշեցնում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որում Լուկաշենկոն հստակ և միանշանակ պատասխանել է իր հայ գործընկերոջ հարցին՝ «Վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական արդյունաբերական համալիրի միջոցով ոչ մի ռազմական բեռ չի մատակարարվել ոչ Ադրբեջան, ոչ էլ Հայաստան»: Դեսպանությունից նշել են, որ դա ամենաճշգրիտ և հավաստի տեղեկատվությունն է, որին վերադառնալն իմաստ չունի:
Դեսպանությունը նաև հավելել է, որ Բելառուսը պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն՝ կողմերի միջև երկխոսությունը խթանելու գործում՝ կողմերի համար ընդունելի ձևաչափերով:
Մանրամասները՝ տեսանյութում