Փառք Աստծու, Հայկի վիճակն այսօր համեմատաբար լավ է: Շատ վնասվածքներ ունի, ինչպես հրազենային, այնպես էլ բեկորային: Արդեն վիրահատվել է, վիճակը համեմատաբար լավ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանը՝ անդրադառնալով դերասան Հայկ Չոմոյանի ռազմաճակատում վիրավորվելուն:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայկի տրամադրությունը մարտական է։
«Ափսոսում է, թե ինչու է այսքան շուտ վիրավորվել: Երանի չվիրավորվեի, մնայի, էլի կռվեի մեր տղաների հետ, հայրենիքի սահմանները պաշտպանեի»,-նշում է նա:
Դերասանուհու փոխանցմամբ նա խոնարհվում է մեր զինծառայողների մայրերի, ծնողների, նրանց ընտանիքների առջեւ, եւ մաղթում է, որ հավատքը չկորցնեն, մինչեւ վերջ հավատան եւ հուսան, որ ամեն ինչ լավ է լինելու:
«Երազում եմ մի ժամ շուտ այս արհավիրքն ավարտվի: Իսկ առհասարակ ես զզվում եմ քաղաքականությունից, քաղաքական գործիչներից եւ այն ամենից ինչից, ինչ այսօր կատարվում է»,-հավելում է Ժաննա Բուտուլյանը:
Լիդա Եղիազարյան