Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված նոր պատերազամին՝ Լոնդոնում հրատարակվող The Economist-ը «Ղարաբաղյան դասերը» խորագրի ներքո գրում է, թե սպանվել են հարյուրավոր մարդիկ, երկնքում սավառնող անօդաչուները մահ ու կրակ են սփռում:
Սա մի հեռու երկրամասում փոքրիկ պատերազմ չէ, այն օրըստօրե սաստկանում է, կարող է ներգրավել գերտերություններին եւ դառնալ է՛լ ավելի արյունալի ու գարշելի:
The Economist-ը նշում է, որ «Նախեւառաջ Ամերիկան» Դոնալդ Թրամփի հռչակած հայտնի կարգախոսը համաշխարհային լիդերության տարածքում առաջացրել է պարապ, որը հանգեցնում է տեղական կոնֆլիկտների բորբոքմանն ու ընդարձակմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս պատերազմն ընկալում է որպես տարածաշրջանի, ինչպես նաեւ ամբողջ մահմեդական աշխարհի առաջնորդի դերում հաստատվելու միջոց:
Ռուսաստանն առայժմ լռելյայն համակերպվում է, բայց դա գուցե երկար չտեւի: Խիստ անհանգստացած է Իրանը, կա նաեւ ռազմաճակատից ոչ հեռու անցկացված էներգակիրներ փոխադրող խողովակաշարերի անվտանգության հարցը:
Կոնֆլիկտը կարգավորելու մեխանիզմները չեն գործում, խոչընդոտներից մեկն էլ աշխարհի բնականոն կյանքը խաթարող կորոնավիրուսի համավարակն է, որն է՛լ ավելի է դժվարացնում դիվանագետների աշխատանքը:
Եվ, այնուամենայնիվ, թիվ մեկ խնդիրն, ըստ Economist-ի, այն է, որ չկա գլոբալ լիդերություն, 1994-ին Ամերիկան եւ Ռուսաստանը կարողացել են զսպել պատերազմը, անցյալում ԱՄՆ նախագահները ժամանակ եւ ջանք են գործադրել՝ փորձելով զսպել պատերազմները Կովկասում, բայց Թրամփը նույնիսկ կորոնավիրուսով վարակվելուց առաջ մեծ հետաքրքրություն չի դրսեւորել:
Վլադիմիր Պուտինն էլ այսօր ավելի շատ զբաղված է ներքին խնդիրներով եւ մինչեւ որոշակի սահման պատրաստ է հանդուրժել Էրդողանի «չարաճճիություննները»: Պուտինին ձեռնտու է ցանկացած հանգամանք, որը կարող է տարաձայնություններ առաջացնել Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մնացած անդամների միջեւ։
Աշխարհում մեծ է սառեցված կոֆլիկտների թիվը, դրանց հիմքում կան պատմական, տարածքային կամ այլ հանգամանքներ: Ողբերգությունն այն է, որ այդ հակամարտությունները ցանկացած պահին կարող են տաքանալ ու պայթել:
Մի աշխարհում, որտեղ դեմոկրատական գերտերությունը կենտրոնացել է ներքին հարցերի վրա եւ ուշադրությունը շեղել է այլ թեմաներից, շատ դժվար է կանխել պատերազմները:
«Ադրբեջանը ձախողվել է Blitzkrieg իրականացնելու հարցում».
այս կոնֆլիկտին են անդրադառնում նաեւ ռուսաստանցի վերլուծաբանները: Վերլուծաբան Սերգեյ Մարկոդոնովի փոխանցմամբ՝ «Բաքուն ձախողվել է Blitzkrieg (կայծակնային պատերազմ) իրականացնելու հարցում եւ այս վիճակից պետք է փորձի դուրս գալ նվազագույն հանրային-քաղաքական կորուստներով:
Բայց հայկական կողմի համար էլ դժվար վիճակ է, քանի որ այդ կարգի ավերածություններ 90-ականների պատերազմից ի վեր չեն եղել:
«Պատերազմի երկարաձգումը Հայաստանին ձեռնտու չէ, պետք է գտնել այն դադարեցնելու հնարավորություններ, սակայն նույնիսկ եթե կարգավորումը շարունակվի դիվանագիտական ճանապարհով, վերադարձ պատերազմին բացառել չի կարելի, այս երկու շաբաթում կողմերի դիրքորոշումներում մերձեցում չի եղել, ընդհակառակը՝ փոխադարձ դառնությունը միայն ավելացել է», – կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբանը:
Միջազգային ինստիտուտները եւ իրավունքը տկար վիճակում են։
«Արդյոք կարո՞ղ է Ամերիկան կանգնեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի պատերազմը» վերնագրած հոդվածում The National Interest պարբերականը նշում է, որ աշխարհում միջազգային ինստիտուտները եւ իրավունքը հիմա տկար վիճակում են:
Եթե մեծ տերությունները նախկինում ղեկավարվել են վարվելակերպի որոշակի նորմերով, այսօր արդեն գործում են իրենց ցանկության համաձայն եւ ներքաշվում են տարբեր արկածախնդրությունների մեջ:
Այդպես, Ռուսաստանը 2008-ին ներխուժել է Վրաստան, 2014-ին բռնազավթել է Ղրիմը, Չինաստանն ընդարձակում է ազդեցությունը Հարավչինական ծովի տարածաշրջանում, Իրանը Եմենից Իրաք, Սիրիայից Լիբանան շիաների դաշինք է կայացնում, Սաուդյան Արաբիան միջամտում է Եմենի հարցերին, Թուրքիան սատարում է Սիրիայի եւ Լիբանանի գրոհայիններին, այդ ցանկը կարելի է շարունակել:
2019-ին Իլհամ Ալիեւը հայտարարել է՝ «աշխարհում գերակայող է դառնում ուժեղի իրավունքը, հետևաբար, երկիրը դրան պետք է պատրաստվի»:
The National Interest-ը նշում է, թե այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ իր արդյունավետությունը չի ապացուցել, հստակ ձեռքբերումներ չի ապահովել:
The Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականի վերլուծաբան Ռայնհարդ Ֆեզերն էլ կարծիք է հայտնում, որ Ռուսաստանի ազդեցության լծակները Ղարաբաղի հարցում թուլանում են, բանալին Մոսկվայի ձեռքում չէ, Թուրքիայի մասնակցությունը եւ Միացյալ Նահանգների կրավորական կեցվածքն է՛լ ավելի են սրում էսկալացիան:
Վաշինգտոնի եւ Մոսկվայի համագործակցությունը կկարողանար մեղմել վիճակը, սակայն Միացյալ Նահանգներն այս գործընթացից հեռու է մնում:
Ն.Հ.
ԽՆԴՐԵԼ Է ՆԱՏՕ-ԻՆ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ին խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի դերը` ղարաբաղյան հակամարտությանը նրա մասնակցության հետ կապված: Այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: «Ես ՆԱՏՕ-ին խնդրել եմ ուշադիր ուսումնասիրել այս հարցը, քանի որ կա մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը (Թուրքիան) մասնակցում կամ ներգրավվում է Դաշինքի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Հարցն այն է՝ արդյոք Թուրքիան կանաչ լույս է ստացել ՆԱՏՕ-ից: Եթե այո, ապա մենք պետք է իմանանք այդ մասին, եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը եւ ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի այն չմասնակցի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, այլ բարդացնում է իրավիճակը»,- նշել է նա:
ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղում մի քանի օր տեւած ինտենսիվ մարտերից հետո առաջ է քաշվել նոր դիվանագիտական նախաձեռնություն, որը պահանջում է «մարտական գործողությունների անհապաղ դադարեցում» եւ հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում «անհապաղ պարտավորություն ստանձնել առանց նախապայմանների բանակցությունները վերսկսել կարգավորման էության շուրջ». այս մասին նշում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ «Այս պահանջը, որը ձեւակերպվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների համաձայնեցված համատեղ հայտարարության մեջ, սովորաբար դիտվում է որպես Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եզակի դիվանագիտական համաձայնության տպավորիչ դրսեւորում։ Բայց ոչ մի սովորական բան չկա ո՛չ ղարաբաղյան հակամարտության, ո՛չ այս շաբաթվա մարտական գործողությունների մեջ։ Այդուհանդերձ, հույսի առկայծում կա, որ այս վերջին դիվանագիտական նախաձեռնությունն ազդեցություն կունենա երեք հիմնական պատճառներով։
ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի բացառել հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկու երկրների նախնական բանակցությունների ժամանակ, եթե Անկարան դադարեցնի սադրանքները Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Նա նշել է, որ Գերմանիայի միջնորդությամբ երկու կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցություններն այն պահից, որտեղից դադարեցրել էին 2016-ի մարտին: «Թույլ տվեք պարզաբանել, որ այս բանակցությունների թեման, ինչպես եւ նախորդ փուլերում, անփոփոխ է մնում. դա ծովային գոտիների սահմանազատումն է»,- ասել է նա:
ԱՆԵԼԱՆԵԼԻ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առեւտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել: Բանն այն է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապրանքները բոյկոտելու կոչեր են հնչում: Ի դեպ, այս նպատակով նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը։
ՆՈՐ ԴԵՊՔԵՐ
Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ին հայտնաբերվել են աղիքային հիվանդության նոր դեպքեր: Իրականացված համաճարակաբանական հետազոտության եւ բակային համայցի ընթացքում հայտնաբերվել է եւս 28 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ: Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով մինչեւ ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման եւ ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
ԽՈՒՃԱՊ ՉԿԱ
Երեկ հակառակորդի կողմից արձակված ԱԹՍ-ներն ընկել են Սոթք եւ Նորապատ համայնքների հարակից տարածքներում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ավետյանը: «Ժողովրդի մոտ ոչ մի խուճապային տրամադրություն չկա, այլ հակառակը՝ բոլորս մարտական ենք տրամադրված: Ժողովուրդն ավելի է ուժեղացել, եւ բոլորս պատրաստ ենք կռվել հանուն մեր հայրենիքի»,-ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ: