Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Իսկ ո՞ր երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 3 մլն 747 հազար 100 դոլարի չափով օգնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է. 2019-ի հունվար-օգոստոսին այն կազմել է 2 մլն 618 հազար 800 դոլար:
Իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից 660 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է մտել ՀՀ: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 451 հազար 100 դոլարի մարդասիրական օգնություն: Անցած տարվա 8 ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 9 մլն 784 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 593 հազար 700 դոլար:
Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել` 538 հազար 200 դոլարի չափով: Բայց Հնդկաստանը զգալի կրճատել է Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության չափը: Օրինակ՝ նախորդ տարվա ութ ամիսներին ՀՀ Հնդկաստանից եկել է 2 մլն 656 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, եւ դա՝ Ռուսաստանի Դաշնությունից:
Օրինակ, Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում եւս Ռուսաստանից Հայաստան ստացվել է 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան Չինաստանից եկել է 1 մլն 355 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 1 մլն 743 հազար 600 դոլար: Նկատենք նաեւ, որ Չեխիայից նախորդ տարվա ութ ամիսներին Հայաստան ստացվել է 18 հազար 400 դոլարի մարդասիրական օգնություն, իսկ այս տարի` 33 հազար 900:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է կարգավորել օգտակար հանածոյի արդյունահանման համար անհրաժեշտ հողհատկացման հետ կապված խնդիրները:
Մեզ հայտնի դարձավ, որ առաջարկվում է ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների վերագնահատման պահանջը սահմանել 2021 թվականից հետո հաստատված պաշարների համար: Պարզվում է, որ հանքավայրերի մակերեսների հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որի պատճառով էլ ներկայումս առաջանում են հողհատկացման հետ կապված խնդիրներ: Ըստ նախարարության՝ դրանք խոչընդոտում են օգտակար հանածոների պաշարների վերագնահատման եւ հաստատված պաշարների ողջ ծավալով արդյունահանման իրականացման գործընթացներին:
Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունն առաջարկում է կառավարությանը փոփոխել Ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը եւ շարադրել հետեւյալ կերպ. եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար՝ անկախ հայցվող իրավունքի տեսակից, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուի դեպքում ավարտվել են, մյուս դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչեւ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը: Պարզվում է, որ շատ հաճախ լինում են դեպքեր, երբ երկրորդ (կամ երրորդ եւ ավելի) դիմած դիմումատուի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացությունը ստացվում է ավելի շուտ, քան առաջինը դիմումատուինը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը կտրամադրվի հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչեւ 3 տարի ժամկետով եւ առանց երկարաձգման հնարավորության:
Ս.Հ.
ՄԱՇՎԱԾ ԿՈՅՈՒՂԱԳԾԵՐԸ՝ ՀԻՄՆԱՀԱՐՑ
Այրում համայնքի հիմնական խնդիրը համայնքի բնակավայրերի վթարային վիճակում գտնվող կոյուղագծերն են։ Խոշորացված համայնքի Այրում, Բագրատաշեն, Պտղավան եւ Հաղթանակ բնակավայրերում առկա բազմաթիվ բազմաբնակարան շենքերը մշտապես ունենում են կոյուղագծերի հետ կապված խնդիրներ։ Չնայած Այրումի համայնքապետարանի ջանքերին ու «Վեոլիա ջուր» ընկերության կատարած աշխատանքներին՝ վթարները կրկնվում են։ Խնդրի լուծումն է՝ աստիճանաբար փոխել 1960-ականներից ժառանգություն մնացած, անմխիթար վիճակում գտնվող կոյուղագծերը։ Դա կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ, որոնք համայնքը չունի։ Սակայն խոշորացված համայնքի բնակավայրերում մաշված կոյուղու որոշ հատվածներ փոխվում են։ Վերջերս Այրում համայնքի բյուջեի միջոցներով նոր խողովակաշարերով փոխվեց Բագրատաշեն գյուղի կենտրոնական փողոցներից մեկի կոյուղագծի գլխավոր ջրատարի ամբողջովին վնասված 250մ երկարությամբ հատվածը՝ վերացնելով հակահիգիենիկ միջավայրը եւ գարշահոտությունը։
ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ցանկանալով հնարավորինս օգնել հայրենիքը պաշտպանող զինվորին՝ Նոյեմբերյանի համայնքապետարանը հանդես է եկել կարեւոր նախաձեռնությամբ: Նոյեմբերյանի համայնքապետարանը նախապես վճարել է հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների այն վճարները, աշխատավարձերից պահվող 1000-ական դրամները, որոնք ամեն ամիս պարտադիր փոխանցվում են ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին` զինծառայողների ապահովագրության համար: Այդ 3 ամիսների համար ընդհանուր գումարը կազմում է 1.010.000 դրամ: Նոյեմբերյանի համայնքապետարանը խնդրում եւ առաջարկում է բոլոր անհատ ձեռնարկատերերին, ընկերություններին, ՀԿ-ներին եւ այլ կազմակերպություններին միանալ իրենց նախաձեռնությանը։
2-ԱԿԱՆ ՀՆԴԿԱՀԱՎ՝ 50 ԸՆՏԱՆԻՔԻ
Հայաստանի թռչնաբույծների միության նախաձեռնությամբ, համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Տավուշի մարզպետարանի հետ, բարեգործական նպատակով 100 հնդկահավ է ներկրվել Բերդ համայնքի սահմանամերձ Այգեպար բնակավայր: Իննսուն օրական հնդկահավերի հետ տարվել է նաեւ մի քանի օրվա կեր, մինչեւ գյուղացիները սեփական ուժերով կկարողանան դա ձեռք բերել եւ անցնել նախատեսված ծրագրով կերակրման ռեժիմին: Բարեգործական ակցիայից օգտվել է այգեպարցի հիսուն շահառու ընտանիք, որոնցից յուրաքանչյուրին տրվել է երկուական հնդկահավ՝ դրանք պահելու ու բազմացնելու նպատակով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ