«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը թեժանում է. արդեն առաջ են քաշվում կոնկրետ դատավորների անուններ, որոնք էլ կռիվ են տալու Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամների եւ, առհասարակ, դատավորների զգալի մասի նախընտրած թեկնածուն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն է: Վերջինս նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը, եւ դատական համակարգը ամեն ինչ անում է, որ ԲԴԽ-ն անցկացնի Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը:
Սակայն դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարն էլ իր մտերիմ անձին է ցանկանում անցկացնել եւ նշանակել Վճռաբեկ դատարանի նախագահ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանին:
Սակայն դատական համակարգում խոսակցություններ կան՝ չի բացառվում, որ, վերոնշյալ դատավորներից բացի, այլ դատավորներ եւս առաջադրվեն Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Սակայն բոլոր թեկնածուներին դեռեւս մեծ փորձություն է սպասվում ՀՀ Ազգային ժողովում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: