«Ասկոլկեն դեռ էրեխու մեջ ա». ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Նարեկ Արզոյանի հայրը մանրամասներ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել: Այժմ տղան գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում, պետք է ենթարկվի վիրահատության: Նշենք, որ Նարեկ Արզոյանը այժմ սովորում է Վարդենիսի 3-րդ հիմնական դպրոցում՝ 7-րդ դասարանում:
Armlur.am-ը զրուցել է վիրավորված տղայի հոր՝ Էդգար Արզոյանի հետ, պարզելու համար, թե այժմ ինչ վիճակում է իր որդին:

-Վիճակն արդեն բավարար է, նոր եմ խոսել հետը:

-Արդեն վիրահատե՞լ են ձեր տղային:

-Դեռ չեն վիրահատել, դեռեւս պարզ չի, թե երբ կլինի վիրահատությունը: Սպասում ենք, պետք է քննարկեն, հասկանան, ասեն, երբ են վիրահատելու:

-Իսկ գիտակցության եկե՞լ է Նարեկը, տեսել, խոսել եք նրա հետ:

-Հա, խոսել եմ, հիմա նորմալ է: Ձենն էսօր ավելի լավ էր, ցավերն ավելի քիչ էր, էրեխվա համեմատ:

-Նարեկը այդ ժամին որտե՞ղ էր, ինչպե՞ս դեպքը եղավ:

-Մենք կարտոֆիլի դաշտ ունենք, էդ պահին մենք բոլորս ընդեղ էինք, Նարեկը ու իմ մյուս տղան, գնացել էինք կարտոֆիլը հավաքելու: Դաշտի մեջ էինք, ԱԹՍ-ն եկավ ու ընգավ, կպավ էրեխուն: Էդ պահին տրակտորն էր աշխատում, առաջին անգամ գնացել էինք դաշտ, որ կարտոֆիլը հավքեինք: Արդեն ինչքան ժամանակա, չենք կարում դաշտ գնանք, անընդհատ կրակում են, դաշտերի վրա: Երեկ էր, որ առաջին անգամ գնացել էինք կարտոֆիլը հավաքեինք: Մեկ էլ էդ ձենը լսեցինք, ու փախանք, բայց Նարեկը վիրավորվեց, եթե չփախչեինք, կմահանայինք, մենակ Նարեկը վիրավորվեց: Վարդենիսի հոսպիտալում բուժօգնություն ցույց տվեցին ու արդեն տեղափոխեցին Երեւան:

-Իսկ ի՞նչ վիրահատության պետք է ենթարկվի ձեր որդին:

-Դեռ պարզ չի, փայծաղն է վնասված ու սպիտակ թոքը: Հստակ բան չկա, իր վիճակից է կախված, պետք է կայունա, որ կարողանան վիրահատել: Ասկոլկեն դեռ էրեխու մեջ ա, մարմնի մեջ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս