Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ վարում է ագրեսիվ պատերազմ:
Հոկտեմբերի 14-ին, խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը, ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 10 զինծառայող: Այդ ընթացքում ԱԹՍ-ների կողմից թիրախավորվել են նաև հարակից դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակիչներ, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Համապատասխան գործողությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի կատարած ագրեսիվ հանցագործության և այլ բնույթի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով: