ՖՈՏՈ. Բարձր աստիճանի վրա է մարտական ոգին. Հայկ Չոմոյանը՝ վիրավորվելու եւ կրկին սահման մեկնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վիրահատեցին, մեկ փամփուշտը, որը ոտքիս մեջ էր մնացել, հեռացրել են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է դերասան Հայկ Չոմոյանը, ով սեպտեմբերի 28-ին մեկնել էր առաջնագիծ հանուն հայրենիքի պաշտպանության:

«Արդեն ինձ լավ եմ զգում, անհամբեր սպասում են, թե երբ պետք է ապաքինվեմ, որպեսզի գնամ հասնեմ իմ ընկերներին, ովքեր հիմա կյանքի եւ մահվան կռիվ են մղում մարտում: Բացարձակապես ընկճված չեմ, կայուն, բարձր աստիճանի վրա է մարտական ոգին, եւ ոչ միայն իմը, այլ բոլոր այն տղաների, ովքեր հիմա առաջնագծում դուխով կանգնած են: Երբ ապաքինվեմ, նորից անկասկած գնալու եմ»,-մեզ հետ զրույցում նշում է Հայկը:

Հայկը լիահույս է, որ շուտով այս պատերազմը կավարտվի, եւ այլեւս երիտասարդ կյանքեր չեն զոհվի. «Ինչքան շուտ ավարտվի, այնքան լավ մեր երիտասարդության համար»:

Հավելենք, որ երեկ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը մեզ հետ զրույցում Հայկի վիրավորվելու մասին նշել էր. « Փառք Աստծու, Հայկի վիճակն այսօր համեմատաբար լավ է: Շատ վնասվածքներ ունի, ինչպես հրազենային, այնպես էլ բեկորային: Արդեն վիրահատվել է, վիճակը համեմատաբար լավ է:

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայկի  տրամադրությունը մարտական է։

«Ափսոսում է, թե ինչու է այսքան շուտ վիրավորվել: Երանի չվիրավորվեի, մնայի, էլի կռվեի մեր տղաների հետ, հայրենիքի սահմանները պաշտպանեի»,-նշում է նա:

Դերասանուհու փոխանցմամբ՝ նա խոնարհվում է մեր զինծառայողների մայրերի, ծնողների, նրանց ընտանիքների առջեւ, եւ մաղթում է, որ հավատքը չկորցնեն, մինչեւ վերջ հավատան եւ հուսան, որ ամեն ինչ լավ է լինելու:

«Երազում եմ մի ժամ շուտ այս արհավիրքն ավարտվի: Իսկ առհասարակ ես զզվում եմ քաղաքականությունից, քաղաքական գործիչներից եւ այն ամենից ինչից, ինչ այսօր կատարվում է»,-հավելում է Ժաննա Բուտուլյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս