ՈՒՇԱԳՐԱՎ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որ տեւել է մեկուկես ժամ, եւ որին հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը, բավականին ուշագրավ շեշտադրումներ արվեցին:  Նախ՝ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները բավականին կոշտ արտահայտվեցին Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին, ապա Լավրովն ընդգծեց՝ հասկանում են, որ ոչ բոլոր հարցերը պետք է արագ եւ  միաժամանակ լուծվեն: Եվ այստեղ ուշագրավ էր Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ հետաքննության մեխանիզմի ներդրման հետ կապված: Վերջինս այս առնչությամբ նշել էր. «Եթե կան մեղադրանքներ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հասցեին, մենք միշտ ենք խոսել այդ մասին՝ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդնել: Հայկական կողմերը չէ, որ հրաժարվել են այդ մեխանիզմի ներդրումից, այլ Ադրբեջանը»: Ապա Լավրովը վերահաստատեց, որ հրադարարի ռեժիմի պահպանման հարցերը շատ կարեւոր են: «Չի կարելի ձգձգել այդ մեխանիզմների ներդրման գործընթացը, զոհվածների դիակները եւ գերիներին պետք է վերադարձնել իրենց հարազատներին», – նշեց նա: Սակայն նկատենք, որ հայկական կողմը ոչ մեկ անգամ է խոսել հետաքննության մեխանիզմների ներդրման մասին,  սակայն ադրբեջանական կողմն ի սկզբանե փորձել է խուսանավել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից՝ ընդհուպ անգամ հերքելով նման հանձնառությունների գոյությունը ամիսներ անց՝ հունիսին:  Մասնավորապես, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին համաձայնությունը 2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում էր ձեռք բերվել։ Ամերիկյան նախաձեռնությամբ Վիեննայում կայացած այդ հանդիպման նպատակը ոչ թե կարգավորման բուն բանակցություններն էին, այլ շփումները վերսկսելու փորձը։ Չնայած  հայտարարություններին՝ Վիեննայի պայմանավորվածություններից կյանքի կոչվեց միայն մեկը. մեկ ամիս անց Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կրկին հանդիպեցին։ Նախաձեռնությունն այս անգամ Ռուսաստանինն էր, միջնորդն էլ՝ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը տեղեկացրեց, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել՝ իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Այդ հայտարարության մեջ, սակայն, խոսք չկար հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման մասին, մինչդեռ Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնության էին եկել նաեւ այդ հարցի շուրջ։ Եվ այս չորս տարիների ընթացքում այդպես էլ չի հաջողվել հասնել հետաքննության մեխանիզմների ներդրմանը, եւ կարեւոր էր, որ երեկ ՌԴ արտաքին գործերի նախարարը կրկին խոսեց այդ մասին:

 

 

Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ, ընդ որում՝ չկա անհրաժեշտություն տեղակայել նրանց այլ երկրներից, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրիյ Նովիկովը: «Կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրների կամքի պարագայում, ես կարծում եմ, որ չկա անհրաժեշտություն, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, ներգրավել խաղաղապահների»,- նկատեց նա:  Նովիկովն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ է հետաքրքրված, որպեսզի Կովկասում կոնֆլիկտը լուծվի, չնայած իր խաղաղապահ ծառայությունը դեռ չի առաջարկել: Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ, հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած, հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին ռազմագերիների եւ այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ եւ չափորոշիչներին համապատասխան, սակայն այն այդպես էլ չի պահպանվում:

 

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց, եւ այսօր թափուր է ինչպես այդ դատարանի նախագահի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաեւ քաղաքացիական պալատի դատավոր էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՎԴ նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր, եւ մեզ հայտնի դարձավ, որ Երվանդ Խունդկարյանի տեղը ցանկացել են դատավոր գնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, դատավոր Սամվել Գրիգորյանը եւ եւս երկու դատավոր, իսկ թե ով նրանցից կընտրվի եւ կներկայացվի ԱԺ-ի դատին, դեռ հայտնի չէ: Սակայն դատական համակարգում լուրեր կան, որ դատավորները վախի մեջ են, որովհետեւ Վճռաբեկ դատարանի դատավորը պետք է առաջին փուլ անցնի եւ ընտրվի ԲԴԽ-ի կողմից, որից հետո միայն ԲԴԽ-ն նրան պետք է ներկայացնի Ազգային ժողովի դատին, որի քվեարկությունից էլ կախված կլինի՝ ի վերջո դատավորը կարող է Վճռաբեկի դատավոր դառնալ, թե ոչ: Երվանդ Խունդկարյանի փոխարեն Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալ ցանկացողները չգիտեն՝ եթե ցանկություն հայտնեն դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում:

 

 

 

Երկար ճանապարհ անցած գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս»-ը, անգամ հայտնի է աճուրդի օրը՝ հոկտեմբերի 23-ը: Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` հյուրանոցը նվիրում է պետությանը: Դրանից հետո կառավարությունը որոշեց աճուրդի հանել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի գնահատված արժեքն այս աճուրդին կազմում է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ (հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ): Տեղեկացնենք, որ հինգաստղանի հյուրանոցում տեղավորվել էին կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփվածները:

 




Լրահոս