«Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ, ընդ որում՝ չկա անհրաժեշտություն տեղակայել նրանց այլ երկրներից, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրիյ Նովիկովը: «Կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրների կամքի պարագայում, ես կարծում եմ, որ չկա անհրաժեշտություն, ՌԴ կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից բացի, ներգրավել խաղաղապահների»,- նկատեց նա: Նովիկովն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ է հետաքրքրված, որպեսզի Կովկասում կոնֆլիկտը լուծվի, չնայած իր խաղաղապահ ծառայությունը դեռ չի առաջարկել:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ, հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած, հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին ռազմագերիների եւ այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ եւ չափորոշիչներին համապատասխան, սակայն այն այդպես էլ չի պահպանվում:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրիյ Նովիկովի հետ:
-Պարո՛ն Նովիկով, չնայած հոկտեմբերի 9-ին շուրջ 11 ժամ տեւած քննարկումներից հետո որոշվեց հումանիտար հրադադար սահմանել ռազմագերիների եւ այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ եւ չափորոշիչներին համապատասխան, սակայն այդ որոշումը հակառակ կողմից այդպես էլ չի կատարվում: Ստացվում է՝ համաձայնությունը ոչինչ չփոխեց:
-Հրադադարի հաստատումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի մասով նպաստել է Ռուսաստանի Դաշնության հավասարակշռված դիրքը: Դա սպասելի երեւույթ էր: Շատ հավասարակշռված քաղաքականությունը Մոսկվային հնարավորություն է տվել հարցեր կարգավորել բազմաթիվ խնդրահարույց գոտիներում, այդ թվում՝ հետսովետական տարածքում: Ղարաբաղյան հակամարտությունն էլ նրանցից մեկն է: Մենք ելնում ենք նրանից, որ ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի ազգերը մեզ եղբայրական են, եւ մենք չենք կարող կտրուկ որեւէ մեկի կողմը գրավել, չնայած որ Հայաստանի հետ ունենք դաշնակցական հարաբերություններ եւ գտնվում ենք նույն միությունների կազմում: Այստեղ մեր խնդիրն է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել այնպիսի որոշումների, որոնք հնարավորություն կտան արձակել գոյություն ունեցող հանգույցները:
-Այս իրավիճակում, սակայն, ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:
-Նկատենք, որ դժվար կոնֆլիկտ է, որն ունի երկար պատմություն, սակայն կարծում եմ, որ բարի կամքի պարագայում այն կարող է լուծվել: Այժմ մենք շատը կարեւոր պահ ենք ապրում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը հերթական անգամ լուծման շանս ունի: Պետք է հույս ունենալ, որ տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված քայլերը շուտ կտան իրենց արդյունքը:
-Իսկ ի՞նչ դեր կարող է ունենալ սահմանին խաղաղապահների տեղակայումը:
-Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ: Կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրների կամքի պարագայում, ես կարծում եմ, որ չկա անհրաժեշտություն, բացի ՌԴ կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, ներգրավել խաղաղապահների: Իհարկե, մենք շատ շահագրգռված ենք հարցի կարգավորմամբ, եւ տարօրինակ կլիներ, եթե հանդես գայինք միայն հայտարարություններով՝ չխոսելով խաղաղապահների տեղակայման մասին:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԲՌՆԱՊԵՏ ԱԼԻԵՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆԴԵՊ
Պետք է դադարեցնել Բաքվի ագրեսիան. ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան՝ անդրադառնալով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին:
«Այն, ինչ կատարվում է այժմ Արցախում, այն համարվում է բռնապետ Ալիեւի քաղաքականությունը փոքրիկ Արցախի հանդեպ: Որպեսզի այս ամենը կանգ առնի, պետք է միջազգային հանրությունը ճանաչի Արցախին՝ որպես անկախ պետություն: Երբ խոսում եմ միջազգային հանրության մասին, առաջին հերթին նկատի ունեմ Եվրոպական Միությանը: Ինչպես գիտեք, Եվրոպական Միությունը դեռ չի ճանաչել Արցախը, եւ հիմա այն, ինչ կատարվում է, նաեւ դրա հետեւանքն է: Եվ պետք է այդ հարցը բարձրաձայնել դիվանագիտական ճանապարհներով, ուժեր ներդնել, որպեսզի ԵՄ-ն ճանաչի Արցախը որպես անկախ պետություն»,-նկատեց Եվրախորհրդարանի անդամը:
Շտետինայի խոսքով՝ ճանաչման գործընթացը պետք է սկսվի հենց Հայաստանից, եւ չնայած դեռ այն չի եղել, սակայն Եվրախորհրդարանի անդամը նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն այդ մասին խոսում է: «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվում է, եւ կարծում եմ, որ ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախը: Եվ կարծում եմ՝ ճիշտ է, որ հենց Հայաստանն առաջինը ճանաչի Արցախի անկախությունը»,-հավելեց նա:
Եվրախորհրդարանի անդամը ընդգծում է՝ ոչ թե պետք է ճնշումներ գործադրվեն Եվրոպական Միության վրա, այլ պետք է հավաքվեն հեղինակություն ունեցող տարբեր մարդիկ եւ այդկերպ փորձեն ազդել միջազգային հանրության վրա: «Պետք է բացահայտ դա պահանջել Եվրոպական Միության կողմից, որպեսզի նրանք ճանաչեն Արցախի անկախությունը: Այստեղ կարեւոր է մտավորականների, լրագրողների, գրողների դերը: Եվ այստեղ ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ ժողովրդավար հասարակության դերն է: Ժողովրդավար անձինք, ինստիտուտները պետք է դրան նպաստեն, քանի որ եթե դա չարվի, նրանք կկրեն Արցախում տեղի ունենալիք երեւույթների պատասխանատվությունը: Եվ ցանկացած պարագայում հայերը հիմա նոր սպառնալիքի վտանգի առջեւ են»,-հավելեց նա:
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԴ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներքին քննարկումներ են եղել ՍԴ անդամ հնաբնակների միջեւ, եւ առաջարկ է հնչել, որ, որպես ՍԴ նախագահի թեկնածու, առաջադրվի նաեւ Արման Դիլանյանը: Ավելին, անձամբ Վահե Գրիգորյանն է ասել, որ ամեն ինչ կանի, որ հենց Դիլանյանը ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ, ոչ թե Խունդկարյանը, քանի որ հասկացել է, որ ոչ մի դեպքում ինքը չի կարողանա դառնալ ՍԴ նախագահ։ Հավելենք, որ Սահմանադրական դատարանում նոր կոալիցիա է ստեղծվել, եւ Հրայր Թովմասյանը պայքարում էր, որպեսզի Երվանդ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ:
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի մարդիկ չզոհվեն, անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ եւ առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որի ձեւաչափն այժմ գործում է. այս մասին ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում բազմիցս արտահայտվել է: «Այս պահին ձեռնարկված մեր գործողությունների տրամաբանությունը բխում է հենց դրանից: Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Այս հակամարտության ռազմական լուծում չկա եւ չպետք է լինի: Անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ առարկայական բանակցություններ վարել»,- շեշտել է Կոպիրկինը: Դեսպանը նաեւ հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը խաղաղապահների` Ղարաբաղ մտցնելու հարցը չի քննարկվել:
ՕՐՀԱՍԱԿԱՆ
«Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է»,- ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում են պայքարի մեջ: «Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության եւ համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»,-եզրափակել է նա: