ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, եւ Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց կարեւոր է»,- երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման սկզբում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

 

Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ` դեռ մինչեւ պատերազմի սկսվելը ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա: Ինչպես ինքը՝ Մնացականյանն է ասել` պատերազմը, իհարկե, փոխել է մոսկովյան այցի օրակարգը, եւ հիմնական հարցն այդ օրակարգում պատերազմն է Արցախում։

Լավրովի հետ հանդիպմանը Մնացականյանն այսօր մանրամասն թվարկել է, թե ինչ վնասներ է հասցրել շարունակվող պատերազմը Արցախին՝ չնայած հումանիտար հրադադարին: Զոհվել են խաղաղ բնակիչներ, հարյուրից ավելին վիրավորվել են, մեծ վնաս է հասցվել Արցախի բնակելի շենքերին եւ ենթակառուցվածքներին։ Ռուսաստանի արտգործնախարարը, ում միջնորդությամբ հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ, որ տեւել էին 11 ժամ, եւ որի արդյունքում ստորագրվել էր հումանիտար հրադադարի մասին փաստաթուղթը, այսօր ասաց, որ հրադադարը խախտվում է: «Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը ամբողջովին դեռ չի կատարվում, եւ ռազմական գործողությունները շարունակվում են։ Մենք հուսով ենք, որ այն շփումները, որ ունենք մեր ադրբեջանցի հարեւանների հետ, այդ թվում նաեւ՝ Պաշտպանության նախարարության գծով, թույլ կտան հասնել նրան, որ այդ պայմանավորվածություններն ամբողջովին կատարվեն», – ասել է Լավրովը։

Հավելենք` Զոհրաբ Մնացականյանը երեկ ղարաբաղյան խնդիրը քննարկել է նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հոկտեմբերի 8-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ավելին` երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բայրամովի հետ զրուցել են հեռախոսով։ Իսկ կշարունակվեն արդյոք բանակցությունները եռակողմ ձեւաչափով, թե ոչ, եւ արդյոք Բայրամովը նույնպես կժամանի Մոսկվա, այս պահին պաշտոնական տեղեկություն չկա։ Հայտնի է միայն, որ Մնացականյանը Մոսկվայում կլինի մինչեւ հոկտեմբերի14-ը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե «Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես Մինսկի խմբի ձեւաչափի, այնպես էլ այլ ձեւաչափերի շրջանակներում»:  Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդության լիազորություն ունեն երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան՝ ընդգծելով, որ Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարության կետերից մեկով ֆիքսել են բանակցային գործընթացի  ձեւաչափի անփոփոխելիությունը:

«Վերջին օրերին այն հայտարարությունները, որոնք հնչել են համաշխարհային մայրաքաղաքներից, ընդգծում են հավատարմությունը երեք համանախագահների մանդատին»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում են եւ հանդիպելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, իսկ անցած շաբաթ Ժնեւում կոնտակտներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:

«Մենք վերահաստատում ենք բանակցային գործընթացի, բանակցային ձեւաչափի անփոփոխելիությունը: Եռակողմ համատեղ հայտարարությամբ վերահաստատել ենք հավատարմությունը քաղաքական կարգավորման հասնելու հետագա ջանքերին՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ»,- ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Իլհամ Ալիեւը նույնպես ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունները:

Սերգեյ Լավրովը հավելեց, որ կապ է հաստատել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, նրան տեղյակ է պահել, որ ակնկալում են աջակցություն իրենց  ջանքերին: «Կիրակի մենք եւս մեկ հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում հաստատվել է աջակցությունը մոսկովյան փաստաթղթին»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է, որպեսզի մոսկովյան պայմանավորվածություններն աշխատեն ռեալ կյանքում, ինչի ուղղությամբ աշխատում են:

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ինչպես Մոսկվան էր ընդգծում,  որի արդյունքում կողմերը հումանիտար հրադադարի մասին կարճ փաստաթուղթ են ստորագրել: Փաստաթղթում այդ թվում նշված է, որ կողմերը համաձայն են սկսել սուբստանտիվ, այսինքն` բովանդակային բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Ն.Հ.

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է

Արցախի Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հաղորդագրությամբ. «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։ ԱՀ ՊԲ ղեկավարության կողմից բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրված 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 12։00-ին դադարեցնելու ռազմական գործողությունները։ Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման եւ շփման գծում իրավիճակի կայունության դեպքում պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել»։

 

 

ԱՆԿԱՐԱՆ ՃՆՇՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի անմիջական ճնշման ներքո խափանում են Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ Ռուսաստանի միջնորդական առաքելությունը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, հանրապետության նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:  Նրա կարծիքով՝ Բաքուն այդկերպ փորձում Է բարձրացնել Անկարայի դերը հակամարտության կարգավորման հարցում: «Արցախում ներկայումս ընթանում են կատաղի մարտեր՝ չնայած նրան, որ ՌԴ-ի միջնորդությամբ Մոսկվայում ընդունվեց հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնություն: Դա նշանակում Է, որ Անկարան ամեն կերպ ճնշում Է Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց հերթին խափանում են ՌԴ-ի միջնորդական առաքելությունը՝ հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերը բարձրացնելու նպատակով»,-ասել է նա:

 

 

ԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, եղել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, հանդիպել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։ «Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ապաստանած բնակիչների հաշվառման, կենսապայմանների բարելավման, նպաստների եւ թոշակների վճարման առնչությամբ առաջացած հարցերը այդ ուղղությամբ գործընկեր գերատեսչության հետ առաջիկայում նպատակաուղղված աշխատանք իրականացնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում այս տարվա ութ ամիսներին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերի քանակը զգալի ավելացել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը կազմել են 12 հազար 910, իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը կազմել է 6744: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 6166-ով աճել է չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը: Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանում այս տարվա ութ ամիսներին արձանագրվել է վիրուսային թոքաբորբի 18 հազար 520 դեպք:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ գրիպի դեպքերի քանակը եւս ավելացել է: Օրինակ, նախորդ տարվա ութ ամիսներին գրիպ՝ հարուցված այլ նույնականացրած գրիպի վիրուսով դեպքերի քանակը կազմել է 291, իսկ, ահա, այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք 361-ն են: Իսկ, ահա, թոքաբորբով գրիպի դեպքերը, եթե նախորդ տարվա հունվար-օգոստոսին 9-ն են եղել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 36:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԽՈՍԻ

Մոտ ապագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կխոսի հանրության հետ. այս մասին ասել է Ազգային Ժողովում  փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ըստ պատգամավորի՝ վարչապետը նաեւ տեղեկություն կտրամադրի ստեղծված իրավիճակի շուրջ: Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ դեսպանների հետ:

 

 

ՏԱՐԱԾՎԵԼ Է ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը եւ Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը։ «Եվրոպայի խորհրդում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ»,- հայտնում է նախարարությունը։

 




Լրահոս