ՖՐԱՆԿԼԻՆ ԳՈՆՍԱԼԵՍԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, եւ քրեական գործը ուղարկվել Է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է քննելու Ֆրանկլին Գոնսալեսի դեմ հարուցված քրեական գործը. այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:

 

Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ եւ ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետեւ դրանք, թաքցնելով պայուսակների մեջ, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել եւ պահել իր կողմից նախապես վարձակալած, Երեւան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018 թվականին Արտեմ Պետրոսյանի միջոցով, Նարեկ Սարգսյանից ստացած ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի կողմից այդ տարածքում պահելու նպատակով Երեւան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նույն ժամանակահատվածում Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել եւ իրեն պատկանող Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ, այնուհետեւ դրանք, առանց իրացնելու նպատակի, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանին հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին, որպեսզի պայուսակում թաքցված վերը նշված թմրամիջոցները փոխադրի եւ պահի իր կողմից նախապես վարձկալած, Երեւան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018թ. Արտեմ Պետրոսյանի միջոցով, Նարեկ Սարգսյանի ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի կողմից այլ տարածքում պահելու նպատակով Երեւան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ինչպես նաեւ Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել եւ Երեւան քաղաքի Արտաշատի խճուղի 67/1 հասցեի գտնվող իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանում առկա դարչնավուն երանգի թղթյա փաթեթի մեջ գտնվող, կաշվե պատյանին նմանվող առարկայի մեջ առկա սեւ գույնի կափարիչով, դարչնավուն երանգի, թափանցիկ, ապակյա տարայի մեջ ապօրինի պահել է խոշոր չափերի՝ 0,031գրամ մաքուր քաշով կոկային տեսակի թմրամիջոց, կոկային տեսակի թմրամիջոցի մետաղական կառուցվածքի, գլանաձեւ առարկա, ինչպես նաեւ կոկոյին տեսակի թմրամիջոցի հետքերով մետաղական կառուցվածքի, ուղանկյունաձեւ առարկա, որոնք 04.07.2018թ. կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Բացի այդ, նա, նախնական համաձայնությամբ, գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել եւ ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առեւանգումը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲԱՅՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, մահացել է կորոնավիրուսից: Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հենց առաջին օրվանից հանրությունը, կարծես թե, մոռացավ Հայաստանն ու աշխարհը փոթորկած կորոնավիրուսի մասին, մինչդեռ վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության եւ, առավել եւս, բժշկական ոլորտի համար: Ու ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք մեզ նետված այդ մարտահրավերի, աներեւույթ թշնամու եւ պատերազմի այդ առաջնագծի մասին:

Հայտնի է, որ թշնամու անմարդկային գործողությունների հետեւանքով ունենք շատ վիրավորներ: Վերջին օրերին Հայաստանի եւ Արցախի բժիշկների թիվ մեկ պարտականությունն ու խնդիրը, կարծես թե, դարձավ հենց վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելը: Իսկ ՀՀ քաղաքացիները պետք է, լավ գիտակցելով իրավիճակը, ոչ թե մոռանան վարակի մասին, այլ ամեն ինչ անեն, որպեսզի բժշկական համակարգը չծանրաբեռնվի: Ինչո՞ւ ենք մոռացել կորոնավիրուսի դեմ պայքարելու տարրական կանոնների մասին եւ անգամ դիմակ չենք կրում: Այս օրերին փողոցներում, հասարակական վայրերում, անգամ հանրային տրանսպորտում եւ դպրոցներում մարդկանց մեծամասնությունը դիմակ չի կրում, այնինչ դա ամենատարրական ու միաժամանակ ամենաարդյունավետ միջոցն է կորոնավիրուսի արհավիրքի դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով նոր վարակակիրների թվերը շարունակ աճում են. հոկտեմբերի 1-ին Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 491 դեպք, հոկտեմբերի 2-ին՝ 532 դեպք, հոկտեմբերի 3-ին՝ 543 դեպք, եւ այսպես շարունակ: Այս թվերը պետք է ազդակ լինեն հանրության համար, որպեսզի պահպանեն տարրական կանոնները եւ գոնե փակ վայրերում բացառապես դիմակով լինեն:

Նշենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով:

 

 

ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՖՈՆԻՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների կապակցությամբ նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսին: Ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային եւ նպաստում վիրուսի տարածմանը:  Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ եւ կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր: Հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով մարդասիրական աղետը կասեցնելու եւ COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար: «Եթե Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետեւանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- եզրափակել է նախարարը:

 

 

ՆՈՐ ԳՈՐԾ՝ ՕՇԱԿԱՆՑԻ ԳԵՎՈՐԻԿԻ ԴԵՄ

Նոր քրեական գործ է հարուցվել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի՝ Գեւորգ Մելիքյանի դեմ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեւորգ Մելիքյանը փետրվարի 22-ից հետո, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակություն, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդման նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ:

Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի, Գեւորգ Մելիքյանը ստանձնել է լուծել իր մտերիմ, Բոքսի Ապեր մականվամբ հայտնի անձի խնդիրը:  Այսպիսով Բոքսի Ապերը դիմել է Օշականցի Գեւորիկին, որ օգնի իրեն: Բանն այն է, որ նրան պատկանող Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 21-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող «Շին գրուպ» ՍՊԸ շինանյութի խանութ սրահից տարբեր անձինք տարատեսակ շինարարական ապրանքներ եւ գյուղատնտեսական տեխնիկա են վերցրել ու պարտք մնացած գումարները չեն վճարել, եւ ինքը խնդրել է Գեւորգ Մելիքյանին, որպեսզի կարողանա նրա միջոցով այդ գումարները հետ ստանալ:

2020 թվականի մայիսի 29-ին Օշականցի Գեւորիկը հանդիպման է կանչել վեճի կողմ հանդիսացող անձանց ու իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող հնարավորություններն օգտագործելով՝ լուծել է մասնավոր, այն է՝ գումարի վերադարձման հարցին առնչվող վեճը՝ պարտապանների համար սահմանելով կոնկրետ ժամկետներ շինարարական ապրանքները կամ դրանց համարժեք գումարները վերադարձնելու համար, ինչի արդյունքում 2020թ. մայիսի 30-ին եւ 31-ին պարտապանները պարտատիրոջն են վերադարձրել շինարարական ապրանքների մի մասը, որից վերջինս, որպես փայաբաժին, Գ. Մելիքյանին է փոխանցել մի քանի անուն գյուղատնտեսական տեխնիկա, որն էլ վերջինս ստացել է որպես անօրինական օգուտ:

Նշենք, որ դեռեւս 2020 թվականի օգոստոսի 28-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում Օշականցի Գեւորիկ մականվամբ Գեւորգ Մելիքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվ, ահա, այս գործով ԱԱԾ-ն հայտարարել է նախաքննության ավարտ, եւ հիմա էլ նոր բացահայտում է իրականացվել Գեւորգ Մելիքյանի գործողությունների մասով:

 




Լրահոս