Եվրոպական միությունը հորդորում է խիստ հավատարիմ մնալ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հումանիտար նպատակներով ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Այս մասին ասված է Արտաքին գործողության եվրոպական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար զինադադարի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությունը: ԵՄ-ն կողմերին հորդորում է խիստ հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնությանը եւ կոչ անում բոլոր դերակատարներին, այդ թվում՝ արտաքին կողմերին ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ զոհերի: Այս առումով մենք ծայրաստիճան անհանգստությամբ ստանում ենք հաղորդումներ շարունակվող ռազմական գործողությունների, այդ թվում՝ ուղղված քաղաքացիական թիրախների դեմ, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին եւ կողմերին հորդորում ապահովել համաձայնության նկատմամբ լիակատար հարգանք տեղական մակարդակում: ԵՄ-ն կողմերին կոչ է անում առանց հապաղելու վերադառնալ բովանդակային բանակցությունների դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների եւ համաձայնեցված սկզբունքների հիման վրա»,- ասված է հայտարարությունում:
ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հակամարտությանը բանակցությունների միջոցով քաղաքական լուծում գտնելու հարցում եւ կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում եւ հրթիռակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Շուշին: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաեւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի եւ սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման եւ Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ, հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած, հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցում ռազմագերիների եւ այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ եւ չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 11-ի երեկոյան, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա եւ հրթիռահրետանային միջոցներ։
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ԹՐԱՄՓԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ
Հարավային Կովկասում մի քանի շաբաթ ձգվող հակամարտության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լռությունը մտահոգում է Նահանգների հայ համայնքին, որն իր բողոքն է արտահայտում Թրամփի վարչակազմի անգործության պատճառով: «Ամերիկայի 1,5 միլիոնանոց հայ համայնքը կոչ է արել նախագահին եւ Կոնգրեսին դատապարտել Ադրբեջանին: Համայնքը նաեւ վրդովված է հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությամբ եւ նախագահի՝ Անկարային դատապարտելու ցանկության բացակայությամբ»,- այս մասին գրում է The Hill պարբերականը:
Լրատվամիջոցը նկատել է, որ հազարավոր ամերիկահայեր հավաքվել էին Սպիտակ տան մոտ իրենց բողոքը հայտնելու Թրամփի կողմից անգործությանը: «Թեկուզ Թրամփը մեկ թվիթ գրեր խաղաղության կոչով: Անգամ դա տեղի չի ունենում»,- ասել է Նահանգներում բողոքի ակցիաները կազմակերպած անձանցից Արսեն Խառատյանը:
Սեպտեմբերի 29-ին նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ Թրամփը պետք է կոչ անի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնարդներին դադարեցնել ռազմական գործողություններն ու դատապարտել Թուրքիայի միջամտությունը:
Ըստ պարբերականի՝ Թրամփը միացել էր Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ համատեղ հայտարարությանը, սակայն Թուրքիան չէր անվանել հակամարտությանը միջամտող երկիր: Նշվում է, որ Թրամփը կարգավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր փոխհարաբերությունները: «Հուսադրող է փոխնախագահ Բայդենի քննադատությունը Թուրքիայի միջամտության մասին,-ասել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:- Մենք դեռ պետք է դա լսենք Թրամփից, հենց դրա վրա են ուշադրություն դարձնում երկրի հայերը»:
Պարբերականը նկատում է, որ այս հարցը դժվար թե փոխի նախագահական ընտրությունների ընթացքը, սակայն 2020-ի համար, այնուամենայնիվ, հետեւանքներ կունենա:
Ամենամեծ հայ համայնքները Լոս Անջելեսում են, Նյու Յորքում եւ Բոստոնում, որոնք Բայդենի համար անվտանգ նահանգների ժողովրդավար քաղաքներ են:
Որպես համախմբված քրիստոնեական համայնք՝ ամերիկահայերը ամենայն հավանականությամբ կքվեարկեն իրենց հուզող հարցերի հիման վրա, այլ ոչ թե ընտրելով կուսակցությունը: Բացի ներքին խնդիրներից, նրանք ընտրում են թեկնածուներին Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, կրոնական ազատությունը սատարելու եւ պատմական հայրենիքի հետ դրական հարաբերությունների հիման վրա:
Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկումը համախմբել է ամերիկահայերի համայնքը, որը խորը կապ եւ պատասխանատվություն է զգում Հայաստանում տեղի ունեցողի հետ եւ հանդես է գալիս հակամարտության գոտում ապրող հայերի պաշտպանության օգտին:
ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբոնյանը պարբերաբար համացանցում հարցեր է հավաքագրում, հետո դրանց պատասխանում Տավուշի մարզային «Տավուշ ՏՎ» հեռուստաընկերության «Մարզպետի ժամ» հաղորդաշարի ընթացքում։ Գրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը մշակույթի վերաբերյալ հարց էր ուղղել մարզպետին, սակայն Հայկ Չոբանյանը դրան չէր պատասխանել։ Դիտելով մարզային հեռուստաընկերությամբ, մարզպետի մասնակցությամբ հերթական հաղորդումը՝ Սամվել Բեգլարյանը քննադադատել է Հայկ Չոբանյանին՝ գրելով. «Դուք ընդամենը երկարաշունչ ելույթ ունեցաք՝ ըստ էության չպատասխանելով եւ ոչ մի հարցի: Ասեմ նաեւ, որ դրսից եկած համերգային խմբերը չեն կարող ներկայացնել մարզի մշակութային դեմքը, նամանավանդ որ մոռանում եք կամ չգիտեք, որ մենք վաստակաշատ թատրոն ունենք, հրաշալի պարախմբեր, երգչախմբեր։ Մարզում ճանաչված գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, պարուսույցներ ու պարողներ կան, դա է մեր մշակույթը, իսկ Դուք Երեւանից փող պոկելու համար մի օրով «ծիկ արած» անուններ եք թվում»։
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԸ ՆՈՐՈԳՎԵԼ ԵՆ
Բերդի համայնքապետարանից հայտնեցին, որ հիմնանորոգման եւ վերանորոգման ծավալուն աշխատանքներ են կատարվել Բերդի համայնքի մաս կազմող Վարագավանի, Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի եւ Պառավաքարի մանկապարտեզների շենքերում: Մանկապարտեզները հիմնանորոգվել, վերանորոգվել են Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի միջոցներով՝ Բերդի համայնքապետարանի ներդրմամբ: «Focus on Children Now» (FCN) բարեգործական կազմակերպությունը գույք է տրամադրել Այգեպարի եւ Վարագավանի մանկապարտեզներին, իսկ Վարագավանի եւ Պառավաքարի մանկապարտեզների բակում կազմակերպության միջոցներով խաղահրապարակներ են տեղադրվել:
ՄԻԼԻՈՆՆԵՐԸ՝ ԳՐՊԱՆԻ ՄԵՋ, ՀԱՏԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ
Հայկ Դարբինյանին եւ Արշակ Գումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2019 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մեկնել են Վրաստանի Մառնեուլի քաղաք ՀՀ արտարժույթ ներկրելու նպատակով։ Նույն օրը Մառնեուլի քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետից նրանցից յուրաքանչյուրը ստացել է 18 միլիոն 72 հազար ՀՀ դրամին համարժեք 2 միլիոն 400 հազար ՌԴ ռուբլի, գումարները պահել են իրենց գուլպաների մեջ եւ նույն օրը Բագրատաշենի մաքսակետով հատել հայ-վրացական սահմանը, որից հետո բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Հայկ Դարբինյանին եւ Արշակ Գումաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215.1 հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ