ԱԳՐԵՍԻԱՆ ՍԱՆՁԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՐԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել են քրեական գործեր:

 

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է. «2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13.00-ից սկսած, եւ դրան հաջորդող օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի, պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի եւ այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական եւ սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմեր, 1945թ. հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ եւ (կամ) Միավորված ազգերի նպատակներին անհարիր որեւէ այլ ձեւով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից), 1974թ. դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձեւի «ա» կետի  (պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը այլ պետության տարածք), «բ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ պետության կողմից այլ պետության տարածքի դեմ ցանկացած զենքի կիրառումը), «գ» կետի եւ 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի (այսուհետեւ՝ ՄՔԴ) Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնեւի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնեւի 1977 թվականի 1-ին Լրացուցիչ արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի եւ 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերի (այսինքն՝ պետությունների պրակտիկան սահմանում է պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պետությունն արդյոք հանդիսանում է 1-ին Լրացուցիչ արձանագրության կամ ՄՔԴ ստատուտի մասնակից) պահանջները, ականանետային-հրթիռահրետանային միջոցների կրակահերթերի եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ոտնձգել են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ եւ իրականացնելով ագրեսիայի ակտ: Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված շուրջ մեկ տասնյակ քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով պատերազմ վարելու արգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից, համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խորը թիկունքում եւ մարտական գործողություններին չմասնակցող 10 խաղաղ բնակավայրերի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, նույն մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ բնակավայրերի, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիք համայնքների, Կոտայքի մարզի Կապուտան, Կոտայք համայնքների, Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ խիտ բնակեցված շրջաններում ապրող քաղաքացիական բնակչությանը, կարեւորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, բնակելի տները, ուսումնական հաստատությունները եւ այլ ենթակառուցվածքները, մարդատար ավտոբուս, առանձին քաղաքացիական անձանց, որի արդյունքում սպանվել են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող թվով 4 անձինք, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել երկու քաղաքացիներ։ Ականանետային-հրթիռահրետանային միջոցների եւ ԱԹՍ-երի կիրառմամբ գրոհները հանգեցրել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով մասնավոր եւ պետական գույքի կանխամտածված ոչնչացմանը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հանցավոր գործողությունների արդյունքում 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքում՝ Վարդենիս համայնքի մոտակայքում, խոցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ՍՈՒ 25 օդանավը, որի արդյունքում զոհվել է օդանավի օդաչու մայոր Վալերի Դանելինը։

Ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ»:

 

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2020՝ թվականի հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի եւ վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներ, մշակութային եւ կրոնական վայրեր, ինչպես նաեւ սպառնում է լրագրողների անվտանգությանը:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես՝ «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայով եւ դրա երկու (1954թ. եւ 1999 թ.) արձանագրություններով ստանձնած պարտավորությունները՝ կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը: Սա ներառում է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Հակամարտության դեպքում լրագրողների, մեդիամասնագետների եւ հարակից անձնակազմի պաշտպանության մասին» 2222 (2015թ.) բանաձեւով ստանձնած պարտավորությունները: Դրանք միտված են աջակցելու ազատ, անկախ եւ անկողմնակալ լրատվամիջոցներին՝ որպես ժողովրդավարական հասարակության կարեւոր հիմքերից մեկը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաեւ բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց եւ ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա եւ դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների եւ համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով եւ հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաեւ ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել` աջակցելու այդ հանձնառությունների եւ պարտավորությունների կատարմանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ուսումնական հաստատությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների եւ մշակութային ժառանգության թիրախավորման, մասնավորապես՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման փաստը դատապարտելու   նպատակով:

 

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 370 ԴԵՊՔ

Հայաստանում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 370 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56821 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ աառողջապահության նախարարության հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 327163, վերջին մեկ օրում` 1269 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9598 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 294-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 45891 անձ, վերջին մեկ օրում՝ 67 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1026 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 306 է:

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՊՐԵՍԻԱ

Նոր կորոնավիրուսի համավարակի հարուցած ներկայիս ճգնաժամը հարկ Է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա: Նման կարծիք Է հայտնել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելփասը: «Վախենամ, որ մենք պետք Է դա դիտարկենք որպես տնտեսական դեպրեսիա: Հարցն այն է, թե որքան երկար դա կտեւի. 1930-ական թվականներին (այն) տեւեց 10 տարի կամ որոշ երկրներում ավելի երկար, եւ ես հուսով եմ, որ այս անգամ այն ավելի կարճատեւ կլինի, ինչպես կառավարությունների գործողությունների, այնպես էլ մասնավոր հատվածի գործողությունների պատճառով: «Անհամեմատ շատ տեղեկատվություն է մատչելի մարդկանց անհամեմատ շատ խմբերի ամբողջ աշխարհում, նրանցից միլիոնավորները փոխգործակցում են՝ փորձելով հասկանալ ճգնաժամը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել (տնտեսության) վերականգնման համար»,- ասել է նա:

Համաշխարհային բանկի նախագահի խոսքով՝ ինքը ստույգ գնահատում չունի, թե համաշխարհային տնտեսությունը երբ կվերադառնա մինչճգնաժամային մակարդակին: «Հատկապես զարգացող երկրների դեպքում դա երկար տարիներ կզբաղեցնի»,- ընդգծել Է նա: Ըստ որում, ՀԲ-ի նախագահի կարծիքով՝ զարգացած տնտեսությամբ երկրները կվերականգնվեն ավելի արագ:

 




Լրահոս