Մարտարվեստների մարզիչ, դերասան Էրիկ Օհանյանը սեպտեմբերի 29-ից, որպես պահեստազորային սպա, կամավոր առաջնագծում էր, իսկ, ահա, հոկտեմբերի 4-ին վիրավորում է ստացել: Դերասանին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Էրիկը:
Էրիկի Օհանյանի խոսքով՝ նա վիրավորվել է հոկտեմբերի 4-ին, ստացել է դիմածնոտային, բեկորային վնասվածք, ինչպես նաեւ տարել է կանտուզիա. «Շատ շնորհակալ եմ մեր բժիշկներին, որ կարողանում են պրոֆեսիոնալ ձեւով օգնել բոլոր վիրավորներին, քանի որ նրանք էլ առաջնագծում զինվորի պես կռվում են»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ առաջին բուժօգնությունն իրեն ցուցաբերել են Մարտակերտում, ապա տեղփոխել են Խոջալու, այնտեղ հիմնական բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են Երեւան, որտեղ անմիջապես ենթարկվել է վիրահատության:
«Խոջալուում թեեւ պայմանները դժվար էին, պադվալային հրակը դարձրել էին հոսպիտալ, բայց մեր բժիշկները պայքարում էին, իսկ իմ վիճակն էլ գնալով ծանրանում էր, եւ երեք օր Խոջալուում մնալուց հետո տեղփոխվեցի Երեւան: Վնասվել էր դեմքիս ներվը, բեկորը չեն հանել, քանի որ այն բավականին խորն է եղել: Երեկ դուրս եմ գրվել հիվանդանոցից, քանի որ մտածում եմ, որ հիվանդանոցում իմ տեղը կարող է ուրիշ զինվոր պառկել, իսկ մնացյալ բուժօգնությունը կշարունակեմ տանից ստանալ»,-նշում է նա եւ հավելում, որ շատ ուրախ է, որ նրա տեղը զինվոր չի վիրավորվել:
Իսկ առաջնագծում կռվող մեր զինվորիների մաղթում է մնալ այնպիսին, ինչպիսին, որ կան. «Փառք Աստծու, մեր երեխաները ուժեղ, դուխով արծվի ձագեր են՝ թե՛ զինվորները, թե՛ կամավորները: Բոլորը միասնական հոգով եւ սրտով մեր հողն են պահում, պաշտպանում, որպեսզի Արցախը մի թիզ հող չհանձնի թշնամուն: Այսօրվա մեր սերունդը շատ հոգով ու հայրենասեր սերունդ է: Նրանք ապացուցում են, որ մեզ կոտրել հնարավոր չէ»,-ընդգծում է նա:
Էրիկը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ մամուլում հրապարակված այն լուրերին, թե, իբր, նա վիրավորվելուց հետո կրկին վերադարձել է առաջնագիծ:
«Դրանք բոլորը սուտ, շինծու լուրեր են, որ անգամ այս օերին լայք հավաքելու համար մարդիկ նման բաներ են անում: Ես այս պահին գտնվում եմ տանը ապաքինման փուլում»,-հավելում է դերասանը եւ նկատում, որ եթե Թուրքիայի աջակցությունը չլիներ Ադրբեջանին, ապա մենք վաղուց հասել էինք Բաքու:
Հիշեցնենք, որ Արցախի առաջնագծի նկատմամբ հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ձեռնարկած ոտնձգությունների ձախողման արդյունքում ադրբեջանական զինուժն ունի մարդկային ուժի եւ զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն՝ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսեւորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արեւելյան եւ հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի եւ զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԻՄԵԼ ԵՆ ԿՈՉՈՎ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին: Նա հայտնել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացնելու է 1 միլիոն դոլար:
Համահայկական դրամահավաքին միանալու կոչով իրենց լսարաններին դիմել են նաեւ Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները: Քույրերն իրենց լսարանին կոչ են արել մասնակցել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
«Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը ուղղակիորեն կօգնի տուժածներին սննդի, կացարանի եւ բժշկական օգնության հարցում: «Միացե՛ք ինձ՝ աջակցելու հիմնադրամին՝ լինի դա իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլար նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»,- նշել է Քորթնին:
Իր հերթին Քլոեն կոչով գրել է. «Սա շատ դժվար ժամանակաշրջան է Հայաստանի եւ Արցախի համար: Ես այսօր այստեղ եմ՝ ձայնս բարձրացնելու, որպեսզի մարդիկ սնունդ, ապաստան եւ բժշկական օգնություն ստանան: Հիմնադրամն աշխատում է անմիջապես նրանց հետ, ովքեր տուժել են այս ճգնաժամից: Որպես մայրիկ՝ ինձ համար հատկապես կարեւոր է մտածել երեխաների մասին, ինչ են նրանք զգում եւ տեսնում հիմա: Իմ մտքերն ու աղոթքները երեխաների եւ նրանց ընտանիքների համարձակ տղամարդկանց եւ կանանց մասին են: Միացե՛ք ինձ՝ աջակցելու հիմնադրամին՝ լինի դա սոցիալական իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլար նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»:
«ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԵՐԺԱՑՈՒՄՆ Է, ՄԻ՛ ԼՌԵՔ». ՋՈՆ ԴՈԼՄԱՅԱՆ
Ամերիկահայ թմբկահար Ջոն Դոլմայանն «Ինստագրամի» իր էջում ատիվ հրապարակումներ է անում` միջազգային հանրությանը ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը: Վերջին հրապարակման մեջ Ջոնը տեղադրել է Արցախի դրոշն ու կոչ արել միջոցներ նվիրաբերել Համահայկական հիմնադրամին:
««Torpedo Comics»-ը Հայաստանի հետ է: Հոկտեմբերի 12-ից մենք հասանելի կդարձենք առեղծվածային տուփը, որի գլխավոր մրցանակների գինը գերազանցում է 20 հազար դոլարը: Մենք միեւնույն ժամանակ կվաճառենք մեր արվեստի առաջատար նկարիչների կողմից նվիրաբերված նկարներ: Ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակումներից Հայաստանը պաշտապանելու համար, որոնք խոստացել են ավարտին հասցնել իրենց նախնիների գործը` հայերի ցեղասպանությունը: Ադրբեջանի ագրեսիան միջազգայնորեն դատապարտվել է, բայց 120 մլն ադրբեջանցիներն ու թուրքերը կենտրոնացել են 3 մլն բնակչությամբ ցեղասպանություն վերապրած հայերի վրա:
Մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, լռությունը ցեղասպանության հավերժացումն է, մի՛ լռեք»,-գրել է նա:
ՎԵՆԳԵՐԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆուտբոլի զարգացման գծով ՖԻՖԱ-ի պատասխանատու Արսեն Վենգերը չի բացառել, որ ապագայում կանայք ու տղամարդիկ կարող են միասին մասնակցել ֆուտբոլային հանդիպումների: «Այժմ մենք առանձնացրել ենք կանանց ու տղամարդկանց առաջնությունները, քանի որ կանայք ֆիզիկապես ավելի թույլ են, քան տղամարդիկ: Այժմ կանայք եւս իրենց ֆիզիկական տվյալներով կարողանում են հասնել տղամարդկանց համար սահմանված նորմատիվներին: Չեմ բացառում, որ ապագայում տղամարդիկ ու կանայք կարող են միասին հանդես գալ»,-ասել է Վենգերը:
ԽՈՍԵԼ Է
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: «Այո՛, ես ցանկանում էի, որ Դեպայը տեղափոխվի «Բարսելոնա», սակայն բանակցություններում չհաջողվեց համաձայնության հասնել: Իմ ցուցակում էր նաեւ Վեյնալդումը, սակայն այդ տեղափոխությունը եւս ձախողվեց»,-Կումանի խոսքը փոխանցում է NOS-ը: Ավելի վաղ Դեպայի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին էր խոսել նաեւ «Լիոնի» նախագահը՝ նշելով, որ «Բարսելոնան» ճիշտ չվարվեց Դեպայի հետ եւ հրաժարվեց նրա տեղափոխությունից:
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է մարզական կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»,-տեղեկացնում է Calciomercato-ն: Ռոնալդ Կումանը հույսեր չի կապում 23-ամյա հարձակվողի հետ եւ ցանկանում է նրա փոխարեն թիմում տեսնել «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկիին: Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Դեմբելեն Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում հանդես է գալիս 2017 թվականից:
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽԱՂԱԼ ՄԻԼԱՆՈՒՄ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար ավագ Կառլես Պույոլը հայտարարել է, որ իր կարիերայի ընթացքում ցանկացել է խաղալ «Միլանում»: «Ես հպարտ էի, որ հանդես էի գալիս «Բարսելոնայում»: Ես ակումբի առաջատարներից էի եւ ինձ հրաշալի էի զգում թիմում, սակայն կային պահեր, երբ ես ցանկանում էի տեղափոխվել «Միլան» ու խաղալ Մալդինիի կողքին»,-ասել է Պույոլը: 42-ամյա Կառլես Պույոլը «Բարսելոնայի» կազմում նվաճել է 21 տիտղոս: Նա կատալոնական թիմում հանդես է եկել 1995-2014թթ.: