Ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում Բաքվին, քան կանխատեսելի զարգացումները նախապես Հայաստանին վերագրելը. ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն անհեթեթություն է համարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում:

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են․

«Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: Նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության ենթակա չեն, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածք արդյունաբերական ծավալներով ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների, ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և նրանց սպասարկուների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին: Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի թիրախավորում Ադրբեջանի խաղաղ բնակչությանն՝ ի տարբերություն մեր հակառակորդների, որոնք ժամեր առաջ ռազմական ձախողումների քենը պարպեցին անզեն հայ ռազմագերիների վրա: Համոզված ենք, որ ահաբեկչական այդ գործողությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող ահաբեկչական ակտերը, այդ թվում՝ խաղաղ բնակչության, երեխաների, հոսպիտալի թիրախավորումը, քաղաքացիական օբյեկտների և անգամ՝ եկեղեցու ուղղությամբ հարվածները, խստագույն միջազգային գնահատականի կարժանանան: Հայաստանը միջազգային հարաբերությունների պատասխանատու մասնակից է, Հայաստանի հատուկ ծառայությունները այսօր պարտադրված են պայքարել հանուն միջազգային ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի, հանուն խաղաղության և մեր քաղաքացիների անվտանգության»




Լրահոս