Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև: Բանաձևում մասնավորապես ասված է.
«Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը.
- հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է,
- արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռանային Ղարաբաղը,
- գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ. կնքված զինադադարից հետո,
- արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի, ներգրավմամբ աճող բարդությունները,
- գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով,
- փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելով ուժերը դուրս գան վիճելի տարածքից,
- գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության,
Կոչ է անում կառավարությանը` հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության, աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»,- ասված է բանաձևում: