Միջազգային հանրությունն ակտիվորեն սկսել է արձագանքել Արցախում կատարվող իրադարձություններին եւ տարատեսակ բանաձևեր ընդունել:
Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին տեղեկացրել է քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն:
Քաղաքային խորհրդում Արցախի անկախության ճանաչման հրատապ միջնորդությունն ընդունվել է միաձայն: Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Ճանաչումը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության հաստատմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»,-ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ:
Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև: «Կոչ ենք անում կառավարությանը՝ հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության, աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»,- ասված է բանաձևում:
Երեկ նաև Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեԼ է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև: Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություներն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը: Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում